ԿարևորՀասարակություն

Ներդրում հայրենիքում՝ պարտավորության զգացումով

«Ռադիոլուրը» եղել է Վարսեր համայնքում, որտեղ  ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։  Կառուցվում են անասնագոմեր մանր ու խոշոր եղջերավոր  անասունների համար։ Երեք անասնագոմերը  5800 քմ տարածք  են զբաղեցնում։ Ներդրումային ծրագիրն իրականացնում են  Անդրանիկ և Գարիկ Նավասարդյան եղբայրները։

Ավելի քան 20 տարի ապրելով ՌԴ–ում՝  եղբայրներն այս տարի որոշել են վերադառնալ հայրենի գյուղ ու այստեղ զարգացնել տոհմային անասնաբուծությունը։ Վերադառնալու որոշումը կայացրել են  հեղափոխությունից հետո՝ «Ռադիոլուրին»  ասում  է  Անդրանիկ Նավասարդյանը։

«20 տարվա իմ երազանքն է եղել վերադառնալ հայրենիք։ Երբ հեղափոխությունը  եղավ, որոշեցինք վերադառնալ ծննդավայր  ու հիմնել տոհմային անասունների տնտեսությունը, որը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։ Հին քաղաքականությունը, որը վարվում էր հին  Հայաստանում, բիզնեսի համար նպաստավոր չէր, դրա համար էլ որոշեցինք   հիմա վերադառնալ»,–ասում է Անդրանիկ Նավասարդյանը։ 

Եղբայրները հավաստիացնում են, որ մի քանի տարի հետո իրենց ֆերման լինելու է  տարածաշրջանում ամենամեծերից մեկը: Մեր այցելության պահին անասնագոմերից երկուսի շինարարությունն  ավարտին մոտ էր։  Մինչև տարեվերջ  նախատեսում են ներմուծել  գերմանական «դորպեռ»  ցեղատեսակի  250 գլուխ ոչխար, գարնանը սպասում են   կաթնատու «ֆրիսկի» ցեղատեսակի ոչխարների ավելի մեծ խմբաքանակի։ Անդրանիկ Նավասարդյանը կարևորում է, որ իրենց  աշխատանքը հիմնված է օրգանիկ սնունդ արտադրելու նպատակի վրա:

Եղբայրներն ասում են՝ ունենալու են մշակովի հողեր, որտեղ աճեցված բազուկը, գազարն ու կարտոֆիլը ապահովելու են կենդանիների վիտամինային պաշարը։ Պատասխանելով հարցին, թե այս պահին որքան գումար են ներդրել, Անդրանիկը թիվ չի հրապարակում,  բայց նշում  է  հետևայլը․

«Եթե խոսքը գումարի չափի կամ ներդրողի գաղափարի մասին է, թող զարմանալի չթվա, ես ինձ ներդրող չեմ համարում, քանի որ հայրենիքում պարտավորվածության ու պարտականության գաղափարը ավելի հոգեհարազատ  է, քան ներդրողի։ Եթե մտքում միայն  թվերը լինեն, ապա ոչ մի արդյունք չենք ունենա, քանի որ թվային արդյունք մենք կարող էիք ստանալ նաև դրսում։  Հետևաբար,  ինձ ավելի հոգեհարազատ է պարտավորվածության գաղափարը։  Ոզում ենք մասնակցել մեր հայրենիքի շինարարությանը»։

Անասնագոմերից հինգ հարյուր մետր հեռավորության վրա եղբայրները գյուղական տուրիզմը զարգացնելու հեռանկարով նախատեսում են կառուցել հյուրատուն, որտեղ տուրիստներն անձամբ  կարող են մասնակից դառնալ մթերքի ստացման ու պատրաստման գործընթացին:  

«Կարող եմ ասել, որ մեր  գյուղատնտեսությունը զրոյական վիճակում է, դաշտն ազատ է, ու պետք է այնպես անենք, որ տոհմային անասնաբուծությունը զարգանա։ Մթերքն էլ իրացնելու ենք Հայաստանում՝ կաթ, ձու, պանիր, միս ․․․»։

Սկզբնական շրջանում նախատեսում են ունենալ 15 աշխատող, միջին աշխատավարձը՝ 220 հազար դրամ։ Հետագայում, երբ 3 գոմերն էլ պատրաստ կլինեն, աշխատողների քանակը կհասնի 200–ի։ Անդրանիկին հարցնում եմ՝ արդյո՞ք որևէ խնդրի բախվել են  այս ընթացքում ՝ հողատարածքներ ձեռք բերելու կամ  փաստաթղթային հարցերում։ Տալիս է դիվանագիտական պատասխան.

«Խնդիրներ կան, բայց այստեղ կա մեկ այլ գաղափար․ եթե մենք հայրենիքում հիասթափվենք ու չպայքարենք բոլոր երևույթների դեմ, դա նշանակում է , որ իզուր ենք եկել հայրենիք։ Որ գանք, այստեղ նեղանանք, խռովենք, ասենք՝  վայ,  էս ինչ վատ երկիր էր, փող չենք կարողանում աշխատել  ու նմանատիպ այլ  բաներ,  որևէ արդյունքի չենք հասնի»։

Յուրաքանչյուր  հայ,  որ գալիս է հայրենիք,  ոչ թե ներդրողի, այլ  իր երկրի նկատմամբ պարտականություն ունեցողի  գաղափարով  պետք է առաջնորդվի՝ ասում է Անդրանիկը։

Ցուցադրել ավելի
Back to top button