ԿարևորՀասարակություն

Ծառատունկ Աբովենց այգում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Աբովյանների տոհմական տան այգում տեղի է ունեցել աշնանային ծառատունկ՝ նվիրված 2019 թվականի հոբելյաններին։ Այս մասին տեղեկացնում է տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը:

Անվանական տնկիները տեղադրել են հոբելյարների ժառանգները, նշանավոր մտավորականներ, գրողներ, արվեստագետներ: Թանգարանի այգում տնկվել են՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Ակսել Բակունցի, Երվանդ Քոչարի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սերգեյ Փարաջանովի, Պարույր Սևակի, Շարլ Ազնավուրի, Սոս Սարգսյանի, Խաչատուր Աբովյանի և Ռուբեն Հովսեփյանի անվանական ծառերը։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհակալություն է հայտնել ծառատունկի մասնակիցներին այս նախաձեռնությանն արձագանքելու համար և նշել, որ այս քայլով սկիզբ է դրվում Աբովենց տունը կրկին մտավորականության հավաքատեղի դարձնելու նախաձեռնությանը։

Հաջորդ տարվանից Աբովենց այգում կկազմակերպվեն գրական ընթերցումներ, կգործի բացօթյա գրադարան և այցելուները կարող են իրենց հանգիստը անցկացնել Երևանի ամենահին տներից մեկի այգում՝ ընթերցելով հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունները։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի կողմից Խ. Աբովյանի տուն-թանգարանի գրադարանին հանձնվել են Համազգայինի հրատարակած գրքերը։ Ծառատունկի մասնակիցները խոստացել են պարբերաբար այցելել թանգարան, խնամել իրենց տնկած ծառերը։

Ցուցադրել ավելի
Back to top button