ԿարևորՎերլուծական

Լրագրողների փոխայցելություններն Ադրբեջանում մթնոլորտ կփոխե՞ն

Օրերս տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություն, որին հաջորդեցին նրանց կողմից սոցցանցերում արված գրառումներ եւ այս ամենի մասին մեկնաբանություններ։ Հայաստան եւ Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողներից մեկն է միայն գրառում արել սոցցանցերում։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով այդ մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հայտնել է, թե՝ ելնելով նրանից, որ ադրբեջանցի լրագրողները ներկայացնում էին հիմնականում պետական լրատվամիջոցներ, բնականաբար, ենթադրելի էր, որ քարոզչանյութ էր այնտեղ լինելու։

Այդուհանդերձ, ադրբեջանագետի կարծիքով, այդ փոխայցը շատ կարեւոր էր՝ աշվի առնելով, որ 2001 թ.-ից ի վեր նման բան տեղի չէր ունեցել։

Լրագրողներն իրականում հասարակության ներսում ըստ էության քննարկումներ առաջացնող մարդիկ են։ Սա հաշվի առնելով՝ ադրբեջանագետ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ լրագրողների փոխայցը կարեւոր էր, կարեւոր էր նաեւ, որ ադրբեջանցի լրագրողները եղան արցախում։ Թե ի՞նչ կգրեն եւ ինչպե՞ս կմեկնաբանեն, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի, մեկ այլ հարց է.

«Հաշվի առնելով այնտեղ ցենզուրան՝ վերահսկողությունը։ Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքում, իսկապես, անկեղծ լինեն։ Այդուհանդերձ, միայն այն հանգամանքը, որ նրանք եղան այնտեղ եւ տեսան, որ առկա իրավիճակը որեւէ կերպ չի համապատասխանում իրենց կարծրատիպերին, եւս մեծ ձեռքբերում է։ Ընդհանուր առմամբ՝ սա տեղավորվում է նաեւ մեր կողմից առաջ քաշված այդ հումանիտար միջոցառումների համատեքստում՝ փոխվստահության մեխանիզմներ, որոշակի շփումների ապահովում, որոնք կօգնեն փոքր-ինչ նվազեցնել այդ ատելության մթնոլորտը, գոնե, այս պահի դրությամբ, որովհետեւ մենք, ըստ էության, երբ որ ասում ենք ունենք մեր պրակարգը եւ դրանով ենք առաջ գնում, առաջնային կետը հենց վերաբերում է դրան, որ մթնոլորտը որոշակիորեն առողջանա եւ խաղաղության դիսկուրս բացվի Ադրբեջանում, որը այս պահի դրությամբ տեղի չի ունենում»։

Ադրբեջանումհայատյացության մակարդակը ո՛չ գաղտնիք է, ո՛չ էլ նորություն։   Ադրբեջան մեկնած լրագրողներից, մասնագիտությամբ ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի կարծիքով՝ նման այցերը կարող են ինչ-որ չափով այդ երկրում մտածելակերպ փոխել, բայց՝ ոչ մեկ անգամով, մեկ ամսում կամ մեկ տարում։

Բայց խոսքն այստեղ ընդամենը վերաբերմունքի, ընկալումների, հումանիտար մակարդակի վրա մոտեցումների փոփոխության մասին է, հավելեց Էդգար Էլբակյանը՝ շեշտելով, որ նման ծրագրերը չափազանց քիչ առնչություն ունեն քաղաքական նպատակների եւ անելիքների կամ, առավել եւս, հակամարտության լուծման հետ։        

Ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ Ադրբեջանում գերիշխում են պատերազմի վերսկսման տրամադրությունները ու հստակ է այն քաղաքական գիծը, որը Ադրբեջանը շարունակել եւ շարունակում է։

«Ուստի, մի կողմից, իհարկե, կարեւորելով նման այցը, միեւնույն ժամանակ պետք չէ դա շատ գերագնահատել՝ հաշվի առնելով Ադրբեջանում առկա մթնոլորտը դրա հետ կապված»։

Մենք հստակ հասկանում ենք, որ որեւէ լուծում չի աշխատելու, քանի դեռ մարդիկ հակված չեն այդ լուծումը գտնելուն՝ հավելեց պատգամավորը։ Ըստ նրա, վարչապետի առաջարկած բանաձեւն էլ՝ «լուծում, որը ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար», որը գնալով ավելի ընկալելի է դառնում աշխարհի համար, կաշխատի, եթե Ադրբեջանում մտածելակերպի լուրջ փոփոխություն տեղի ունենա, իսկ դա էլ մեկ-երկու օրում իրականացվող խնդիր չէ, շատ ավելի երկարաժամկետ խնդիր է։

Կլինի՞ դա, թե չի՞ լինի՝ ադրբեջանագետ-պատգամավորը դժվարանում է ասել։ Լավատես չէ։ Այդուանդերձ կարծում է, որ խնդրի խաղաղ կարգավորման օրակարգին հավատարիմ պետք է մնալ եւ դրանով առաջ գնալ՝

«Միաժամանակ պատրաստ լինելով հնարավոր ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսմանը, որովհետեւ, կարծում եմ, մենք շատ քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի հարեւան-հակառակորդ ունենք»։    

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ նաեւ պատգամավորների պատվիրակությունների փոխայցելություն է նախատեսվում։ Այս մասին հետաքրքրվեցինք նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանից։ Նա, սակայն, կտրականապես հերքեց, որ նման նախաձեռնություն  կա.

«Ոչ մի նման բան՝  տեղեկություն չկա, ոչ մի նման բան չի քննարկվում։ Ընդհանրապես չի քննարկվում այդ թեման։ Մեր շփումները ադրբեջանցի պատգամավորների հետ սահմանափակվում է խորհրդարանական դիվանագիտության հարթակներով»։

Առաջիկայում սպասվում է արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ըստ ադրբեջանագետ-պատգամավորի՝ խոսքը հիմնականում կրկին լինելու է փոխվստահության մեխանիզմների կամ այդ ուղղությամբ հնարավոր աշխատանքների մասին, բայց քանի որ Ադրբեջանում այդ ամենը խիստ քննադատվում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը թերահավատորեն է մոտենում, իր ձեւակերպմամբ, «թե որքանով ադրբեջանական կողմը կկարողանա դիմանալ այդ քննադատությանը եւ պատրաստ կլինի հետագա քայլերի»։  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close