ԿարևորՔաղաքական

Հսկա դահլիճում հզոր հավաք. ինչի՞ հաշվին

Այսօրվանից Հանրային խորհուրդն առանց ղեկավարի է, իսկ արդեն նախկին ղեկավարն իր համար գտել է նոր զբաղմունք: Այսօր մեծ հավաք է կազմակերպվել մարզահամերգային համալիրում՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա այն նոր ղեկավար կունենա միայն այն դեպքում, երբ համալրվի 45 հոգիանոց կազմը: Այս պահին Հանրային խորհրդում երկու թափուր տեղ կա. մեկը՝ Վազգեն Մանուկյանինն է, մյուսը՝ խորհրդի կազմից դուրս եկած «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանինը:

Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը մտադրվել է գարնանը կրկին մտնել քաղաքական դաշտ: Իսկ մինչ այդ նա զբաղվելու է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբով, որը հիմնադրել է եւ, որի առաջին համաժողովը տեղի ունեցավ այսօր:

«Սա վերկուսակցական է, բայց ես նաեւ ԱԺՄ կուսակցության նախագահն եմ: Ես անպայման ԱԺՄ կուսակցությունը վերականգնելու եմ: Նախատեսում եմ, որ երեւի գարնան ամիսներին մենք համագումար կանենք վերակառուցված եւ դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ»:

Տասը տարի Հանրային խորհուրդը ղեկավարելուց հետո Վազգեն Մանուկյանը երեկվանից այլեւս այդ կառույցի ղեկավարը չէ: Նրան պաշտոնանկ անելու առաջարկը հնչել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանից. «Իր գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում»:

Այս ամենը Վազգեն Մանուկյանը որպես մեղադրանք չի ընդունում: Հաստատում է՝ կապերը կան եւ պահպանվել են.

«Ես հանդիպում ունեցել եմ միշտ ու հանդիպում ունենալու եմ միշտ: Մենք միասին անցել ենք պատերազմ: Ռոբերտ Քոչարյանը, որ դուրս եկավ կարճ ժամանակով, մենք էլի հանդիպեցինք, խոսեցինք: Ես հանդիպում եմ բոլորին: Նիկոլ Փաշինյանի հետ էլ կհանդիպեմ, եթե ինքն է ուզում հանդիպի: Ընդհանրապես մեջներիցդ հանեք, որ կա ինչ- որ մի չար դաշտ, ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակը եւ սեւը: Բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ եւ բազմաթիվ սխալներ»:

Վազգեն Մանուկյանից նոր իշխանությունների հիմնական դժգոհությունն այն էր, որ ապաքաղաքական պաշտոն զբաղեցնելով հանդերձ Մանուկյանը քաղաքական հայտարարություններ է արել: Կոնկրետ դեպքերից մեկը՝ Հրայր Թովմասյանի հետ կապված իրադարձությունների ժամանակ էր: Այդ ամենը «դիսոնանս» է որակում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Իմ աչքով ընկել է, հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի՝ կուսակցական: Եվ դիսոնանսի մեջ էին մտնում ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության կամ հնչեցրած մտքերի հետ»:    

«Վերնատան» այսօրվա հավաքը իշխանական պատգամավորներից արդեն որակել են որպես  «մերժվածների նոր ակումբ»: Հանրապետությունում ստեղծված վիճակը քննարկելու համար այսօր հավաքվել էին նախկինում հայտնի բազմաթիվ գործիչներ՝ Դավիթ Շահնազարյան, Աղվան Վարդանյան, Վիկտոր Սողոմոնյան, Ռուբեն Հակոբյան, եւ այդպես շարունակ: Ներկայացուցչական հավաք էր: Հավաքին առնչվող առանձնապես գնահատականներ չունի «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Պարզապես խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, որ հավաքը կազմակերպվել է երկրի ամենամեծ դահլիճում՝ Մարզահամերգային համալիրում, մինչդեռ ֆինանսական աղբյուրների մասին գերադասում են չխոսել: Ինչ միջոցների հաշվին է գործելու «Վերնատուն»-ը պարզաբանեց Վազգեն Մանուկյանը. «Շատ մասնակիցներ կան, որ իրենց սեփական միջոցներով օգնում են: Ոչ մի գրասենյակ չի օգնում, միայն անհատական է»:

«Վերնատուն» ակումբի հիմնադիր, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրուցում հերքեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հովանավորյալը լինելու մասին լուրերը: Ասում է՝ Մինասյանի հետ վաղուց չի շփվել, տարիներ շարունակ չի հանդիպել, հեռախոսով չի շփվել: Նրան հետեւում է մամուլով կամ ՖԲ գրառումներով:  

Back to top button