ԿարևորՏնտեսական

Կաթի վերամշակման նոր գործարան՝ Ջուջևանում. կարտադրվի Գաուդա և Լոռի տեսակի պանիր

2020թ ապրիլ ամսին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում  շահագործման կհանձնվի  կաթի վերամշակման գործարանը, որտեղ սկզբում կարտադրվի Գաուդա և Լոռի տեսակի պանիր, հետո կընդլայնվի տեսականին: Այդ նպատակով նախատեսվել է բարձր յուղայնությամբ կաթնատու կովերի, ինչպես նաև տոհմայնի այծերի  ներմուծում և բազմացում գյուղացիական տնտեսություններում:

Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի անտառապատ տարածքում կառուցվել է կաթի վերամշակման խոշոր գործարան, որը մարզում լուծելու է սոցիալական խնդիրներ և զարգացնելու անասնապահությունը: Կաթը ընդունելու են Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածքների բնակավայրերից: Մինչև ծրագրի մեկնարկը ուսումնասիրվել և գնահատավել է կաթի արտադրաման ծավալը:

«Ըստ նախնական հաշվարկների ծրագրի իրականացման դեպքում կարող ենք  մարզից օրական նվազագույնը հավաքել 10տ-15տ կաթ: Գործարանը միայն մեկ հերթափոխով աշխատելու դեպքում հնարավորություն կունենա այդ ծավալի արտադրությամբ կաթը վերամշակելու, իսկ կաթի արտադրողականությունը բարձրացնելու դեպքում՝ կաշխատի 2 հերթափոխով»:

Տավուշում անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ կան, սակայն կաթի վերամշակման արտադրամասերն են քիչ: Մարզում կա  խոշոր կաթ վերամշակող  2 ընկերություն` Իջևանում և Դիլիջանում, որոնք մեծամասամբ մշակում են իրենց սեփական անասնապահական ֆերմաների կաթը, իսկ Նոյեմբերյանում չկա: Կաթի վերամշակման գործարանը կառուցվել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում.

«Նախագծի արժեքը 1 մլն 633 հազար եվրո է, որից մոտ 270 հազար եվրոն տրամադրում է կառավարությունը, 970 հազար եվրոն՝ Եվրամիությունը, մնացածը՝ ավելի քան  360 հազար եվրոն, մեր սեփական ներդրումներն են»:

Միայն գործարանի կառուցման համար պահանջվել է 800 հազար եվրո: Գործարանն ունենալու է կաթի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումներ, որի ձեռք բերման համար հայտարարվել էր մրցույթ: Այն վերջերս հաղթել է բուլղարական մի ընկերություն:

«Սարքավորումները հիմա նախագծման փուլում են: Պահանջվող պայմաններին համապատասխան, շահող ընկերությունը նախագծում է, արտադրում, տեղափոխում ու տեղադրում է սարքավորումները»:

Գործարանում առաջին 2 տարում կարտադրվի  Գաուդա և Լոռի պանրատեսակները: Գաուդան  բարձր յուղայնություն ունեցող կաթի վերամշակումից ստացված պանիր է, որի տեխնոլոգիայի պահպանման համար ծրագրի շրջանակներում նախատեսել են  ներկրել Ջերզի և Սիմենթալ ցեղատեսակի  հղի երինջներ: Ծրագրի մյուս բաղադրիչով կառուցվելու է 200 անասնագլխի համար անասնաբուծական ֆերմա:

«Ջերզի ցեղատեսակը ապահովում է բարձր յուղայնությամբ կաթնատվություն, որի կաթը կխառնվի տեղական կովերի կաթի հետ, իսկ Սիմենթալը՝ խոշոր քաշով մսատու և կաթնատու ցեղատեսակ է: Ուզում ենք տեսակը զարգացնենք, բազմացնենք տարածաշրջանում, որպեսզի մարդիկ ավանդական տեսակից անցնեն ավելի արդյունավետ բարձր արտադրողականությամբ տեսակների»:

Նոյեմբերյանի ու մարզի մյուս համայնքներից գրեթե 400 տնտեսություն ներգրավվելու է ծրագրում, իսկ գործարանում և անասնաբուծարանում նախնական կաշխատի 27 մարդ: Կաթը գյուղացիական տնտեսություներից նախատեսել են գնել 1լիտրը 170 դրամով: Արտադրանքը վաճառվելու է ռուսական շուկայում, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 3 տարի առաջ, այնուհետև կընդլայնեն աշխարհագրությունը ԵՄ երկրներ: Գործարանը կառուցվել է 4 հա տարածքի վրա, անտառի եզրին: «Ռադիոլուր»-ի հարցին՝ շինարարությունը սկսելու համար անտառ չի՞ հատվել, Հասմիկ Ազիբեկյանը բացասական պատասխան տվեց, նշելով՝ տարածքը բացատ է եղել և մանրամասնեց .

«Սա ծայրից-ծայր ազատ տարածք է եղել, բացատ, անտառին վնաս չենք հասցրել, բայց  բացատները, որպես արոտավայր վտանգված են մացառուտներով: Մենք թույլտվություն ունենք արոտավայրը մաքրել մացառներից ու թփերից: Երբ  հանդիպում էինք Տավուշի մարզի անասնապահների հետ, նրանք բարձրացնում են արոտավայրերի խնդիրը, որոնց մակերեսը  կրճատվում է՝ ծածկվելով  թփերով: Սա խնդիր է, որի համար պետական քաղաքականություն պետք է մշակվի, եթե ուզում ենք անասնապահությունը զարգացնել, ապա բացատները պետք է մաքրել»:

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաև տոհմային այծերի ներմուծում՝ այծի պանիր ստանալու համար:

Գյուղացիական տնտեսություններին ուժեղացնելու և մրցունակ դարձնելու համար սոցիալական ծրագիր է իրականացվում  նաև Դովեղ գյուղում, որտեղ պետք է արտադրվեն  մրգային և բուսական թեյեր: Գյուղում  տեղադրվել է մեղրի հավաքման կետ: Այս տարի հավաքել են 1տ մեղր, իսկ թեյերի արտադրութունը լիարժեք կազմակերպելու համար լուծելու են Դովեղ գյուղի խմելու ջրի անցկացման հարցը:

Ընկերությունն ունենալու է Ագաթ ապրանքանիշը, որի կազմակերպչական խնդիրները դեռ ընթացքի մեջ են: Հասմիկ Ազիբեկյանը նշում է, որ այս ծրագիրն ուղղված է մարզի բնակչության աղքատության նվազմանն ու տնտեսության համաչափ զարգացմանը: 

Back to top button