ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բնակարանաշինական ակտիվությունը տեղափոխվում է համայնքներ

Երեւանին բնորոշ բնակարանաշինական ակտիվությունը  կտեղափոխվի համայնքներ։ Հաջորդ տարի Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել բնակարան ձեռք բերելու հիփոթեքային ավելի շատ առաջարկներից։

«Մեկ ամսվա ընթացքում 40 համայնքից ստացել ենք բազմաբնակարան շենք կառուցելու տարբեր առաջարկներ, մեծ ծավալներ չեն,  մեկ մուտքով, 5 հարկանի տներ են, բայց հետաքրքրությունը մեծ է»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել  է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Ծրագրերի մի մասն ունի ներդրողներ, մի մասը՝ դեռ ոչ,  բայց կոմիտեի նախագահը վստահ է, որ 2020-ի սկզբին շենքերի կառուցումը կսկսվի։

Վահագն Վերմիշյանը խոսել է նաեւ Հայաստանի քաղաքաշինության զարգացման ընդհանուր կոնցեպտի մասին։ Առաջին քայլն ապակենտրոնացումը նվազեցնելն է։

«Եթե կարճ ձեւակերպեմ, քաղաքի եւ գյուղի միջեւ պետք է վերացնել հսկայական անդունդը։ Գյուղը հնարավորինս դարձնել հարմարավետ, ինչպես քաղաքի բնակիչների համար քաղաքն է։ Հիմնական խնդիրը սա է»,– ասել է Վերմիշյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մայրաքաղաքում սիրելի մեկ առանձին շինություն չի առանձնացնում։ Ամբողջ Երևանն է սիրելի՝ ասում է։  Իսկ հարցին, թե որ շինությունը չէր ցանկանա տեսնել մայրաքաղաքում, պատասխանում է՝ բարձր վթարայնությամբ շենքները։

Ցուցադրել ավելի
Back to top button