ԿարևորՀասարակություն

Երթևեկության բալային համակարգը մինչև տարեվերջ կընդունվի

Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն եւ դրա հետևանքները մտահոգիչ են։ Պատասխանատուներն ասում են՝ իրավիճակի փոփոխությունը կախված է նաև օրենսդրական փոփոխություններից։

Առաջին ընթերցմամբ ընդունվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Խորհրդարանում վստահեցնում են, որ նախագիծը մինչև տարեվերջ կընդունվի,  և նոր համակարգը հունվարից կգործի։

Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ ներդնելու մասին օրինագծի առաջին ընթերցումից հետո պատգամավորները մի շարք առաջարկություններ են արել։ Ակնկալվում է, որ նախագծի լրամշակված տարբերակն առաջիկայում  կքննարկվի երկրորդ ընթերցմամբ, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

«Տեղյակ եմ, որ կառավարությունում քննարկվում է, լրացումներ և փոփոխություններ կարվեն առաջին ընթերցմամաբ անցած նախագծի մեջ։ Արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ մոտ ժամանակներս այն նորից կգա Ազգային ժողով»,-ասաց Խաչատրյանը։

Օրենքի նախագծի ընդունման ձգձգումը  մտահոգում է  «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանին։

«Քանի որ այս նախագիծն արդեն 1 տարուց ավելի է շրջանառության մեջ է, մեծ հաշվով մեր հիմնական մտահոգություններն արդեն տեղ են հասել։ Այդ մասով բողոքներ չկան։ Առաջինից երկրորդ ընթերցում որոշակի առաջարկներ եղան, բայց նախատեսված հանձնաժողովի նիստը տեխնիկական պատճառներով չկայացավ։ Փաստացի, 1 ամսից ավելի է նախագիծը օրակարգում  չէ, հանձնաժողովի նիստում էլ չի քննարկվում և անորոշ է, թե երբ կլինի»,– նշեց Ղահրամանյանը։

Սերգեյ Ղահրամանյանը թերահավատ է, որ նախագիծը մինչև տարեվերջ կընդունվի։

«Թող սխալված լինեմ, բայց դժվար թե նախագիծը հունվարի 1-ից ուժի մեջ մտնի։ Ընդհանուր առմամբ, նախագիծը նոր խոսք է երթևեկության ոլորտում, բայց այս անորոշությունն իր հետ բերում է նոր հարցեր և մտահոգություններ»։

Օրենսդիր մարմինը  եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համակարծիք են, որ ճանապարհային երթեւեկության ոլորտի կարգավորումը պահանջում է համալիր միջոցառումների իրականացում։ Բայց նշում են նաև, որ միայն լավ օրենք ունենալը բավարար չէ, պետք է նաեւ բարեփոխել ճանապարհային երթեւեկության կազմակերպումը, քաղաքաշինական անհրաժեշտ միջոցառումներ կատարել, ճանապարհներն ապահովել լուսավորությամբ, գծանշումներով, կահավորմամբ։ Ի դեպ՝ բալային համակարգը գործելու է լուրջ ծրագրատեխնիկական միջոցների ներդրմամբ, գրեթե ամբողջությամբ ավտոմատացված, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերը մեծ չեն լինելու։

Նոր կանոնների համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։  6 ամիս հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Back to top button