ԿարևորՄիջազգային

Իմպիչմենթ գործընթացի՞, թե՞ արդյունքի համար

Ամերիկյան պատմության մեջ երրորդ անգամ Կոնգրեսում սկսվել են հրապարակային լսումներ նախագահի իմպիչմենթի հարցով։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնությունը ցանկանում է ապացուցել ամերիկացիներին, որ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է ներքաշել Ուկրաինան ամերիկյան ներքաղաքական գործընթացների մեջ։ Թրամփի դեմ վկայություն են տալիս Պետդեպարտամենտի դիվանագետներ և Թրամփի վարչակազմի աշխատակիցներ։

Ամերիկյան Սահմանադրության համաձայն՝ նախագահը ենթակա է ինպիչմենթի պետական դավաճանության և այլ ծանր հանցանքների ու իրավախախտումների համար։ Դեմոկրատների նպատակն է ապացուցել, որ նման հանցագործություններ հանրապետական նախագահը կատարել է։

Հետաքննության նյութը Թրամփի հեռախոսազանգն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որի ընթացքում ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել վերջինի վրա՝ առաջարկելով հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու գործունեության վերաբերյալ՝ դրանով  պայմանավորելով հետագա ռազմական աջակցության տրամադրումը Կիևին։

Ուկրաինագեյթի հիմնական թեզերը. լսումներ՝ օր առաջին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացում Ներկայացուցիչների պալատում երեկ կայացած առաջին հրապարակային լսումներին Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ասել է, թե ցուցմունքներ տալու համար հրավիրել է Ուկրաինայում Ամերիկայի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի, որը  կարևոր վկա է Թրամփի կողմից լիազորությունների չարաշահելը ապացուցելու համար: Կոնգրեսականների հարցերին պատասխանել են պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորը:

Լսումների առաջին օրվա մեկնարկին դեսպան Թեյլորն արել է հայտարարություն, որը հնարավոր է շրջադարձային լինի իմպիչմենթի շուրջ այս պատմության մեջ։ Թեյլորը պատմել է, որ իր օգնականը լսել է Թրամփի զրույցը Եվրամիության դեսպան Գորդոն Սոնդլենդի հետ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հաջորդ օրը. Թրամփը հարցրել է հետաքննության մասին։ Սոնդլենդը պատասխանել է. «Ուկրաինան պատրաստ է առաջ գնալ»։ Սոնդլենդը այնուհետև պատմել է Թեյլորի օգնականին, որ Բայդենի և նրա որդու դեմ հետաքննությունը նախագահին հետաքրքրում է ավելի շատ, քան Ուկրաինայի հետ կապված ցանկացած այլ բան։

Հետախուզության հարցերով հանձնաժողովի հանրապետական անդամ Դևիդ Նունյեսը նախօրեին  դեմոկրատներին մեղադրել է նախագահ Թրամփին վարկաբեկելու փորձերի մեջ:

«Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, դեմոկրատների բեմականացրած հեռուստաշոու է», — ասել նա: Հանրապետականները պնդում են, որ լսումներում հնչող ցուցմունքներն ուրիշներից լսած լուրեր են:

Հավանակա՞ն է,  որ  գործընթացն ավարտվի իմպիչմենթով

Սենատում հանրապետականները մեծամասնություն են կազմում, և փորձագետների կանխատեումներով Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան նախաձեռնած գործընթացը Սենատի կողմից չի հաստատվի։

«Ներկա փուլում իմպիչմենթի գործընթացը մեկ նպատակ է հետապնդում՝ վնասել Թրամփի հեղինակությանը։ Սա ընտրություններին ընդառաջ հակափիար քայլ է։ Կարծում եմ՝ դեմոկրատները նույնես գիտակցում են, որ այս պահին չեն կարողանա հասնել Թրամփի իմպիչմենտին և կարևորում են գործընթացը»,- նշում է ամերիկագետ Լիանա Հովհաննիսյանը։

Նա դժվարանում է այս պահին ասել՝ Սենատում քվեարկության դեպքում դեմոկրատներին արդյոք կմիանան Հանրապետական կուսացկության ներկայացուցիչներ, փասելով՝ կան հանրապետական կոնգրեսականներ, որոնք տարբեր հարցերում չեն աջակցում Թրամփին։ Հավանականությունը քիչ է, բայց բացառել չի կարելի, նշում է նա։

Իմպիչմենթն ու Թրամփի վարկանիշը

«Հարցման արդյունքները տարբեր են, դեմոկրատներին աջակցող լրատվամիջոցների հարցումներում Թրամփի վարկանիշը շարունակում է ընկնել։ Անգամ վերջին շրջանում հանրապետականներին աջակցող «Ֆոքս նյուզ»–ը նույնպես հարցումների տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ ամերիկացիների մեծ մասը աջակցում են իմպիչմենթին։ Բացասական ազդեցությունը կլինի, բայց ընտրություններում վերընտրվելու Թրամփի շանսերն այս պահին բարձր են, ավելի բարձր, քան Բարակ Օբամայինը, երբ վերջինս գնում էր երկրորդ ժամկետի», ասում է Լիանա Հովհաննիսյանը։

Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ չի դիտել հեռարձակվող լսումները՝ դրանք համարելով խաբեություն: Իսկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Միացյալ Նահանգների նախագահը կրկնել է իր ավանդական դարձած խոսքերը՝  սա վհուկների որս է:

Back to top button