Շառլ Ազնավուրի պուրակ` Արմավիրում


Այսօր Արմավիր քաղաքմում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակը, որտեղ կառուցվել էր հուշարձան՝ մեծ շանսոնյեի կիսանդրով: Հուշարձանի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է, իսկ կիսանդրին քանդակել է Սևակ Նալբանդյանը:
Հուշարձանի բացմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ֆրանսիացի դիվանագետն ու քանդակագործն պարգևատրվել են Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:
Այսօր Արմավիրում զգացվում է Ազնավուրի շունչը, հնչում էին երգեր մեծ շանսոնյեի կատարմամբ, որ տարածվում էր քաղաքի կենտրոնում և հենց այստեղ՝ Շառլ Ազնավուրի անվան պուրակում արմավիրցիներն արդեն մշտապես կվայելեն Ազգային հերոսի ներկայությունը: Մեծ հայի կիսնադրու բացմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով բացման խոսքում մասնավորապես անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամությանն ու Շառլ Ազնավուրի թողած ժառանգությանը:


«Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի լավագույն ներկայացուցիչներից էր: Նա եղել է ֆրանսերեն լեզվի ամենամեծ դեսպաններից մեկն աշխարհում: Շատ կարևոր ուղերձ է, որ հայկական եղեռնը վերապրածների զավակը դարձել է աշխարհում ֆրանսերեն լեզվի դեսպանը: Մեր պարտքն է, որպեսզի մենք ապրեցնենք նրա ժառանգությունը, և կարծում եմ, որ այն պարտավորեցնող է, որպեսզի մենք ավելին անենք՝ ամրապնդելու մեր 2 երկրների միջև հարաբերությունները, շատ շնորհակալություն»:


Հայ-ֆրանսիական բարեկամությունն Արմավիրում արդեն տարիների պատմություն ունի՝ ի դեմս Ֆրանսիայի Ալո քաղաքի հետ, որի պատվին էլ անվանակոչվել է Արմավիր քաղաքի զբոսայիգին: Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման պատիվը վերապահվեց դեսպան Ժոնաթան Լաքոտին ու Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդայանին: Քանդակի հեղինակը արշալույսցի խաչքաչագործ Ռուբեն Նակլբանդյանի որդին է՝ Սևակ Նալբանդյանը, ով արժանացավ Արմավիրի քաղաքապետի պատվոգրին ու հուշամեդալին:
«Շառլին քանդակելը դժվար չէր, պարզապես շատ պարտավորեցնող էր: Քանդակելիս մեծ հպարտություն էի ապրում, քանի որ կերտում էի մի մարդու քանդակ, որը ոչ միայն հայ էր, այլ հայի սիմվոլն էրցանկացած երկրում, աշխարհի ցանկացած մասում»:
Պատվոգրով պարգևատրվեց նաև հուշաձանի ճարտարապետ Հայկ Ասատրյանը:
Հուշարձանի բացման օրհնության կարգը կատարեցին Արմավիրի թեմի հոգևորականները՝ առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ:
Արմավիր քաղաքում հուշարձաններ կառուցվել են Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Քաղաքային զբոսայգում ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցվել էր նաև խաչքար, իսկ վերջին տարիներին, ի նշան հայ-ռուսական բարեկամության, նաև՝ ռուս մարզիկի կիսանդրին: Արմավիրցիները կարևորում են մշակութային կառույցների առկայությունն Արմավիրում:
«Մենք հպարտանում ենք, որ Շառլ Ազնավուրը մեր հայրենակիցն է ու հայ է և Արմավիրում բացվում է նրա անվան պուրակը»:
«Փառք ու պատիվ մեր ազգին, մեր ժողովրդին, որ երբեք իր զավակին չի մոռանում»:


«Կարևորվում է, որ մարզը, քաղաքը շնչում է մշակութային, ամենակարևորը երեխաների մշակութային դաստիարակությունն է, որ դպրոցներից վերցնելով պատմությունը, շարունակելու են պահպանել»:
«Շատ հաճելի երևույթ է, մեր քաղաքում նման բան կա արդեն: Երեխաները, ավելի փոքրերը տեսնում են, ճանաչում են»:
Ռադիոլուրի հարցադրմանը՝ ում կիսանդրին կամ արձաբնը կուզեին տեսնել հաջորդիվ, քաղաքացիները տարբեր պատասխան հնչեցրի՝ Կոմիտասի, Առնո Բաբջանյանի, կենդանության օրոք նաև Տիգրան Մանսուրյանի:
Արմավիրում արձաններ դեռ կբացվեն՝ խոստացավ Արմավիրի քաղաքապետը, բայց փակագծերը չբացեց և խոսեց առաջիկա մշակութային միջոցառումների մասին:
«Ամեն տարի մենք փորձելու ենք նոր պուրակներ ունենալ քաղաքում: Ամեն տարի փորձելու ենք նոր քանդակներ, նոր հուշարձաններ տեղադրել քաղաքում: Մյուս տարի մայիս-հունիս ամիսներին, գուցե քաղաքի տոնին, մոտ 1 շաբաթ տևողությամբ սիմպոզիում կարվի, քանդակագործության բաց դաս, բաց ցուցադրություն: Այդ օրերին ստեղծված քանդակները քանդակագործի և իր խմբի կողմից, որպես նվեր կթողնեն Արմավիրում: Դրանով մեր քաղաքում մշակութային բացը կլրացվի»:
Շառլ Ազնավուրի պուրակի կառուցումն իրկանացվել է համայնքային բյուջեի հաշվին, բարեկարգման մի մասն էլ հովանավորել են քաղաքացիները: