ԿարևորՀասարակություն

Հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ը 225 տարեկան է. գիտաժողով Հայաստանի ազգային գրադարանում

Այս տարի լրանում է «Ազդարար»-ի 225-ամյակը: Այս կարևոր հոբելյանի, ինչպես նաեւ 2019թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից «Ընտանիքի տարի» եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կողմից «Հայ մամուլի տարի» հռչակելու առթիվ այսօր Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում կկազմակերպվի երկօրյա գիտաժողով: Հայ մամուլին նվիրված զեկուցումներով հանդես կգան 40 գիտաշխատողներ՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր գիտակրթական եւ մշակութային հաստատություններից: Գիտաժողովում արված զեկուցումները հոդվածների տեսքով ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում:

1794 թվական, օգոստոսին Հարություն քահանա Շմավոնյանը ծանուցում է տարածում, որով Մադրասի բարեպաշտ պարոնանց եւ մաքրակենցաղ տիկնանց հայտնում է ամսագիր հրատարակելու իր որոշման մասին եւ ծանոթացնում բաժանորդագրության պայմաններին… Հոկտեմբերին արդեն լույս է տեսնում «Ազդարար»-ի անդրանիկ համարը:

Մինչև 1796 թվականի մարտ ամիսը հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։

«Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և անդրադառնում էր հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։
Հայերեն առաջին պարբերականի առաջին համարը պահվում է Հայաստանի ազգային գրադարանում եւ ցուցադրվում The Museum of Printing / Գրատպության թանգարանում:

Ցուցադրել ավելի
Back to top button