ԿարևորՀասարակություն

Գրպանահատներին «գործազրկություն» է սպառնում

Օրերս  խորհրադարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխվում է հանրային մեղադրանքի տիրույթ:

Արդյոք օրենսդրական փոփոխությամբ հնարավոր  կլինի՞ վերացնել  անպատժելիության մթնոլորտը եւ փոխել գրպահնահատների վարքագիծը, որոնք տրանսպորտային միջոցներում  կարծես թե հանգիստ զբաղվում իրենց  «մասնագիտությամբ»:

Տրանսպորտային փոխադրամիջոցն այսօր գրպանահատների աշխատավայրն է: Նրանք գրեթե ամեն օր՝ առավոտից մինչեւ երեկո,  իրենց աշխատավայրում են ՝ սափրված, կոկիկ հագնված, որ կասկածի տեղիք չտան, ձեռքին՝ ինչ-որ տոպրակ կամ ուսապարկ,  ծայրահեղ դեպքում ՝ շարֆ կամ բաճկոն: Ինչո՞ւ, քանի որ այս իրերը քողարկում են նրանց  գործողությունները եւ հնարավորություն են տալիս ճարպկորեն դատարկել ուղեւորների գրպանները կամ պայուսակը:

Այն ուղեւորների, որոնք հիմնականում զբաղված են լինում հեռախոսով, երեխայի հետ են կամ տարեց մարդկանց, որոնք պակաս ուշադիր են իրենց իրերի նկատմամբ: Գրպանահատները հիմնականում միայնակ չեն գործում, երկու կամ երեք հոգով են, ուշադրությունը շեղելու համար տարբեր դռներով են բարձրանում  ավտոբուս: Ի դեպ, վերջին շրջանում նրանց ակտիվությունն այնքան մեծ է, որ ուղեւորներն արդեն  դեմքով ճանաչում են  շատերին, գիտեն, թե որ համարի  ավտոբուսում կան երթուղայինում են գրպանահատները:  Թիրախավորված են հիմնականում փոքր միկրոավտոբուսները եւ գերբեռնվածները:

«Ռադիոլուրի» զրուցակիցը, որը ցանկացության հայտնեց առայժմ անանուն ներկայանալ,  տրանսպորտում փորձել է կանխել հերթական գողությունը եւ հանդիպել համառ գրպանահատի դիմադրությանը:  «Նրանք շատ ինքնավստահ են գործում, քանի որ պատժելիության մեխանիզմներն են թույլ: Իսկ տուժողի տեսանկյունից ուժեղ նյարդեր պետք է ունենալ՝ հանցագործների հետ առեւերսվելու համար, ինչպես նաեւ ժամանակ վատնել՝ ոստիկանական բաժանմունք պարբերաբար այցելելու համար»,-ասում է զրուցակիցս:

«Միջին տարիքի երեք տղամարդ բարձրացան տրանսպորտ: Մեկը շատ մոտ կանգնեց ինձ,  թևին բաճկոն էր, իսկ ձեռքին՝  պայուսակ: Տեսադաշտս ամբողջությամբ փակեց, եւ ձեռքը մտցրեց գրպանս: Մատը բռնեցի, վիճաբանություն սկսվեց, թե ինչու ես մատս բռնել: Ես էլ ասեցի, որ գրպանս էիր մտնում:  Ու միանգամից, ակնթարթորեն սկսեց հարվածել: Այսինքն՝ չընդունեց, որ նման արարք է կատարել  ու դեռ ավելին,  հարձակվեց՝ պաշտպանելով իրեն: Լռեցնելու համար սկսեցին հարվածել, ես ուշագնաց եղա, մինչեւ ուշքի կգայի, ուղեւորները սկսեցին բղավել, դրսից ոստիկաններ եկան, եւ երեքից երկուսին բռնեցին»:

Քրեական գործերով փաստաբան Գիորգի Ագաջանյանը բացատրում է, թե ինչ է ենթադրում  գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելը, եւ ՔՕ-ում կատարված փոփոխությունն արդյո՞ք կբարձրացնի գրպանահատության դեմ պայքարի արդյունավետությունը: Ըստ փաստաբանի՝ օրենսդիրը որոշել է, որ այն հանցագործություններով, որոնք հանրայնորեն վտանգավոր են,  քրեական հետապնդում հարուցելը  պետք է չմնա անձի կամարտահայտության վրա, այսինքն՝ եթե տուժողը չի բողոքում,  քրեական գործ չի կարող հարուցվել:

