ԿարևորՏնտեսական

2020-ի պետբյուջեի նախագիծը` Ազգային ժողովում

Խորհրդարանականների օրակարգը երեկվանից տնտեսական է:  Ազգային ժողովում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Այսօր ֆինանսական գլխավոր փաստաթղթի մասին  խոսել են  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

2020 թվականի  բյուջետային հատկացումները 2018 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ առողջապահության  ոլորտում ավելացել են  37, կրթության ու  գիտության ոլորտում ՝ 26, սոցիալական պաշտպանության ոլորտում ՝ 21 տոկոսով:

Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 27 տոկոսով:

Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի իր կանխատեսումը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով` նախկինում  կանխատեսել էին 6.9 տոկոս տնտեսական աճ, սակայն ակնհայտ է, որ տարին ավելի բարձր աճով կփակվի: Արդյունքում՝ կնվազի բյուջեի դեֆիցիտը:

«Հաջորդ տարի  բյուջեի  պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2.6 տոկոսը»:

ԿԲ-ն նաև արձանագրում է՝  2020-ին  տնտեսական աճի հինվելու է   ծառայությունների  ոլորտի և արդյունաբերության զարգացման վրա: Կանխատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ: ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հան ձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը հարցնում է՝  շա՞տ է 4.9 տոկոսը, թե՞ ոչ:

«Համեմատենք ու տեսնենք. ԱՄՀ-ն, որ Հայաստանի համար 4.9 տոկոս է կանխատեսում, աշխարհի համար կանխատեսում է 3.3, զարգացող երկրների համար՝ 4.3 տոկոս:  Մեր աճի տեմպը կամ խզվածությունը աշխարհի հետ գնալով մեծանում է»:

4.9 տոկոսն աննախադեպ աճ համարելու հարցում  ֆինանսների նախարարի հետ «Լուսավոր Հայաստան»-ից Գուրգեն Բաղդասարյանը գուցե համաձայներ, եթե փոփոխությունները համարժեք լինեին:

«Մարդկանց սպասումները ավելին են: Եթե լիներ 2022 կամ 2023 թվականները,  միգուցե 4.9 տոկոսը բավարար լիներ: Հիմա քանի որ սպասումներն մեծ  են, մարդիկ ավելի շատ գեներացված արդյունք են ուզում տեսնել»:

Արտահանելի ճյուղերի արտահանման իրական աճը կգերազանցի ներմուծման իրական աճին: Ընթացիկ ծախսերը հաջորդ տարի  կսահմանափակվեն, բյուջեի՝ 2.6 տոկոս նախանշված  պակասուրդը     կուղղվի միայն կապիտալ ծախսերի կատարմանը

«Կապիտալ  ծախսերը  կավելանան 2.2 տոկոսով, կկազմեն  ՀՆԱ-ի 5 տոկոսը»:

Պարտքի կառուցվածքում գերակշռողը  դեռ արտաքին պարտքն է, կապիտալի շուկայի ակտիվացումը կբերի ներքին պարտքի կառավարման մեխանզիմների ներդրմանը՝ արձանագրում է  գլխավոր դրամատան ղեկավարը:

«Գնահատվում է, որ 2020-ին պետական բյուջեն  շարունակելու  է նպաստել պարտքի ու մակրոտնտեսական կայունության ձևավորմանը: Հարկաբյուջետային  քաղաքականությունը ընդլայնող է»:

Հավասարապես խրախուսել տեղական ու օտարերկրյա ներդրողներին. սա կառավարության որդեգրած քաղաքականությունն է:  Դրա մասին  այսօր խորհրդարանական ամբիոնից հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ոլորտի պատասխանատուն  ընդգծեց՝ տեղական արտադրողներին  կաջակցեն՝ չմոռանալով օտարերկրյա ընկերություններին:

Այս տարի ԿԲ-ն գնել է շուրջ  500 մլն դոլար: «Սա խոսում է  ոչ թե կապիտալի արտահոսքի, այլ ներհոսքի մասին»,- հայտարարեց  ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Միաժամանակ նկատեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները  ներմուծման ժամանակաշրջան են, ուստի բնական է, որ այս փուլում  դոլարի պահանջարկ կմեծանա:

Ներդրումներ ներգրավելու ուղղությամբ  քայլերը համարձակ չի համարում  ԲՀԿ խմբակցության անդամ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Միքայել Մելքումյանը: Նա արժեթղթերի շուկայի զարգացումը մատնանշեց:  ֆինանսական շուկայի  զարգացմանն անդրադարձավ նաև  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  «2019թվականին երեք կազմակերպություն  է բաժնետոմս թողարկել արժեթղթերի շուկայում,-   տեղեկացրեց   էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Բայց  վստահեցրեց՝   ոլորտն առաջիկայում կաշխուժանա:

«Իմ քայլ»-ից Արտակ Մանուկյանը  2020-ի բյուջեն, ընդհանուր առմամբ,  աննախադեպ է համարում:   Օրինակներից մեկը, կարծում է,  150 ծառայողական մեքենայի կրճատումն է: Նրա կարծիքով՝ 2020 թվականն այս առումով  առաջին և միակ տարին է լինելու: 2021-ին ևս այդքան մեքենա կրճատելու անհրաժեշտություն չի լինելու:  ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը նույնքան համոզված չէ:

«Նման մոտեցում չունենաք, և 2021թվականին ևս 300 մեքենա կրճատեք»:

2021-ի հունվարից  արտաբյուջեներ չեն լինելու. սա նույնպես, ըստ Մանուկյանի,  բյուջեի նախագծի առանձնահատկություններից է:   

Խորհրդարանական խմբակցությունները բյուջեի նախագծի մասին դրքորոշումներ դեռ չեն հայտնել: Դեմ դիրքորոշման մասին ավելի վաղ  հայատարարել է միայն ԲՀԿ-ն:      

Բյուջեի քննարկումը վաղը  կընդմիջվի  առնվազն չորս օրով: Այդ ընթացքում  կառավարությունը կքննարկի պատգամավորներից ստացած առաջարկությունները, հետո արդեն նախագիծը կդրվի քվեարկության: 

Back to top button