ԿարևորՀասարակություն

Մոռանալու և մոռացված լինելու իրավունքը

ԶԼՄ-ների կողմից երեխաների առողջական ու սոցիալական հիմնախնդիրներին անդրադարձը պահանջում է լուսաբանման հատուկ զգուշավորություն, մարդասիրություն և մասնագիտական էթիկայի պահպանում։ 

Առաջին հայացքից խիստ մարդասիրական ու օգտակար թվացող  համացանցում հայտնված փոքրիկ տեսանյութը  կարող է խարան դառնալ ամբողջ կյանքի համար՝ զրկելով մարդուն մոռանալու և մոռացված լինելու իրավունքից, որովհետև համացանցը ոչինչ չի մոռանում։

Ընտանիքի ծանր վիճակի մասին պատմող փոքրիկների՝ խղճմտանք առաջացնող  ձայներն ու դեմքերն այսօր  անընդհատ մեզ ուղեկցում են՝ եթերում,  համացանցում։  Կասկած չկա, որ նման նյութերի հիմքում  երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու ազնիվ մղումն է։  Հաճախ ամենաազնիվ մղումներով լրագրողներս անում ենք մեր գործն ու ավարտում, բայց հետևանքները մնում են։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ երեխայի անձնական տվյալները թույլատրվում է հրապարակել  բացառիկ դեպքերում , դրա համար ընդամենը  երկու հիմնարար հիմք գոյություն ունի․

«Դա  հանրության և երեխայի լավագույն շահն է։ Եթե երեխան կորել է, նրա լավագույն շահից է բխում, որ հրապարակվի նկարը կամ էլ այլ անձնական տվյալ։ Սա երեխային հնարավոր վտանգներից պաշտպանելու հնարավորություն կտա։ Լրատվամիջոցները երբեմն  տեսանյութեր են պատրաստում սոցիալապես  անապահով ընտանիքների, ընտանեկան բռնության մասին և այդ նյութերում չեն ապաանձնավորում երեխաների անձնական տվյալները»,- նշում է Քրմոյանը։

Մեդիա հաղորդակցման փորձագետ, բանասիրական գիտութունների թեկնածու Աստղիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ եթերում ամենատարածված սխալներն արձանագրվում են  երեխաների առողջական ու սոցիալական ծանր վիճակին առնչվող  նյութերում։

«Ի վերջո պետք չէ մոռանալ, որ հաջորդ օրը երեխան դուրս է գալու բակ և խաղալու է իր ընկերների հետ, որոնք հեռուստատեսությամբ տեսել են իրենց ընտանիքի ծանր վիճակը»,-ասում  է Աստղիկ Աբրահամյանը։ 

Ի՞նչ է ստացվում․ մի կողմում՝ երեխային  օգնելու ցանկությունն  է, բայց, մյուս կողմում, ոտնահարվում է նրա  իրավունքն ու արժանապատվությունը։  Ինչպե՞ս կողմնորոշվել, անպայման կիրառելով մի՛ վնասիր սկզբունքը․ այսպես է կարծում մեդիա փորձագետը։ Նման իրավիճակներում ինչպե՞ս է կողմնորոշվում մեր գործընկեր, անկախ լրագրող Ամալյա Պապյանը․

«Երեխայի խնդիրը ներկայացնելու համար ամենևին պարտադիր չեմ համարում նրան ցույց տալը, նույնիսկ եթե երեխան դեմ չէ և անգամ հարցնում  է՝ բա ինձ տելեվիզրով երբ եք ցույց տալու։ Երեխան չի կարող  պատկերացնել, որ վաղը կփոխվի իր կյանքը, կյանքի հանդեպ պատկերացումները, իսկ այդ նյութը համացանցում կմնա հավերժ, ինչը նրան թույլ չի տա մոռանալ  այն, ինչ տեղի է ունեցել»։

Գործընկերս համոզված է, որ երեխային և նրա ընտանիքին կարելի է օգնել առանց անձնական տվյալներ հրապարակելու, օրինակ՝ խնդիրը երրորդ դեմքով ներկայացնելով։

«Ձայնագրված նյութն առանց հրապարակելու կարելի է ներկայացնել  հետաքրքրվողներին, այդ թվում՝  իրավապահ մարմիններին, բայց միայն  ծայրահեղ  դեպքերում, օրինակ, երբ լրագրողին մեղադրում  են հորինված պատմություն լուսաբանելու մեջ»,-ասում է Պապյանը։  Նրա բնորոշմամբ՝ եթերում երեխայի՝ խղճահարություն առաջացնող դեմքն, իսկապես,  ամենաազդեցիկն է, այլ հարց է՝ ուզում ես գնալ րոպեական էֆեկտի հետևի՞ց, թե՞ համակարգային խնդիր լուծել։  

Հոգեբան Հասմիկ Հովակիմյանը բռնության ենթարկված անչափահասների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի։ Գիտի, թե նրանց հետ զրուցելիս որքան կարևոր է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները։  Բռնության ենթարկված անչափահասների հետ հարցազրույց վարող լրագրողներին մասնագետն առաջարկում է՝ անպայման հաշվի առնել նրա հոգեվիճակն ու պահպանել հետևյալ սկզբունքները․

«Յուրաքանչյուր անգամ պատմելիս երեխան վերապրում է կատարվածը։ Նրա մեջ կռիվ են տալիս զայրույթը, ագրեսիան, վիրավորանքը։ Պետք  լինել ապրումակցող, այսինքն՝ տեսնել  քեզ հենց նրա իրավիճակում, որպեսզի ավելի ճիշտ հասկանաս,  թե ինչ է նա զգում։ շատ կարևոր են զրույցի ընթացքում ձեր դիրքը, ձայնը, անգամ հագուստի գույնը»,– ասում է հոգեբան ու հավելում․  

«Պետք է լսել՝ առանց քննադատելու, անհրաժեշտության դեպքում դադարեցնել զրույցը՝ հրաժարվելով անգամ լավագույն հաղորդումից»։

Ցուցադրել ավելի
Back to top button