ԿարևորՔաղաքական

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ավարտում է ԱՄՆ-ի մայրաքաղաք կատարած այցը

Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում նախկին տարիներին Միացյալ Նահանգները ներկայացնող դեսպաններ Ջոն Հեֆերնի, Ջոն Էվանսի եւ Մայքլ Լեմոնի հետ: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պաշտոնաթող դիվանագետներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի նոր իշխանությունների կողմից անցկացվող համակարգային բարեփոխումները:

«Շատ կարեւոր էր տեսնել, որ դեսպանները ոչ միայն ուրախ էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով եւ զարգացումներով, այլեւ հստակ արձանագրեցին, որ նաեւ Ամերիկայում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Հայաստանն այժմ այլ ընկալումներ ունի եւ այլ ճանաչողության մակարդակ», — «Ամերիկայի Ձայն»-ին հանդիպումից հետո պատմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Նախկին դեսպաններին, ովքեր Երեւանում իրենց պաշտոնավարման տարիներին ուշադիր հետեւել են Հայաստանում ընթացող զարգացումներին, հատկապես հետաքրքրել են նոր պայմաններում խորհրդարանի դերն ու նախատեսվող բարեփոխումները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ նշել է, որ խորհրդարանում աշխատանք է ընթանում նախկին իշխանություններից ժառանգած գերհզոր գործադիրին հավասարակշռելու խորհրդարանական միջոցների մշակումը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցն իր կողմից նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ավարտված կլինի 2020 թվականին:

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով, ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած հանդիպումները կարեւոր հիմք են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար.

«Մենք մի քանի հիմնական ուղղություններ նշել ենք այս պահի դրությամբ. Ինստիտուտների հաստատում, ժողովրդավարություն, հակակոռուպցիոն մարմինների ստեղծում եւ մի շարք այլ ռեֆորմներ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել եւ պայմանավորվել աշխատել միասին եւ հենց այդ աշխատանքի արդյունքում այդ բովանդակային էլեմենտը կդառնա ավելի շոշափելի եւ առարկայական»:

«Թավշյա հեղափոխությունից» հետո ընտրված նոր խորհրդարանում սա հայ-ամերիկյան խորհրդարանական խմբի անդամների առաջին այցն էր Միացյալ Նահանգների մայրաքաղաք: Պատվիրակության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ այցի ընթացքում հայ օրենսդիրները փորձելու են ռազմավարական մակարդակի բարձրացված հայ-ամերիկյան գործընկերությունը պարզ բովանդակությամբ լցնել:

Back to top button