Քաղաքական

ԱՄՆ-ը պատին դեմ տվեց Թուրքիային. քաղաքագետ

Որն է պատճառը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը կասեցրեց սենատոր Լինսի Գրահամը: Նա օգտվեց վետոյի իր իրավունքից Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին նաեւ ինքն էր ներկա:  Էրդողանի մի այցը ԱՄՆ խառնեց բոլոր խաղաքարտերը:

Փորձագետները տարբեր կերպ են  մեկնաբանում այս զարգացումները, կարծիքները տրամագծորեն տարբերվում են, ընդհանրությունը մեկն է՝ Անկարան ինչ-որ բան է զիջելու։ Թե ինչ` կիմանանք մոտ ապագայում:

«Մենք ականատես եղանք, թե ինչպես Թրամփը, այսպես ասած, պատին դեմ տվեց Էրդողանին»,- Էրդողանի ԱՄՆ այցը պատկերավոր ներկայացրեց քաղաքագետ Լևոն  Շիրինյանը:

Սա շատ փորձագետներից տարբերվող կարծիք է, բայց ունի բացատրություն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդունված ցեղասպանությունը ճանաչող բանաձևով ստիպեց Անկարային վերանայել Ռուսաստանի հետ սկսված հարաբերություններն ու վերադառնալ  դաշնակից ԱՄՆ-ի հովանու ներքո: 

«Սա Թուրքիայի համար լուրջ պրոցես է, հիմա նա պիտի ռուսներին քցի»:

Վաշինգտոնյան այցի ընթացքում Էրդողանը քննադատել էր ամերիկացի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը՝ ասելով, որ դա «ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

Նա հույս էր հայտնել, որ  Սենատն ԱՄՆ-ին դուրս կբերի, իր ձևակերպմամբ, այս արատավոր շրջանից, որը ստեղծվել է Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի պատճառով: Նրա այս հայտարարությանը հաջորդեց Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա սենատոր  Լինդսի Գրահամի կողմից վետոյի կիրառումը։

Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել էր նաև, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ։

«Մենք կարող ենք հաղթահարել ռուսական С-400-ների և F-35-երի  շուրջ առաջացած տարաձայնությունները։ Ես նախագահին հայտնել եմ Patriot գնելու ցանկության մասին, եթե շահավետ առաջարկ ստացվի»,- ասել է Էրդողանը բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված`նոր էջ բացելու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

«Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետը հիշեցրեց, որ  ժամանակին, երբ խոսվում էր Անկարայի կողմից ռուսական C-400-ի գնման մասին, ինքը վստահեցրել է, որ այդ գործարքը չի կայանալու: 

Ուշադիր հետևել իրադարձությունների զարգացումներին ու ամենակարևորը` կայացնել պետությունը` ասում է քաղաքագետը: Տեսնենք թե Ռուսաստանի հետ Թուրքիան ինչպես կվարվի:  Եթե Անկարան համառեց` ցեղասպանության ճանաչում կտեսնենք  նաև Սենատում` ըստ Շիրինյանի:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը մինչդեռ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր սենատորը»:

«Մոդուս Վիվիենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համար սպասելի էր իրադարձությունների նման զարգացումը, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից է այնպես, ինչպես կարևոր է Անկարան Մոսկվայի համար:

«Ապագայում կտեսնենք, թե ինչ է զիջել Թուրքիան, դա կամ ռուսական զենքի ձեռքբերման հարցը կարող է լինել, կամ  սիրիական խնդիրը, կամ  ՌԴ-ից ատոմային տեխնոլոգիայի ձեռքբերումը,  կամ էլ Էրդողանը վարպետորեն ներկայացրել է, որ ՀՀ-ն անվստահելի է, քանի որ ամերիկյան հարկատուների փողերով կառուցված լաբորատորիաներում ռուսական մուտք է ապահովելու»:

Մինչ փորձագետներն ու Կանադայում ՀՀ նախկին դեսպանը փորձում են հասկանալ, թե ինչ է զիջել Թուրքիան, Ամերիկահայերը ԱՄՆ- ում բնակվող քրդերի և հույների հետ բողոքի ցույց են կազմակերպել Սպիտակ տան մերձակայքում` «Էրդողանն ահաբեկիչ է», «Մարդասպան», «Ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսներով:

Back to top button