ԿարևորՀասարակություն

Աղբի տեսակավորումը՝ իրագործելի ցանկություն

Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը: Մեկնարկը տրվել է Երևանի վարչական երկու շրջաններում, բայց նպատակը բոլորում այս համակարգն ունենալն է։ Աղբի տեսակավորմամբ զբաղվող  հասարակական կազմակերպությունները կարծում են, որ աղբի տեսակավորումը  պետք է դարձնել կենցաղի մաս։ Ու սա ոչ թե ցանկություն է, այլ՝ իրագործելի ցանկություն:

Համագործակցելով մասնավոր ընկերությունների հետ «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը փորձում է Հայաստանում ներդնել աղբի տեսակավորման համակարգը։  ՀԿ անդամները մեծ սիրով և համբերատարությամբ քաղաքացիներին բացատրում են, թե որն է աղբ, որն է թափոն, ինչն է վերամշակվում, ինչը՝ ոչ։ Քաղաքացիները նույնպես սկսել են ավելի ուշադիր և պատասխանատու լինել աղբի տեսակավորման հարցում՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց «Էկո աղբ» հասարակական կազմակերպության անդամ Մարինե Օհանջանյանը։

Վերամշակումը մասնավոր ընկերություններն են  իրականացնում, որոնք էլ վերամշակված թափոններից տարատեսակ իրեր են պատրաստում։ Դրանք ևս մեծ կիրառում ունեն կենցաղում։

Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը նույնպես սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիր: «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրեն Արմեն Շեյխոյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ ծրագիրը սկսել են տնտեսվարող սուբյեկտներից, Դավթաշեն ու Աջափնյակ վարչական շրջաններում․

«Ամենայն հավանականությամբ հաջորդը կլինեն Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները։ Նպատակն այս  գործընթացում  հերթով բոլոր վարչական շրջանները ներառելն է»։

Այս փուլում, մասնավորապես,  նախատեսում են ստվարաթղթի տեղափոխման համար նոր մեքենաներ  առանձնացնել: Բնակիչների համար էլ քաղաքային իշխանությունը մտադիր է առանձին տեսակավորող աղբամաններ ունենալ: Աղբի տեսակավորմամբ զբաղվող կազմակերպությունները կարծում են, որ տեսակավորումը  պետք է դարձնել մեր կենցաղի մի մասը։ Վստահ են՝ դա արդեն ոչ միայն բարի ցանկություն է, այլև իրագործելի:  Միայն թե առանց քաղաքացիների աշխույժ մասնակցության քաղաքային իշխանությունների  ծրագրերը իմաստ չեն ունենա:

Ցուցադրել ավելի
Back to top button