ԿարևորՄիջազգային

Վրացական ժողովրդավարությունը «լոբիո» ուտել չէ․ լոբին և քաղաքական կյանքը

Երեկ լուսաբացին Թբիլիսիի կենտրոնից ցույցը երկրորդ անգամ ցրելուց հետո ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակում է պայքարը։ Ընդդիմության առաջնորդները նշում են, որ շաբաթվա վերջին կհայտարարեն մեծամասշտաբ հանրահավաքի օրը։

Սակայն մինչ այդ վաղը՝ կառավարության նիստի օրը կիրականացնի «Կողպեքների օր» ակցիան՝ փակելով օրենսդիրի ու գործադիրի բոլոր մուտքերը։ 

Վրաստանի միավորված ընդդիմությունը կկարողանա ինչ որ բանի հասնել, եթե իշխող ուժը շարունակի նույն կոշտ քաղաքականությունը։ Փորձագետ Գիորգի Արեշիձեն ասում է, որ ընդդիմության վարկանիշը խիստ ցածր է, սակայն իշխող ուժն իր վերջին քայլերով՝ մասնավորապես չկատարելով համամասնական ընտրակարգի անցնելու մասին տված խոստումը, օգնում է ընդդիմությանը։

«Ժողովուրդը չի աջակցում Սաակաշվիլի-Բոկերիա կուսակցություններին, նրանց համարում է մեծ ողբերգություն, այդ տարիները՝ բռնապետական ռեժիմ։ Այսօր, սակայն երբ իշխող ուժը չի գնում փոխզիջումների՝ շարունակելով խաբել ժողովրդին, իջեցնում է վարկանիշը՝ հօգուտ ընդդիմության»։

Փորձագետի խոսքով 20 քաղաքական ուժից բաղկացած միավորված ընդդիմությունը, որ այսօր ակցիաներ է անցկացնում Ռուսթավելիի պողոտայում, տարբեր հայացքներ ունեցող կուսակցություններ չեն, այլ երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին ու ներկա կուսակիցներն են ընդամենը, որ փողոց դուրս բերում առավելագույնը 4000 մարդու։

Վրաստանի խորհրդարանում կա ևս մեկ ընդդիմադիր կուսակցություն՝ «Հայրենասերների դաշինքը», որը թերևս միակն է, որ չի միացել միավորված ընդդիմությանը, սակայն իշխանությունների դեմ անցած շաբաթ անցկացրած նրա հանրահավաքին մասնակցել է ավելի շատ՝ 6000 մարդ։ Այս կուսակցությունը, ըստ Արեշիձեի, հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել մեծ շանսեր ունի․ «Հայրենասերների դաշինքը» մեկ անգամ չէ, որ հայտարարել է Հայոց Ցեղասպանության ու Վրաստանի նկատմամբ Թուրքիայի զավթողական քաղաքականության մասին։

«Հայրենասերների դաշինքը վրացամետ կուսակցություն է։ Նա դեմ է թուրքական ներկայությանը Վրաստանում ու Աջարիայում», -ասում է փորձագետը։ 

«Հայրենասերների դաշինքը» ևս բոյկոտում է խորհրդարանական նիստերը, սակայն փողոցային ակցիաներ այս պահին չի կազմակերպում։ Իսկ միավորված ընդդիմությունը չի նահանջում, շաբաթվա վերջին կհայտարարի մեծամասշտաբ հանրահավաքի օրը։ Մինչ այդ, վաղը, ինչպես հայտարարել էր նախապես ամեն հինգշաբթի կառավարության նիստի օրը «Կողպեքների օր» է լինելու։ Ցուցարարները խորհրդարանի, կառավարության մուտքերին կողպեքներ են կախելու՝ ի նշան այդ կառույցների անգործության։

Կողպեքները դարձել են այս օրերին ընթացող ակցիաների խորհրդանիշը, սակայն  վրացական ներքաղաքական կյանքը չի անցնում առանց վրացական լոբիոյի։ Բողոքի ակցիաների ֆոնին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական ավանդական ձևով կավե ամանում պատրաստված լոբի ուտելու համար այցելել է ցույցերից ոչ շատ հեռու գտնվող լոբիից պատրաստած ուտեստներով հայտնի ռեստորան՝ այդ մասին հայտնելով նաև սոցիալական ցանցում։ Սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն իմանալով այդ մասին, անմիջապես շրջափակել են ռեստորանը՝ թույլ չտալով նախագահին հանգիստ վայելել այն․

«Ցավոք ոչ մի կերպ չեմ կարող մեկնաբանել» — ինչպես կմեկնաբանեք երկրում ընթացող գործընթացները, հարցին այսպես է պատասխանել Զուրաբիշվիլին՝ ներքաղաքական կյանք բերելով «Ժողովրդավարությունը լոբիո ուտել չէ» վրացական հայտնի արտահայտությունը։

1992 թվականին առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության տապալումից հետո, ռազմական հեղաշրջման հեղինակներից Ջաբա Իոսելիանին հայտարարելով արտակարգ դրություն, զգուշացրեց՝ կգնդակահարի բոլոր սադրիչներին․ «Ժողովրդավարությանն ամրություն ու կայունություն է պետք, եթե ժողովրդավարությունն ուժեղ չէ, դա արդեն անարխիա է, եթե ինչ որ մեկը կարծում է, թե ժողովրդավարությունը լոբիո ուտել է, այդպես չէ, մենք ցույց կտանք, թե որն է ժողովրդավարությունը»։

Նախագահ Զուրաբիշվիլիի ռեստորանում լոբի ուտելու այս փաստը վրացի օգտատերերին հիշեցնում է, որ Դավիթ Շինարարն ու Թամար թագուհին լոբի չեն կերել, որովհետև այն Վրաստանում սկսել են մշակել 16-րդ դարից և, բացի այդ, վրացիների սիրած լոբին շարունակվող ինֆլյացիայի պատճառով շատ թանկ արժե։

Ցուցադրել ավելի
Back to top button