ԿարևորՄշակույթ

Կոմիտասյան տրիո՝ խոսք, երաժշտություն ու քանդակ

Խոսքը՝ Կոմիտասից, երաժշտությունը՝ Վահան Արծրունուց, ոգեշնչումը՝ Արթօ Չագմաքչյանից. երաժիշտ Վահան Արծրունու  «Կոմիտաս. Տասը Հայտնություն»-ը քանդակագործ  Արթօ Չագմաքչյանի հիշատակին նվիրված նոյեմբերի 19-ի համերգի ծրագիրն է:

Այս հնչյունները ձեզ կարող են ուղեկցել, եթե ինքներդ ընտրենք ճիշտ վայրն ու ժամը:

Կոմիտասի երեւի թե ամենահայտնի քանդակներից մեկը կերտած արվեստագետը, Կոմիտասի բառերին երաժշտություն տվողը ու հենց Կոմիտասը՝ կլինեն միասին մի ամբողջ երեկո:

Երգահան Վահան Արծրունին քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին նվիրված համերգին է պատրաստվում: Ընկերացել են վաղուց։ Երկու արվեստագետներին միացնողը Կոմիտասն էր` քանդակի մեջ երաժշտություն լսելու նրանց կարողությունը:

«Կոմիտասի էությունը կապեց մեզ, իսկ Կոմիտասը գլխավոր  թեման է Արթօ Չագմաքչյանի ողջ ստեղծագործության համար: Մեր համատեղ ստեղծագործական հպումները սկսեցին 2004 թվականին ու շարունակեցին այն ժամանակ, երբ ես նախաձեռնեցի Կոմիտասի բանաստեղծությունների վերահրատարակումը»,- պատմում է Վահան Արծրունին:

Համերգի  ծրագիրը Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» շարքն է: Այս երգի ճանապարհի պես ամբողջ համերգի ընթացքում խոստանում են երաժշտության միջոցով տանել Արթօ Չագմաքչյանի ստեղծագործական կյանքի միջով ու ստեղծել պատրանք քանդակագործի ներկայության մասին:

Քանդակագործի ներկայությունը զգալուն կօգնեն նաեւ պատերից կախված կոմիտասյան պաստառները՝ Արթօյի ձեռագրով:

«Մենք Արթօյի կերպարվեստի ու երաժշտության միջոցով կփորձենք ստեղծել միանշանակության եւ ամփոփող արժեքների դաշտ»,- պատմում է Վահան Արծրունին:

Այս հնչյունները ձեզ կարող են ուղեկցել, եթե ինքներդ ընտրենք ճիշտ վայրն ու ժամը` նոյեմբերի 19-ին գնալ Կոմիտասի անվան երաժշտության տուն՝ լսելու, տեսնելու ու զգալու  կոմիտասյան քանդակագործի ու երաժշտի հանդիպումը:

Back to top button