Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը


Այսօր Ռուսաստանի Դաշնությունում, դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքի էջից հայտնում են, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։
Այլ մանրամասներ ճշտվում են։
Տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։
Կարապետյանը ոստիկանության համակարգում է եղել 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով: