ԿարևորՄիջազգային

Պուտին-Էրդողան մերձեցումը հիշեցնո՞ւմ է մեկդարյա վաղեմության իրադարձությունները

Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականությունը լրջագույն խնդիրներ է հարուցել այդ երկրի և նրա արևմտյան դաշնակիցների միջև։ Նախ՝ Անկարան իրականացրեց «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի տարածքում, հիմա էլ հրաժարվում է աջակցել մերձբալթյան երկներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին:

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

ՆԱՏՕ–ի համար Թուրքիայի գործելակերպի  խնդրահարույց լինելու մասին  վերջերս բարձրաձայնեց Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը։ Նա  շաբաթներ առաջ «Еconomist»  պարբերականի էջերից նախազգուշացրեց եվրոպական երկրներին, որ ՆԱՏՕ-ն «մահանում է» և, մատնանշելով անվստահության մթնոլորտը դաշինքում, այն մեծապես պայմանավորեց Անկարայի գործելաոճով։

Վստահության ճգնաժամը ՆԱՏՕ–ում  էլ ավելի խորացավ, երբ օրերս լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն, ըստ որի թուրքական իշխանությունները հրաժարվում են աջակցել մերձբալթյան երկրներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքն իր աջակցությունը չի հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ տարվող ռազմական գործողություններին: Առկա տվյալների համաձայն՝ Անկարան հանձնարարել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում դաշինքը պարտավորվում է օգնություն ցուցաբերել Լեհաստանին, Էստոնիային, Լիտվային և Լատվիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում։ Ծրագրին համաձայնություն չտալու Թուրքիայի քայլը կարող է զգալիորեն դանդաղեցնել դրա ընդունման ընթացքը:

ՆԱՏՕ-ի գլխաոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր, արձագանքելով Թուրքիայի այս քայլին, հայտարարել է, որ իրենց դաշինքը բավարար կամք ու հնարավորություններ ունի, որպեսզի պաշտպանի դաշինքի անդամ բոլոր պետություններին։ «Մենք ոչ միայն ծրագրեր ունենք, այլև ունենք կամք ու հնարավորություններ՝ պաշտպանելու մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Ստոլտենբերգը՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայում ցանկություն չունի խորապես ներկայացնելու «ՆԱՏՕ-ի ներքին քննարկումները»:

Հյուսիսատլանտյան դաշինքում վստահության ճգնաժամը խորանում է նաև Անկարա-Մոսկվա հարաբերություններում  նկատվող ջերմացման ֆոնին։ Չնայած դաշինքում իր գործընկերների անհամաձայնությանն ու նախազգուշացումներին՝ ՆԱՏՕ–ի անդամ երկիրը  կյանքի կոչեց ռուսական սպառազինությունը ձեռք բերելու իր ծրագիրը, և աժմ անցել է դրանց փորձարկման փուկին։

Փորձագիտական շրջանակներում հակված են կարծելու, որ ռուս–թուրքական այս մերձեցումը ավելի շատ պայմանավորված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների անձնական շահերով։ Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը համոզված է, որ Թուրքիայի պետական  շահերից էր բխում գնել ամերիկյան «Փեթրիոթ» համակարգերը և ոչ թե ռուսական С 400-ները և չընկնել  նման պատմության մեջ։ Բայց Էրդողանի անձնական շահը պահանջում էր, որ գնվեն ռուսական արտադրության С 400- ներ։ «Էրդողանը այդ համակարգերը գնել է, որ հնարավոր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ՝ 2023–ին Թուրքիայի հանրապետության 100 ամյակին և սպասվող ընտրություններին ընդառաջ, որպեսզի պաշտպանի իր նախագահական նստավայրը, այսպես ասենք, դավադիրների ավիացիայից, իսկ այդ ավիացիան այս պահին ամերիկյան արտադրության F 16 կործանիչներն են», — նշում է թուրքագետը։

Կարծես թե ռուս–թուրքական մերձեցումից Մոսկվայի ակնկալիքը նույնպես ակնհայտ է․ Թուրքիան վերածվել է ՆԱՏՕ–ի ամենախնդրահարույց անդամի և դարձել ամենահարմար թեկնածուն դաշինքի կազմաքանդման գործընթացը սկսելու համար։  

Տարածաշրջանային այս երկու առնվազն մրցակից պետությունների մերձեցումը վտանգներ կարող է պարունակել Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Անկարան ակնհայտորեն  չի  կաշկանդվում իր գործողություններում։

«Սա չափազանց լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։ Նկատի ունեմ,  որ այսպիսի ջերմացման պայմաններում Պուտինն է վերահսկում հայ–թուրքական սահմանը»,- նշում է փորձագետը։

Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ Անկարայի հավակնությունները հաշվի առնելով՝  Սիրիայից հետո Էրդողանը  կարող է հայացքն ուղղել դեպի Հարավային Կովկաս։ Հայ–թուրքական սահմանին կարող են լինել սադրանքներ։

«Օրինակ, քուրդ զինյալների ելումուտ կարող է լինել, և Թուրքան դա կարող է  օգտագործել՝  Հայաստանին մեղադրելու նրանց սատարելու մեջ։  Շատ հարցեր կան, ու կարող է կրկնվել Լենին – Քեմալ Աթաթուրք համագործակցությունը ։ Պուտին-Էրդողան մերձեցումը հիշեցնում է  այդ երկու անձանց համագործակցությունը և ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին»,- նախազգուշացնում է թուրքագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button