ԿարևորՀասարակություն

Սև ուրբա՞թ, թե՞ խաբեություն

«Սև ուրբաթը»  նախածննդյան տոնական զեղչերի շրջանն է Միացյալ Նահանգներում ու գրեթե ամբողջ աշխարհում: Զեղչերի սեզոնը շարունակվում է մոտ մեկ ամիս, բայց նվազագույն գների ու լավ առաջարկների պիկը հենց «սև ուրբաթին» է ընկնում:

Այս օրերին սովորաբար խանութները փոխում են նաև իրենց գրաֆիկը, աշխատում են ավելի երկար, ամենաքիչը, մինչև կեսգիշեր: Խանութների մոտ, սովորաբար, երկար հերթեր են գոյանում:  «Սև ուրբաթը» վերաբերում է նաև օնլայն խանութներին:

Աշխարհի տարբեր անկյուններում մեկնարկում է սպառողների ու վաճառողների ամենասիրելի տոնը՝ Սև ուրբաթը։ Սև ուրբաթի արմատները Ամերիկայից են, որտեղ այն վերածվել է ազգային խրախճանքի։ Ամերիկացիները Սուրբ Ծնունդից և Ամանորից առաջ սկսում են պատրաստվել՝ գնելով նվերներ իրենց, ընկերների ու հարազատների համար, իսկ խանութներն էլ առաջարկում են չլսված ցածր գներ, որտեղ զեղչերը կարող են հասնել մինչև 90 տոկոսի։

«Սպառողների ազգային ասոցիացիայի»  նախագահ Մելիտա Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ Սև ուրբաթի զեղչերի պատճառով նույնիսկ քաշքշուկներ են առաջանում։

 «Սև ուրբաթ»–ը արդեն մի քանի տարի է ներխխուժել է նաև հայկական շուկա։ Սակայն ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը բազմաթիվ սպառողներ ահազանգում են խաբեության և զեղչերի փոխարեն թանկացումների մասին։ Ըստ Մելիտա Հակոբյանի՝  Հայաստանի Սև ուրբաթը մեծամասամբ չի համապատասխանում պահանջներին։ Թեև բարեխիղճ տնտեսվարողներ ևս կան շուկայում։

«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել որոշ խանութներում և պարզել ենք, որ գները համապատասխանում են իրականությանը»,– ասում է Հակոբյանը։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ Հայաստանում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա։  Տնտեսվարողը տարբեր մեխանիզմներով կարող է մոլորեցնել սպառողին ու պատասխանատվության չենթարկվել։  Թե ի վերջո որ կառույցը պետք է վերահսկի այս ոլորտը, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ ուսումնասիրություններն ամբողջ տարվա կտրվածքով են կատարում և կոնկրետ «Սև ուրբաթի»  վրա չեն կենտրոնանում, հետևբար չեն կարող պատասպանել, թե այդ օրերին որքանով են խախտվում սպառողների իրավունքները։

Դիմեցինք նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ Այստեղից ևս հայտնեցին, որ Սև ուրբաթի շրջանակներում ոսումնասիրությւոն չի իրականացվում, թեև անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիարկել ցանկացած մասնավոր բողոք։ Ըստ այդմ կառույցը քաղաքացիներին հորդորում է խախտում նկատելու դեպքում անպայման դիմել իրենց։

Ցուցադրել ավելի
Back to top button