Մտքերի խաչմերուկ

Ենոքավանի օրինակը կկիրառվի Իսպանիայում

Հարևան համայնքները ինչքան շատ զարգանան, այնքան մենք կշահենք, ասում է ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը: Իր հեղինակային «Ենոքավանի հանրապետություն» հաղորդաշարի ընթացքում պատմում է, թե ինչ է պետք համայնքը զարգացնելու համար: Մյուս համայնքներից եկել են Ենոքավան ու հետաքրքրվել, թե ինչպես կարող են զիփ-լայն ունենալ կամ ձիարշավարանի օրինակը տեղայնացնել, բայց երբևէ չեն հետաքրքրվել, թե ինչպես եղավ, որ Ենոքավանում ազատ, դատարկ տուն չկա:

«Գալիս են նաև ՀՀ համայնքներից ու ասում, որ ուզում են Yell park-ի նման պարկ ստեղծեն, բայց հարցնում ենք, թե քանի տուն է ազատ… Հետո բացատրում ենք, որ եթե շատ են դատարկ տները, ապա ռիսկ կա, որ դրսից կգան, կառնեն դատարկ տներն ու համայնքը նոր բնակիչներ կունենա… Հետո հարցնում ենք, թե արդյո՞ք դա են նրանք ուզում, պատասխանում են՝ ոչ: Պետք է հասկանալ, թե ինչ ես ուզում և կարևոր բաները հաշվի առնել»,- ասում է Չիբուխյանը։

Հուշում է, որ տուրիզմը հենց այնպես չպետք է զարգացնել, պետք է հասկանալ, թե ում ենք ուզում տեսնել և ում չենք ուզում տեսնել, պետք է ֆիլտրել: Ըստ այդմ` Ենոքավան գալիս են այնպիսի զբոսաշրջիկներ, որոնց հետ նստում, խոսում են իր ընտանիքի անդամներն ու ենոքավանցիները, և նոր ու հետաքրքիր բաներ են սովորում: Տուրիզմն ինքնանպատակ չպետք է լինի։ «Ուզում եմ, որ Հայաստան գա այն զբոսաշրջիկը, որն ունի լավ կրթություն, հաջողակ է, և ինչ-որ բան է ստեղծել»,- ասում է:

Պատմում է նաեւ, որ հյուրերից մեկը Ենոքավանում զրույցներից հետո գնացել է Իսպանիա՝ Անդալուզիա, որպեսզի Ենոքավանի օրինակը տեղայնացնի։

Back to top button