ԿարևորՏնտեսական

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման բյուջեն կաճի 122 տոկոսով․ Հակոբ Արշակյան

Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախարարությանը տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին։

«2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի»,- ասաց նախարարը։

Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը արտաքին շուկաներ հանելու նպատակադրվածությամբ։

«Նախարարությունը 2020 թվականին նախատեսել է թվով շուրջ 90 դրամաշնորհներով աջակցել տեխնոլոգիական ոլորտի նորարարական խմբերին և ստարտափներին՝ իրենց գաղափարները պրոդուկտների նախատիպի, այնուհետև նաև բիզնեսի վերածելու նպատակով՝մոտ 1 մլրդ դրամ»,- ԱԺ –ում 2020 թ –ի  բյուջեի քննարկման ժամանակ նշեց  նախարար Հակոբ  Արշակյանը։

Նախարարությունը մտադիր է նաև   հանրապետությունը ցանկալի վայր դարձնել կյանքի համար, ինժեներների, ծրագրավորողների եւ նորարարների աշխատանքի համար։  Այդ ծրագրերի շարունակական լինելու համար նախարարությունը նաև ներդրումային ծրագրերին է աջակցելու՝ դեպի մարզեր ուղղելով այդ ֆինանսավորումը, որ կլինի ևս մոտ 1 միլիարդ դրամ։

Նախարարի խոսքով, մշակվել է 2020-2025 թվականների ռազմավարությունը, որն ուղղված է բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության եւ թվայնացման զարգացմանը:

 «Այն շուտով կհանձնվի հանրության դատին»,- նշեց Արշակյանը:

Back to top button