ԿարևորՀասարակություն

1 հասցե՝ 1000 աշխատատեղ

Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ «Էքսպո կենտրոն»-ում աշխատանքի տոնավաճառը դարձել է հասանելի հարթակ գործատուի ու աշխատանք փնտրողի միջեւ։

Աշխատանք փնտրողներն ու գործատուներն այստեղ կարող են ծանոթանալ Երևանի տարբեր վարչական շրջաններում աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք նույնպես  աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություն են:

15-ամյա Լաշերը 9-րդ ուսումնարանի դեռ առաջին կուրսի ուսանող է, բայց եկել է աշխատանքի տոնավաճառ՝ փնտրտուքի։

«Սա իմ առաջին փորձն է, նախկինում միայն ուսման վրա եմ ժամանակս ծախսել, եկել եմ տեսնելու՝ իմ գիտելիքները բավարա՞ր կլինեն աշխատանք գտնելու համար»,–ասում է Լաշերը։

Տարիքի հետ կապված խնդիրներ եթե լինեն, Լաշերը կշարունակի միայն սովորել։ Հետո նորից կփորձի՝ ասում է։

Օրենքն անչափահասներին թույլ է տալիս աշխատել, բայց էական սահմանափակումներով․ օրվա որոշակի ժամերին կատարել այնպիսի աշխատանք, որը ֆիզիկական եւ հոգեբանական առողջությանը վնաս չէ։

«Այլ բան է, որ մենք կարողանանք այդ վերահսկողությունը ճիշտ իրականացնել»,– ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Աշխատանքի տոնավաճառում 70 գործատուի տաղավար կա, 1000 աշխատատեղի առաջարկ։

Աշխատատեղերի մեծաթիվ հայտեր են ներկայացրել հատկապես սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուները, նաև՝ ապահովագրական ընկերությունները: Մեծ է նաև բանվորական աշխատուժի պահանջարկը:

Իսկ ես նախընտրեցի մոտենալ աշխատանքային տոնավաճառի միակ «բուրավետ» տաղավարին։

«Այս ոլորտն ավելի շատ արվեստի մաս է, որովհետեւ մենք ներկայացնում ենք էքսքլյուզիվ օծանելիք, եւ մեզ դիմողները պետք է որոշակիորեն տեղեկացված լինեն։ Պարտադիր երկամսյա դասընթացներ են անցնում, որից հետո ընդունվում են աշխատանքի»,– ասում է մայրաքաղաքի օծանելիքների խանութ–սրահներից մեկի  ներկայացուցիչը։

Թե քանիսը կգտնեն աշխատանք այս տոնավաճառից, դեռ հայտնի չէ, բայց տարեսկզբից Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 7175 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 5683 չկրկնվող թափուր աշխատատեղ:

Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևանում աշխատանքի է տեղավորվել 2687 աշխատանք փնտրող, որոնցից 316-ը՝ զբաղվածության պետական ծրագրերի միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button