ԿարևորՀասարակություն

«Համահայկական» նվիրատվություն՝ համահայկական նպատակների համար

«Հայաստան»  համահայկական  հիմնադրամը մի քանի ժամից  կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝  «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո։

12-ժամյա համահայկական միջոցառման մեկնարկային քաղաքն այս տարի Լոս Անջելեսը չէ, փոխվել է նաեւ հիմնադրամի ռազմավարությունը։

Որտեղի՞ց կսկսվի ու որտե՞ղ կավարտվի «համահայկական» նվիրատվությունը։

Հետհաշվարկն արդեն սկսված է. չորս ժամից էլ քիչ մնաց, երբ կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո։

12-ժամյա ազգային նվիրատվության առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8-ը՝ կհեռարձակվի Լոս Անջելեսից։

Նվիրատվությունը Երեւանից սկսելն իր մեջ ուղերձ ունի, ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նախաձեռնությունն իմն է, որովհետեւ կարծում ենք՝  ժամանակն է, որ համայն հայությանը հղվող ուղերձները առաջին հերթին գնան Հայաստանից»,- ասում է Հայկակ Արշամյանը։

Գլխավոր գաղափարը մեկն է՝ սկիզբը լինի Հայաստանից, Արցախն էլ ներառյալ։

Փոխվել է ոչ միայն հեռուստամարաթոնի մեկնարկային քաղաքը, այլև՝  ռազմավարությունը։  Հիմնադրամը նպատակ ունի բարեգործական ծրագրերից անցնել զարգացման ծրագրերի։  Այսինքն,  եթե ճանապապարհ ենք կառուցում, ապա ճանապարհի շուրջը պետք է կյանք կառուցենք, եթե դպրոց ենք կառուցում, պետք է այդ դպրոցին բովանդակություն տանք՝ ասում է կառույցի ղեկավարը։

«Նոր ռազմավարությամբ միանգամից մի քանի հարց կարող ենք լուծել, դրանցից մեկը հիմնադրամի հաշվետվողականությունը բարձրացնելն է»,–ասում է Հայկակ Արշամյանը։

Նվիրատուի ցանկություններն ու «համահայկական» կարիքները փորձում են համատեղել․ սա ամենախրթին հարցերից է՝ ասում է Հայկակ Արշամյանը։ Այս տարի այդ համատեղման արդյունքում հավաքված միջոցները որոշել են ուղղել խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում ու Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։

Իսկ Արցախում համահայկական հիմնադրամի թողած հետքը ցանկացած բնակավայրում է։

«Դպրոց, մանկապարտեզ, համայնքային կառույց, արեւային էներգիայի պանելներ. արցախցին գիտի հիմնադրամի մասին, ոչ թե խոսքով, այլ գործով»,- նշում է գործադիր տնօրենը։

Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Հայկակ Արշակյանը վստահեցնում է, որ հիմնադրամը վստահության ճգնաժամը հաղթահարել է։ 

Այդ վստահության տեսանելի արդյունքը կերեւա մոտ 16 ժամ անց՝ հեռուստամարաթոնի ավարտին ամփոփոված  թվերի տեսքով։

Ցուցադրել ավելի
Back to top button