ԿարևորՏնտեսական

Հայաստանում հողի գործակալություն կստեղծվի

Հայաստանում հողերի մեկ երրորդը չի մշակվում։ Փորձագետներն ու  պատասխանատուներն  այս ցուցանիշը տարբեր պատճառներով են բացատրում, առանցքայինը, սակայն, համարում են ոռոգման ջրի բացակայությունը։

Կառավարությունը նախատեսում է հողի գործակալություն ստեղծել, ապա նաև հողային  բանկ, որտեղ կամբողջացվի Հայաստանի բոլոր հողային տարածքների մասին  տեղեկատվությունը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեր երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի 1/3–ը չի մշակվում։

Պատճառները տարբեր են՝ սոցիալականից  մինչև  ոռոգման ջրի բացակայություն։ Հողագիտության կենտրոնի տնօրեն Հունան  Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ընդգծում է՝  հողային տարածքներն ամենաշատը չեն մշակվում  Արարատյան դաշտավայրում  ու նախալեռնային գոտիներում։

 «Դրա շուրջ 20 պատճառ կա։ Հիմնականը ոռոգման ջրի  բացակայությունն է։ Բացի դրանից՝  գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու չէ, գյուղացին իր ծախսերը չի կարողանում փոխհատուցել,   պարարտանյութ ու մեխանիզացիա չկա։ Չկան նաև շուկաներ»։

Չնայած պատճառները մոտ երկու  տասնյակ են, այդուհանդերձ, եթե  ոռոգման ջրի խնդիր չլինի, ապա ըստ Ղազարյանի, մշակվող հողերի տարածքը էականորեն կավելանա:   Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթւոր Այվազյանի փոխանցմամբ՝ Արմավիրում այս տարի չի մշակվել շուրջ 21 հազար հա հողատարածք։

 «63 300  հա ոռոգելի հողատարածություն ունենք, մոտ 1/3–ը չի մշակվում։ Հիմնական պատճառը ոռոգման ցանցերի բացակայությունն է։ Մոտ 10 հազար հա չի մշակվում ոռոգման ջրի սակավության , շուրջ 3 հազարն էլ՝ հողերի աղակալման պատճառով։ Մնացած տարածքների էլ   սեփականատերերն են անհայտ»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի փոխանցմամբ՝ գերատեսչությունում  փորձում են հասկանալ, թե ինչու գյուղացին հող չի մշակում։

«Հողերը մշակելու համար մարդիկ ֆինանսական միջոցներ չունեն։ Չմշակվող հողերի մեծ մասը ոռոգելի  չէ։ Մարդիկ հասկանում են, որ այդ հողերի վրա չեն կարող արդյունավետ գյուղատնտեսություն ունենալ։ Կարևոր է շուկաների խնդիրը։ Եթե անգամ բերք ունեն, չեն կարողանում վաճառել։ Հիմնական խնդիրներից մեկն էլ  փոքր հողակտորներն են»։

Ներդրումային դաշտը գրավիչ դարձնելու  դեպքում հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտ ներգրավել հետաքրքրվողներին՝ ասում է Քամալյանը։ Կառավարությունն այս փուլում մի քանի ծրագիր է իրականացնում,  որոնցով խրախուսում է հողերի մշակումը՝ ջերմոցային տնտեսությունից մինչև ինտենսիվ  այգիների հիմնում։  Ցանկացողները   արտոնյալ պայմաններով  վարկեր են ստանում։ Հայաստանում   հողերի արդյունավետ կառավարման  նպատակով   նախատեսվում է հողերի գործակալություն  ստեղծել։ Առաջարկը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը «Ռադիոլուրին» պարզաբանել է՝  գործակալությունը աշխատելու է էկոնոմիկայի նախարարության կազմում,   լուծելու է հողերի կառավարման հետ կապված բոլոր խնդիրները, ֆինանսավորվելու է պետական բյուջեից։  

Ցուցադրել ավելի
Back to top button