ԿարևորՀասարակություն

Մեծ գումարների շորթում է տեղի ունեցել. Վերմիշյան

Առաջիկայում փոխվելու է բազմաբնակարան շենքերի կառավարման կարգը: Արդեն 6 ամսից ավելի է դրա մասին են մտածում կառավարությունում: Մշակվում է փոփոխությունների մեծ փաթեթ:

Աժ-ում պատգամավորներն առաջարկում են փուլային լուծումներ՝ առայժմ միայն վճարների անկանխիկ տարբերակի անցնելու համար:

Փոփոխությունների գնալու հիմնական պատճառն այն է, որ ուսումնասիրությունները եւ վերջերս հարուցված մի շարք քրեական գործերը փաստել են՝ համատիրությունների մի մասում գումարների մեծ շորթում է տեղի ունեցել:  

Բազմաբնակարան շենքերի բնակիչներ-համատիրություն. այս շփումը վերջին տարիներին ավելի խնդրահարույց էր, քան՝ օգտակար: Բնակիչները վճարումները կատարել են, համատիրությունն ստացել է, բայց շենքերի խնդիրները` կապված տանիքների, մուտքերի, վերելակների հետ, այդպես էլ մնացել են չլուծված: Վերջին շրջանում հարուցվել է մի քանի քրեական գործ՝ համատիրությունների ֆինանսական գործունեության հիման վրա: Սա է պատճառը, որ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ նախատեսվում է փոխել բազմաբնակարան շենքերի կառավարման ձեւը:

«Եթերային էթիկան թույլ չի տալիս որակավորում տալ համատիրությունների արդիական աշխատելաոճին: Ունենք համատիրության ղեկավարներ եւ աշխատակիցներ, որոնք այնքան էլ բարեխղճորեն, մեղմ ասած, չեն կատարում իրենց պարտավորությունները»:

Որպես առաջին քայլ բազմաբնակարան շենքերի բնակիչներին պատգամավորն առաջարկում է անցնել վճարների անկանխիկ եղանակի: Այսինքն՝ թափանցիկությունն ապահովելու համար սպասարկման վարձերը մուծել բանկային փոխանցումների միջոցով: Սա տարբերակներից մեկն է, որը քննարկվել է նաեւ կառավարությունում: Շուրջ 6 ամիս է, ինչ գործադիրում մեծ փաթեթ են մշակում բազմաբնակարան շենքերի կառավարման ձեւը փոխելու համար:

«Այսօր շենքերն այնպիսի վիճակում են՝ բնակիչներն ասում են` վճարել ենք, համատիրությունը չի արել, համատիրությունն ասում է՝ չեն վճարել, դրա համար էլ չենք արել: Սա ցույց է տալիս այդ հարաբերությունների առաջին խնդիրը: Երկրորդը՝ շենքը որքան գումար հավաքել է, այդ շենքի կարիքներին ուղղելու նպատակն է այստեղ հետապնդվում, որովհետեւ շենքերում կարիքները տարբեր են եւ հաճախ գումարը հավաքվում է համատիրությունում եւ ուղղվում է համատիրության ղեկավարի հայեցողությամբ այլ շենքերի: Կարիքները տարիներով մնում են եւ ավելի խորանում: Այս առումով գտնում ենք, որ շենքի անվամբ բացված հաշիվը տվյալ շենքի բնակիչների կողմից հավաքագրված գումարները պետք է հասցեական հավաքվեն մեկ տեղ»,-ասում է Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տատյանա Արզումանյանը:

Հայաստանի բնակարանային ֆոնդի մոտ 30 տոկոսը կազմում են բազմաբնակարան շենքերը: Հիմնական հատվածը Երեւանում է, մնացածը՝ Շիրակում, Լոռիում, Սյունիքում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գնահատականներով՝ բազմաբնակարան շենքերի կառավարումը լուրջ խնդիր է ամբողջ հանրապետության համար:

« Վերջին 30 տարվա ընթացքում այնպիսի տպավորություն է, որ չեն էլ զբաղվել: Շատ վատ վիճակում են շենքերի տանիքները, նկուղները: Չվերականգված տանիքներ ունենք՝ 31%, չվերականգնված նկուղներ՝ 35%, աստիճանավանդակներ՝ 14% եւ մուտքեր՝ 50 տոկոս: Սրանք շատ լուրջ թվեր են, կուտակվել են ձնագնդի պես: Ուրիշ երկրներում այս տոկոսները 0-ով են սկսվում՝ 0. քանի տոկոս: Հարցը նրանում է, որ մինչեւ հիմա ինչ արվել է, մենք ուսումնասիրել ենք, սարսափելի մեծ ծավալների գումարների շորթում է տեղի ունեցել: Մեծ քանակների: Պատկերացնում էինք, դե երեւի կողքից ինչ- որ մի բան տարել են, բայց երբ խորացանք, տեսանք՝ այդպես չի: Պարզվում է ընդհանրապես ստացվել է գումարներ եւ տեղ չի հասել: Հիմա դրա համար է արվում, որ բնակչության մոտ վերադարձվի հավատը: Տեսնում է՝ այս օրը վճարել է, այս օրը հաշվի վրա է նստել եւ իր շենքի կտրվածքով ինքն ունի այսքան կուտակված գումար: Դրա հաշվին կարող է պատուհաններ փոխել, կարող է աստիճանավանդակներ նորոգել կամ տանիքը եւ այլն, եւ այլն»:

Գործադիրում ուսումնասիրել են 10-ից ավելի երկրի փորձ: էստոնական մոդելը լավագույնն են համարում մեզ համար: Հաշվարկել են, որ Խորհրդային Միության փլուզումից հետո գրեթե նույն վիճակում են եղել երկու երկրների բնակարանային ֆոնդերը, բայց այսօր արդեն Էստոնիան եւ Հայաստանն այդ առումով գտնվում են տարբեր մակարդակներում:

Թե՛ Աժ-ում եւ թե՛ կառավարությունում ընդունում են՝ այս ամենի կողքին լավ աշխատող համատիրություններ նույնպես կան: Փորձելու են տարբերակներ գտնել՝ լավագույն ձեւը ստանալու համար: «Համատիրությունների մասին» եւ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքների փոփոխությունների փոխարեն նախատեսում են հիմնովին նոր օրենք մշակել: Փաստաթուղթը, հավանաբար, պատրաստ կլինի 2020-ի ամռանը:   

Ցուցադրել ավելի
Back to top button