ԿարևորՀասարակություն

Տավուշում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Տավուշում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը, հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Նախաձեռնող խումբը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիր, որն իրագործելու են Հայաստանում և սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։ «Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:

«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման»,- ասաց Հայկ Չոբանյանը։

Այս ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող և էներգոանկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:

Առաջին կես տարում բոլոր ցանկացողները կարող են անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները ՈՒՀՄ-ի լիցքավորման կայաններում։:

Նշենք, որ «Ուկրաինայի հայերի միություն»(ՈՒՀՄ) ՀԿ-ն միակ ուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է Ուկրաինայի ներկայիս բոլոր հայկական համայնքները և գործում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև միջազգային մակարդակում: Սփյուռքի զարգացումը, ուկրաինական հասարակության մեջ հայերի արդյունավետ ինտեգրման խթանումը, սոցիալական օգնությունը և հայրենակիցների աջակցությունը ՈՒՀՄ-ի գործունեության հիմնական խնդիրներն են:

Ցուցադրել ավելի
Back to top button