ԿարևորՀասարակություն

Գանձագողերը կոտրել են Խոսրովի արգելոցի խաչքարերը

Գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»  խաչքարերի խումբը։ Տարածքը հին բնակատեղի է եղել։ Բացի խաչքարերից կան նաև գերեզմաններ, որոնք ևս փորվել են և մարդկանց ոսկորները հանվել։ Ովքե՞ր կարող են լինել  վանդալիզմի հեղինակները և ի՞նչ է պարզաբանում արգելոցի տնօրինությունը:

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը  տեսանյութ է  հրապարակել ՝ հետևյալ գրառմամբ ՝ «Գանձագողերը ավերում են «Խոսրովի անտառ» պետարգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»–ի խաչքարերը»։

Տեսանյութում ակնհայտ երևում է ավերված խաչքարերը, փորված գերեզմանոցներն ու հանված ոսկորները։ Հայտնի չէ, թե ով է ուղարկել տեսանյութը, աղբյուրի համաձայն ՝ անհայտ էջից են ուղարկել։

Արգելոցի տնօրինությունից ճշտեցինք, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը, հետաքննություն է սկսվել։ «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը  կատարվածը վանդալիզմի է որակում. «Ինձ համար շատ անհասկանալի  բան  է սա։ Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում , ոսկորներ են հանում։ Սա վանդալիզմ է»,- ասում է Հրաչյա Հովակիմյանը։

Մանկուկ գետի հովտում է գտնվում «Մանկուք» հուշարձանախումբը (V-XVII դդ.): Մանկուկը որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև 1950-ական թվականները:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝  ավերված խաչքարերն իրենցից  թե՛ պատմական, թե՛ գեղարվեստական արժեք են ներկայացրել.

«Մինչև 13-րդ դարերի խաչքարեր են, գեղարվեստական առումով շատ բարձր են` շատ նուրբ քանդակներով։ Մի քանի խաչքարեր կան, արձանագիր են, այսինքն՝ պատմական արժեք ունեն։  Մի քանի անգամ եղել եմ Մանկուքում, այնտեղ նաև բերդ կա։ Գերեզմանոցը ևս պատմական է»,- նշում է Կարապետյանը։

Արգելոցի  Խաչաձորի տեղամասը  բավականին հեռու է և տեղանքի խորդուբորդ ու դժվար ճանապարհը թույլ չի տալիս հեշտությամբ այնտեղ հասնել։ Մեքենայի մուտքը բացառված է, մնում է միայն ձիով այնտեղ հասնելու տարբերակը։ Դա նշանակում է, որ վանդալները տեղանքին լավ ծանոթ են, ասում է Հովակիմյանը։

Չի բացառում, որ հենց տեսանյութի հեղինակն էլ բարբարոսություն արած լինի. «Այդ հատվածը գյուղատեղի է և գերեզմաններ են։ Հին գյուղատեղի է, Մանկուկը։ Մեքենաներով բացառվում է բարձրանալը, այնտեղ մենք պոստեր ունենք, հնարավոր չի  բարձրանալը։ Ինձ թվում է ովքեր արել են, իրենք էլ նկարել ուղարկել են։ Դա տարածք է, որտեղ ոչ ոք չի գնում։ Նույնիսկ մեր աշխատողները չեն գնում, որովհետև անելու բան չկա այնտեղ»։

Տնօրենը կատարվածում նաև դիտավորություն է փնտրում. «Այս շրջանում շատերին ձեռք էլ չի տալիս, որ ես Երևանից եկել եմ` իրենց չեմ թողնում մտնեն։ Յոթ տարի եկել եմ , չեմ թողնում  մտնել տարածք։ Նախկինում իրենց տան նման մտել են, ինչ ուզել արել են… որսագողություն եւ այլն։ Իրենց կոկորդի ոսկորն եմ, էլի, երևի, ամեն վատություն անում են, որ ինձ մեջտեղից հանեն, կոպիտ ասած»։

Տարածքը տեսահսկվում է։ Տեսախցիկները տեղադրվել են  պահպանվող կենդանատեսակների շարժն ուսումնասիրելու համար։ Իսկ թե տեսախցիկները ինչ են արձանագրել, եւ արձանագրե՞լ են արդյոք, պարզ կլինի ավելի ուշ.

«Այնտեղ մենք տեսախցիկներ  ունենք դրված։ Աստված տա, որ   դրանք  ինչ–որ բան ֆիքսած լինեն։ Ճանապարհներին, արահետներին տեսախցիկներ ենք դնում, որ կենդանիների շարժը նկարենք։ Ունեինք նաև արևային էներգիայով սնուցվող տեսախցիկ, բայց փաստորեն դա չի ֆիքսել»։

Տարածքում հուշարձանների տարածքային բաժնի ղեկավարությունը, ոստիկանությունը, արգելոցի պահպանությամբ զբաղվողներն այժմ աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով բացահայտել կատարվածը՝ որքան վնաս է պատճառվել և, այսպես ասած, գանձագողերի հետքերը գտնել։  Ցավալին այն է, որ Մանկուքը միակ դեպք չէ։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի  խոսքով՝ Մանկուքը բացառություն չէ, գանձագողերի հետքերն ամենուր են՝ ողջ երկրով մեկ․

«Գանձագողերն ամենուր փորում են, Մանկուքը բացառություն չէ։ Մենք ունենք մեծ թվով գանձախույզեր  ողջ հանրապետության տարածքում։ Նրանք տգետ են և չգիտեն, որ քրիստոնեական գերեզմանատներում գանձեր չեն լինում  և հանգուցյալի աճյունից բացի ուրիշ բան չեն գտնելու։  Իրենք էլ մեղք չունեն, որովհետև մենք չունենք ազգային դպրոց,  չենք դաստիարակում և  կրթում սերունդներին՝ մեր արժեքներով և հարգանք սերմանում նախնիների նկատմամբ»։

Հուշարձանագետի դիտարկմամբ` գանձախույզերը հիմնականում երիտասարդներ են, այսպես ասած ՝անկախության սերնդի ներկայացուցիչներ։ Հենց այս սերնդին կրթելու խնդիր ունենք և բացթողումի արդյունքը՝ վանդալիզմն ու ազգային արժեքների վերացումն է։

Back to top button