ԿարևորՀասարակություն

Ջեռուցում․ ձմռան ամենամեծ հոգսը

Եվս երկու օր և արդեն ձմեռ է, չնայած հանրապետության բազմաթիվ մարզերում ու համայնքերում ձմեռն արդեն վաղուց իրեն զգացնել է տվել։  Ինչպես են մարզերի մեր հայրենակիցները լուծում ձմռան թերևս ամենածանր՝ ջեռուցման խնդիրը։ 

Եթե հանրապետության հարավային շրջաններում դեռ մտածում են առաջիկա ձմռան մասին, ապա հյուսիսային շրջաններում, ինչպես ասում են,  ձմեռն արդեն իր իրավունքների մեջ է մտել։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձյունն ավանդաբար ավելի շուտ է գալիս, ձմեռն էլ սովորականից երկար է տևում, բայց այս տարի ախուրյանցիների հանդեպ  եղանակն ավելի բարեհաճ է գտնվել։  Համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասում է, որ առաջին ձյունն Ախուրյանում  երեկ է եկել։ Ձյունը երեկ է եկել, բայց տեղացիները բնակարանները ջեռուցում են վաղուց։

Ինչով են ախուրյանցիները ջեռուցում բնակարանները,  համայնքապետը պարզաբանում է․ «Համայնքի ութ բնակավայրերից չորսը, այդ թվում՝ Ախուրյանը, գազիֆիկացված են, բայց բնակարանները հիմնականում ջեռուցում են փայտով, աթարով, էլեկտրաէներգիայով։ Նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի քիչ է վառելափայտը, ով պահեստավորել է նախկինում, օգտագործում է»։

«Հարևան Ամասիայում և Աշոցքում ձմեռն ավելի խիստ ու երկար է, իսկ դա նշանակում է, որ տավա այս եղանակը նրանց վրա շատ ավելի թանկ է նստում»,-ասում է Ախուրյանի համայնքապետը։ Ձմեռը թանկ է նստում նաև  Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի բնակիչների վրա, բարձր լեռնային այս շրջանում ձմեռը շուրջ յոթ ամիս է տևում, բայց  ինչպես ասում է համայնքապետի տեղակալ  Արթուր Գրիգորյանը,  թանկ ձմռանը դիմագրավելու ձևն այստեղ վաղուց գտել են։

«Ընդհանուր առմամբ համայնքը գազիֆիկացված է, սուբվենցիոն ծրագրով այս տաի գազիֆիկացվեց ևս երեք համայնք։ Հուսով ենք, որ բնակիչները կօգտվեն գազից։ Ընդամենը երեք բնակավայրում գազ չկա,  բայց պետք է ասեմ, որ հիմնականում վառում են փայտ, աթար, ոմանք՝ էլեկտրաէներգիա»։

Անասնապահական շրջան է, աթարի պակաս չկա։ Դրա համար էլ մարդկանց հիմնական հույսը աթարի վրա է, ասում է Գրիգորյանը։ Տեղափոխվում ենք Տավուշ, Իջևան համայնք։ Ինչպես են այստեղ մարդիկ լուծում ձմռան ջեռուցման խնդիրը։ Համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանը շտապում է տեղեկացնել․

«Փայտի հետ կապված խնդիր չկա։ Անտառտնտեսությունը 8 կուբամետր անվճար վառելափայտը տրամադրում է սեփական տներում ապրող բնակչությանը։ Խոսքը վերաբերում է թափոններին։  Փայտ կտրելը ընդհանրապես արգելվում է։ Շենքերում ապրողները բնակարանը ջեռուցում են գազով»։

Գյուղական բնակավայրերում, ըստ համայնքապետի, պատկերը հետևյալն է՝ ով հնարավորություն ունի, բնակարանը ջեռուցում է գազով, ով՝ ոչ, վառելափայտով։ Իջևանի տարածաշրջանում աթար գրեթե չեն օգտագործում։ Հանրապետության մի շարք շրջաններում արդեն բավականին հայտնի դարձած բրիկետները ևս այստեղ  հազվադեպ են օգտագործում։

«Բրիկետն ավելի թանկ է, դրա համար էլ մարդիկ չեն օգտագործում»։

Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքում բազմաթիվ տներում այսօր գազի կաթսաներ են տեղադրված, ոմանք բնակարանը փայտով են ջեռուցում։ Համայնքը հիմնականում գազիֆիկացված է,  բայց, ինչպես ասում է համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը,  գազի բարիքներից քչերն են օգտվում։

«Սեփական տների 70-80 տոկսը գազիֆիկացված է, բայց տներում ցախի վառարան են դնում։ Ցախը ավելի տաք է։ Ճիշտը ցախի վառարանն է»։

Սյունիք մարզ, Գորայք համայնք։ Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն է բացահայտում տեղացիների ձմեռային ջեռուցման «գաղտնիքները»։

 «Գյուղական չորս բնակավայր ունենք, որտեղ մարդիկ աթարով են ջեռուցում բնակարանները։ Աթարը էժան է նստում»։

Համայնքապետի տվյալներով՝ Գորայքը հարյուր տոկոսով գազիֆիկացված է, բայց  99 տոկոսը  աթար է վառում։

Ցուցադրել ավելի
Back to top button