Հասարակություն

Ինչպես կառավարել ընտանեկան բյուջեն. ֆինանսական կրթություն՝ դպրոցում

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանում ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը, որը մշակվել է պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

Ֆինանսների գրագետ կառավարումը միշտ եղել է բնակչության կայուն եկամուտների ապահովման հիմնական պայմանը։ Ինչպե՞ս սովորեցնել մարդկանց ճիշտ տնօրինել սեփական գումարը, խուսափել չարդարացված ծախսերից, ոչ միայն պահել, այլև բազմապատկել սեփական եկամուտներն ու խնայողությունները։

Այս հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ ֆինանսական կրթության ընթացքում։ Կառավարության հավանությանն արժանացած Հայաստանում ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը մշակվել է պետական, մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ջանքերով:

Փաստաթղթի  ամենակարևոր բաղադրիչներից է դպրոցներում ֆինանսական կրթության ներդրումը, որի նպատակն է սովորողներին զինել գիտելիքով, հմտություններով և վստահությամբ՝ գիտակցված և պատասխանատու ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

Արդյունքում, նրանք ուսումն ավարտելուց հետո կկարողանան ինքնուրույն և արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները` «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Նախաձեռնությունը Կենտրոնական բանկինն է: Առաջարկը բխում էր հանրապետությունում արված հետազոտություններից, որտեղ քաղաքացիները տարրական գիտելիք, հմտություններ չունենալով բյուջեն պլանավորելու տեսանկյունից  խնդիրներ էին ունենում և խարդախությունների զոհ կարող են դառնալ»:

Եվ իսկապես, դպրոցներում, որտեղ արդեն իսկ ներդրված է ֆինանսական կրթությունը, աշակերտները ոչ միայն պատկերացում ունեն, այլև իրենք են կազմում ընտանեկան բյուջեի, ծախսերի և խնայողությունների սխեման: Երևանի համար 78 հիմնական դպրոցի 7-րդ դասարանցի Մաքս Գրիգորյանի հետ եմ զրուցում:

«Սա ընտանեկան բյուջեի դիագրամ է:  Ներկայացնում եմ սննդի վրա ծախսվող գումարը, հագուստի, տրանսպորտ և կոմունալ ծառայությունների  ծախսերը, ինչպես նաև խնայողությունները»:

Կամիլա Պողոսյանն էլ իրենց ընտանեկան բյուջեի և ծախսերի գրաֆիկն է կազմել:

Ֆինանսական կրթության շնորհիվ դեռ դպրոցական տարիքից աշակերտները կարողանում են կողմնորոշվել նաև տարադրամի հարցում: Գիտեն, թե որ երկիր գնալիս, ինչ արտարժույթ տանել իրենց հետ:

«Վրաստան գնալիս կուսումնասիրենք  փոխանակման կետերն ու կիմանանք, թե որն է ավելի շահավետ տանել, դոլարը, դրամը, թե ռուբլին»:

Համար 78 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Ալթունյանը գոհ է դասավանդվող առարկայի արդյունքներից: Երեխաներին ոչ միայն հետաքրքրում են ֆինանսական գիտելիքները, այլև վերջիններս հաջողությամբ յուրացնում են այդ դասը:

Ֆինանսական կրթության ներդրումը դպրոցներում շատ են կարևորում նաև ծնողները: Ի վերջո՝ տարրական դասարաններ ավարտած երեխան կիմանա, թե ինչ է բյուջեն, ինչ մասերից է այն բաղկացած։ Միջին դասարաններ ավարտած աշակերտը պատկերացում կունենա, թե ինչպես կարելի է ճիշտ օգտվել ֆինանսական ծառայություններից։

Ավագ դասարանների աշակերտներին այս բոլոր թեմաները կներկայացվեն ավելի խորացված։ Իսկ շրջանավարտները կտիրապետեն անձնական բյուջեի արդյունավետ կառավարման մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությանը, որպեսզի կարողանան խնայողություններ կատարել և չբախվել խնդիրների հետ ֆինանսական հաստատությունների հետ առնչվելիս ու ֆինանսական ծառայություններից օգտվելիս։

Ցուցադրել ավելի
Back to top button