ԿարևորՀասարակություն

Փայտի այլընտրանքը միայն աթարը չէ

Շրջակա միջավայրի նախարարությունը անտառը՝ որպես վառելափայտ օգտագործելու այլընտրանքներ է  փնտրում: Տարբերակներից մեկը վառելափայտը կենսավառելիքով փոխարինելն է: Այս նպատակով ուսումնասիրվում է Մոլդովայի հաջողված փորձը:

Հայաստանում, սակայն,  գործում են ընկերություններ, որոնք վառելիք են ստանում գյուղատնտեսական մնացորդներից: Կոտայքի մարզում, օրինակ, արտադրում են ծղոտից բրիկետներ: 

Ջեռուցման սեզոնին ընդառաջ Հայաստանի անտառները  կրկին անօրինական ծառահատումների վտանգի առաջ են: Շրջակա միջավայրի նախարարությունում գիտեն՝ մարդիկ պետք է տաքացնեն իրենց բնակարանները:

Գիտեն նաև, որ պետք է պահպանել անտառները: Անտառը՝ որպես վառելափայտ օգտագործելու  այլընտրանքներ են  փնտրում:

«Կարևոր է արդյունավետ կազմակերպել թափուկի բաշխումը: Այս պահին շուրջ հազար խորանարդ մետր թափուկ արդեն բաշխվել է:  Օրինական  հատումների արդյունքում  վաճառվում է  փայտ, այս տարի մոտ  25  հազար խորանարդ մետր է նախատեսվում, դրա 80 տոկոսն արդեն մթերված է»,-ասում է շրջակա միջավայրի փոխնախախարար Վարդան Մելիքյանը:

Մելիքյանը նշում է՝ առաջիկա օրերին կմեկնեն Մոլդովա   փորձի փոխանակման համար: Նախարարությունում ծրագրում են վառելափայտը փոխարինել կենսավառելիքով. բրիկետներ ու պելետներ կարտադրեն՝ գյուղատնտեսական մնացորդների, մասնավորապես ծղոտի հիմքի վրա:

«Ոչ միայն մարդկանց էներգետիկ կարիքները կբավարարվեն, այլ նաև աշխատատեղեր կստեղծվեն, որոշակիորեն նաև  արդյունաբերության ճյուղ կզաչգացնենք, քանի որ Հայաստանում ունենք  ներուժ ոչ միայն  բրիկետների արտադրության, այլև անհրաժեշտ սարքավորումները  տեղում արտադրելու համար: Չարենցավանում, Հրազդանում  դեռևս  գործող երբեմնի հզոր ադյունաբերական հաստատությունները հնարավորություն ունեն այդ սարքավորումներն արտադրելու»:

Կոտայքի մարզում՝ Զորավան համայնքում,  ծղոտից  բրիկետներ արտադրում են:  ԽՍՀՄ տարիներին  հայտնի անասունների բտման  ֆերմայի տարածքում արդեն երկու տարի է, որ Սուրեն Դավթյանը արտադրություն է հիմնել: 12 մլն դրամ վարկ է վերցրել ՓՄՁ  ԶԱԿ-ի  վարկային միջոցներով: Այստեղ բրիկետ արտադրում են բացառապես ծղոտից: Հումքը ձեռք է բերվում Զորավանին կից համայնքներից:   Ընկերության համահիմնադիր Սուրեն Դավթյան:

«Կառավարության որոշմամբ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը  սուբսիդավորվում է: Երբ այդ  որոշումը կայացվել է, բրիկետների արտադրություն՝ որպես  այդպիսին, չի եղել: Ուստի՝  որպես գյուղատնտեսական արտադրանք  ծղոտի վերամշակումը ընդգրկված չէ: Այժմ մեր գործունեությունը գյուղատնտեսական արտադրանքի վերմշակում է,սակայն չի սուբսիդավորվում»:

1 տոննա ծղոտից ստացվում է 1 տոննա  բրիկետ. սա՝ Սուրեն Դավթյանի մշակած  տեխնոլոգիայի կիրառման արդյունքում, արժեքը՝ 80 հազար դրամ է:  Սա նույնն է, որ մարդը մեկ խորանարդ մետրը 24 հազար դրամով չոր փայտ գնի՝ ասում  է զրուցակիցս:

«Բրիկետի ջերմատվության ցուցանիշը փայտի ցուցանիշից բավականին բարձր է: Սա պայմանավորված է նրանով, որ բրիկետների խտությունը մեծ է»:

Պատվերները շատ են՝ բրիկետներով  և տներն են տաքացնում, և ջերմոցային տնտեսությունները: Ընկերությունում ծրագրել էին նոյեմբերի 1-ից  ընդլայնել արտադրության ծավալներն, ավելացնել աշխատողների թիվը, բայց  հոկտեմբերին  դեռ չպարզված հանգամանքներում արտադարմասը այրվել է: Դավթյանը սպասում է իրավապահների բացահայտումներին. մեկ ամիս անցել է, բայց հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:  

«Ապացուցվել է, որ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումը չէ,   անփութությունն էլ չէ: Կամ դիտավորություն է, կամ քամին  կրակ է  բերել: Մոտավորապես 120 տոննա ծղոտ և9.5 տոննա պատրաստի արտադրանք է այրվել: Սարքավորումներին նույնպես մեծ վնաս է պատճառվել»: 

Եթե ժամանակին  հրդեհը մարվեր , ապա 12 մլն դրամ բիզնես վարկ ունեցող գործարարը վստահ է՝ 15 մլն դրամի կորուստ չէր ունենա:  Այդուհանդերձ, առաջիկա տասը օրերին արտադրությունը կվերականգնեն, պատվիրատուները սպասում են: «Հայաստանը ծղոտի պակաս չունի»,- ասում է Սուրեն Դավթյանը: Որոշել են՝ մարզերում նույնպես բրիկետի արտադրամասեր կհիմնեն՝ Կոտայքում, Բյուրեղավանում և Տավուշում: Իսկ ընդլայնվում են, քանի որ գիտեն՝ բրիկետի կիրառումը էկոլոգիապես մաքուր է:

Back to top button