ԿարևորՀասարակություն

Արարատին նայող բնակարանը՝ հայրենիք վերադարձի առաջին քայլ

Սփյուռքը դեռ ուսումնասիրում է, բայց հոսք լինելու է. այս դիտարկումն ամերիկահայ ճարտարագետ Հակոբ Փանոսյանինն է: Նա կարծում է , որ Սփյուռքին ժամանակ ու կոնկրետ քայլեր են պետք՝ Հայաստանի հետ կապն ավելի իրական ու գործնական դարձնելու համար:  Ի՞նչ  են ակնկալում Սփյուռքի մեր հայրենակիցները հայրենիքից, ի՞նչ է խոստանում հայրենիքը, իրական է արդյո՞ք մեծ հայրենադարձության ակնկալիքը: 

Ինչու են ուշանում հեղափոխությունից հետո Սփյուռքից ակնկալվող ներդրումներն ու հայրենադարձության ալիքը․ ամերիկահայ Հակոբ Փանոսյանը պարզաբանում է․

«Մինչև լավ չուսումնասիրես երկիրը, իր կարողությունները, օրենքները, չես կարող այստեղ ներդրումներ անել։ Ես կարծում եմ, որ քայլն արված է արդեն, և շուտով ներդրումները կգան։ Պարզապես մի քանի հոգի պիտի գան, փորձեն, պետությունը պիտի ցույց տա, որ ամեն ինչ լավ է, կարող են աշխատել։ Մինչև դա չլինի, մեծ ներդրումներ չեն գա»։

Անհրաժեշտ քայլեր, որոնք, ըստ զրուցակցիս,  պիտի անի պետությունը՝ Սփյուռքի համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար․

«Կան մի շարք հարցեր, որոնք դեռ հստակեցված չեն, օրինակ՝ մտավոր սեփականության, բարձր շահութահարկի  խնդիրը։ Գործարարը որոշ ժամանակ պիտի ազատ լինի դրանից, որպեսզի կարողանա կայանալ և աշխատել։ Մինչև այս հարցերը չլուծվեն, ներդրողները չեն կարող այստեղ ինչ-որ բան անել»։

Հնարավո՞ր է Հայաստանում կազմակերպել մեծ հայրենադարձություն։ Հակոբ Փանոսյանի համոզմամբ՝ հնարավոր է, եթե Հայաստանի իշխանությունն ունենա ցանկություն։ Իսկ ցանկությունը ենթադրում է  համակարգված ծրագիր։ «Եթե կուզեք՝ հայրենադարձության համահայկական մեծ ծրագիր»,-ասում է։ Առանց այդ ծրագրի, մեծ հայրենադարձությունը բացառում է։ Միաժամանակ նկատում է․

«Կարելի է նաև ապրել դրսում և ավելի մեծ օգուտ  Հայաստանին։ Բայց եթե ամեն ինչ լավ լինի, մարդիկ կգան»։

«Մասսայական հայրենադարձության համար Հայաստանն առայժմ բարդ երկիր է, պետությունն այս ոլորտում բազմաթիվ անելիքներ ունի»,-ասում  «Վերադարձ Հայաստան» կազմակերպության  համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը։ Հայրենիք վերադառնալու կոչերով սփյուռքի մեր հայրենակիցներին դիմել ու շարունակում են դիմել Հայաստանի նախկին ու  ներկա իշխանությունները, բայց ի՞նչ է անում  պետությունը ցանկալի վերադարձն ապահովելու համար։ Հարցը «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը բարձրացրել է տարիներ շարունակ, բայց խնդիրներն այս ոլորտում դեռ լուծված չեն.

«Տարրական խնդիր, եթե ինձ հարցնեք՝ քանի հայրենադարձ է վերադարձել Հայաստան, ես չեմ կարող պատասխանել, քանի որ հայրենադարձի կարգավիճակը հստակեցված չէ»։

«Մասսայական հայրենադարձության համար Հայաստանը  դեռ պատրաստ չէ նաև այն պատճառով,  որ հայկական սփյուռքը հիմնականում այն երկրներում է, որտեղ  տնտեսական հնարավորություններն ավելի լավն են, քան Հայաստանում»,-նկատում է Մարաշյլանը։ Ըստ նրա՝ հայրենադարձության լուրջ գործընթաց կազմակերպելու համար պետության ներուժը բավարար չէ, անհրաժեշտ է ներգրավել Սփյուռքի բոլոր կառույցներին։

2008-ին ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ինստիտուցիոնալ մակարդակի բերելու փորձ էր։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի  գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ ստեղծումից գրեթե անմիջապես հետո Սփյուռքի նախարարությունը մշակել էր հայեցակարգեր ու «Հայրենադարձության մասին» օրենք։ Մինչ օրս չընդունված օրենքի նախագծի  լրամշակված տարբերակը շրջանառության մեջ է դրվել։ Հայրենադարձության ոլորտը համակարգող պաշտոնյայի համոզմամբ՝ ընդունվելուց հետո այս օրենքը հնարավորություն կտա հստակեցնելու  ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու հանձնակատարի գրասենյակի գործառույթները։

«Օրենքի բացակայությունից հայրենադարձության գործընթացը կանգ չի առել։ Դրան նպաստել է հատկապես երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը, բայց հայրենադարձության օրենքի բացակայությունը  բարդացնում է մի շարք խնդիրների լուծումը, օրինակ՝  հայրենադարձի կարգավիճակի հստակեցումը և այլն»։

Օրենքի ընդունումը, ըստ պաշտոնյայի, հնարավորություն կտա համակարգված իրականացնել ամբողջ գործընթացը։

Փոխարենը  վերջին տասը տարվա կտրվածքով 2019-ի հուլիսին ռեկորդային ցուցանիշ է գրանցվել  անշարժ գույքի շուկայում․ կատարվել է 84 400 գործարք։  2018-ի առաջին կիսամյակի համեմատ 2019-ի նույն ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում գները աճել են 9․5 տոկոսով։ Տվյալները  «Ռադիոլուրին» ավելի վաղ փոխանցել էր Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, որն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա նշել էր, որ գործարքների սանդղակում  մեծացել է օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք բերված անշարժ գույքի քանակը.

«Այս ցուցանիշով ընդհանուր միտումները ավելացել են։ Օտարերկրյա քաղաքացիների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես ՌԴ-ի, այնուհետև՝   ԱՄՆ-ի քաղաքացիները»։

Պնդել, իհարկե, չենք կարող, բայց ենթադրելու իրավունք, կարծում եմ՝ ունենք,  որ նշված օտարերկրյա քաղաքացիները հիմնականում  մեր հայրենակիցներն են, որոնք հայրենիքի հետ կամուրջներ են ստեղծում՝  սկզբի համար գոնե Արարատին նայող բնակարանի տեսքով։

Back to top button