«Տուժողն է որոշում՝ դիմե՞լ ոստիկանություն, թե՞ ոչ: Ենթադրենք հափշտակված գումարը 15 հազար դրամ է, մտածում է, որ եթե դիմի իրավապահ մարմինների, գողացված գումարի չափից ավելին պետք է ծախսի գնալ-գալու վրա, հետո  մասնակցի դատական քաշքշուկներին: Եվ որոշում էր չդիմել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ էլ՝  ժամանակի վատնում, հասարակության մոտ ձեւավորված կարծրացած վերաբերմունք: Գործընթացը ավելի շատ  բացասական հետեւանքներ էր առաջացնում, քան՝ դրական:  Ու եթե մենք հիմա այն հանրային մեղադրանքի տիրույթ են բերում, ապա մենք զրկում ենք քաղաքացիներին այդ հարցով կամահայտնություն ցուցաբերելուց: Եթե հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, դառնում է դատավարության  մի մասնիկը: Պետք է զուգահեռ խթանող քայլեր մշակել, որ հասարակությանը, տուժողը չմտածի, որ եթե դիմում է ոստիկանություն, դառնում է գերի՝ ժամանակի կորուստ է ունենում, եւ ֆինանսական միջոցներ է վատնում»,- ասաց փաստաբանը:

Գրպանահատների գործողությունից տուժած զրուցակիցս պատմում է, որ առաջին իսկ պահից  զարմացել եւ չի հասկացել,  թե ինչու են իրավապահները պարբերաբար հարցնում՝ նախնական ցուցմունքից չե՞ք հրաժարվի, եւ մինչև գործի քննության ավարտը կմասնակցե՞ք նախաքննությանը: Գրպանահատության փորձից ամիսներ անց նոր է հասկացել, թե ինչու էին տրվում նման հարցեր. երկարատեւ գործընթացը պահանջում է ամուր նյարդեր եւ ժամանակ, ինչպես նաեւ վստահություն, որ կասկածյալները կպատժվեն օրենքի ամբողջ  խստությամբ:

«Ոստիկանները բացատրեցին, որ շատ դեպքերում գործը ընթացք չի ստանում, քանի որ տուժող կողմը հաճախ հրաժարվում է նախնական ցուցմունքից՝ տարբեր պատճառաբանություններով: Իմ գործի վերաբերյալ կարող եմ ասել, որ հանցագործներին կանչել են բաժանմունք, մեկը հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ մյուսը գրել է, որ կապ չունի գրպանահատության հետ: Արդեն առերեսման պահն է, երկրոդ անգամ է չեն գալիս: Գրպանահատներն այս ընթացքում փորձ չեն արել ինչ-ինչ ճանապարհներով ինձ  հետ կապվելու, համաձայնության գալու:  Իմ դեպքով կարող եմ ասել, որ ոստիկանները շահագրգռված են պայքարել: Շատ եմ լսել, որ պատիժն է մեղմ, պետք է խստացնել, որը կստպի գրպանահատներին զուսպ լինել եւ սթափ»:

Ըստ համացանցային քննարկումների՝  գրպանահատները գործի են անցնում ամսվա սկզբի օրերին, ամսվա կեսին՝ 15-16-ին, իսկ ավելի հաճախ՝ամսվա վերջին օրերին, այսինքն՝ աշխատավարձի ստացման հավանական շրջաններում, իսկ տոնական աժիոտաժի ժամանակ հանդիպում են ամեն օր: Ոստիկանության տվայլների համաձայն՝ գրպանահատության դեպքերի 45 տոկոսն է միայն  բացահայտվում: Գրպանահատության համար՝ կախված գումարի չափից, առավելագույն պատիժը 2 տարի ազատազրկումն է, պատժաչափը սակայն սկսվում է  1-3 ամիս կալանքից: 

Նախագիծը խորհրդարանում ընդունվել է միաձայն՝ 97 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածը  լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Դրա մեջ  ներառվում է նաև անձ ի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է նրա գրպանից, պայուսակից կամ նրա ունեցած այլ առարկայից:

Back to top button