ԿարևորՎերլուծական

Ալիեւան Ալիեւի փոխարե՞ն. ճգնաժամ՝ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում

Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի` «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհուրդը նախօրեին Բաքվում կայացած դռնփակ նիստում որոշեց հանդես գալ երկրի խորհրդարանը` Միլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ:

Իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, գալիք երկուշաբթի օրը քննարկելու է ինքնալուծարվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով նախագահ Իլհամ Ալիևին դիմելու առաջարկը:

Երեկ «Ենի Ադրբեջանը» հայտարարեց, որ երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրագործելու համար հարկավոր է ընտրել նոր խորհրդարան, որը կսատարի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությանը: Ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ քաղաքական բոլոր որոշումները կայացվում են միանձնյա, ինքնալուծարվում։   

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ  իշխանական բուրգում կառավարման փոխատեղում է կատարվելու մեկ պարզ պատճառով․ «Փորձ է կատարվում Միլի Մեջլիսը լուծարելու միջոցով հավաքագրել իշխանության նոր դեմքեր եւ իշխանության բերել երկրի առաջին փոխնախագահին՝ Մեհրիբան Ալիեւային, նրան կարգել Ադրբեջանի նախագահ։ Պարզապես Ալիեւը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ հասկացել է, որ երկրում փոփոխություն պետք է կազմակերպել՝ հեռանալով նախագահի պաշտոնից հին դեմքերի հետ միասին, այլապես երկրում տեղի է ունենալու իրական  իշխանափոխություն եւ ղեկավարման են գալու այլ մարդիկ»,- ասում է Հովհաննիսյանը։

Ադրբեջանական խորհրդարանի լուծարումն ընդդիմության կողմից տարբեր արձագանքների է արժանացել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը խորհրդարանի լուծարումը պատմական է գնահատել եւ՛ ընդդիմության, եւ՛ ժողովրդի համար։ Նա կոչ է արել ընդդիմադիրներին անպայման մասնակցել ընտրություններին։  Իսկ ահա, Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլին չի կիսում իշխանությունների հիմնավորումը, որ խորհրդարանի լուծարումը բարեփոխումների շրջանակում է, եւ նշել է, որ նրանց հակաարեւմտյան հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ոչ մի բարեփոխում էլ երկրում տեղի չի ունենա։ Քերիմլին հայտարարել է, որ իր կուսակցությունը չի մասնակցի բեմականացմանը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ ընդդիմության համար կանխատեսելի էր նման զարգացումը, քանի որ մինչ այդ Ադրբեջանի ընդդիմությունը փորձում էր միախմբվել՝ կայացած քննարկումների միջոցով։ Հովհաննիսյանի կարծիքով, այս փուլում Ալիեւը դիմում է իշխանությունը պահելու քաղաքական հնարքի։

«Ալիեւը ինքն ամենշատն է քննադատությամբ զբաղվում, ընդդիմադիրներից ավելի խիստ։ Նա սոցիալ- տնտեսական թիրախային ինքնաքննադատությամբ է զբաղվում՝ հարվածի տակ դնելով իր աշխատակազմին։ Ալիեւը փորձում է համոզել եւ սիրաշահել ադրբեջանցիներին` ասելով, որ եթե ուղղեն այս սխալները` կատարելով այս կամ այն փոփոխությունները, կունենան նախընտրելի երկիրը։ Ալիեւը կարելի է ասել, որ լողալու տեղ չի թողնում ընդդիմությանը»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նույնպես կարծում է, որ նման զարգացումների սցենար կանխատեսելի էր, բայց ոչ՝ իրատեսական։  Ադրբեջանագետը քաղաքական սերնդափոխություն է նույնպես կանխատեսում է , բայց ոչ՝ խնդիրների խորքային լուծում։

«Փաստացի ընդդիմությունը ժամանակ չի ունենա ընտրություններին նորմալ պատրաստվելու համար։ Քանի որ շուտով Ադրեբաջանում ՏԻՄ ընտրություններ են, իսկ արտահերթը կլինի՝ գարնանը, որը նախատեսված էր աշնանը։ Իշխանության նոր քաղաքականությունը սկսվեց ձեւավորվել, երբ փոխվեց երկրի սահմանադրությունը, նոր փոխնախագահի պաշտոն ստեղծվեց եւ նշանակվեց Մեհրիբան Ալիեւան՝ գրավելով քաղաքական դաշտը»,– ասում է Էլիբեգովան։

Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ըստ հայ վերլուծաբաններ,  չի կարող ազդել ՀՀ–ի հետ հարաբերությունների, առավել եւս` Արցախի հիմնահարցի լուծման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close