ԿարևորՀասարակություն

Բանակային պայմաններ դեռ դպրոցից. ՊՆ նոր ծրագիր է մշակում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դռնփակ քննարկում է եղել: Աշխատանքներն առնչվել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին եւ առաջարկվող նոր փոփոխություններին: Քննարկվում է մի առաջարկ, որի դեպքում փոխհատուցումներ պետք է ստանան նաեւ 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները:

Բանակում կրկնվող միջադեպերը եւ ինքնասպանությունների դեպքերը պաշտպանության նախարարությանը ստիպել են գնալ նորարարությունների: Կառույցում քննարկվում են տարբերակներ, թե ինչ ձեւով է հնարավոր հատկապես տղաների մոտ դեռ դպրոցական տարիքից համակեցության հոգեբանություն ձեւավորել: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն առայժմ բացահայտում է տարբերակներից մեկը.

«Խնդրում եմ որպես սենսացիա սա չընդունենք, սա դեռ քննարկման փուլում է: Միգուցե, արձակուրդի որոշակի ժամանակահատվածում պարտադիր կերպով փորձենք կազմակերպել հենց զորանոցային վիճակին մոտ զինվորական պարապմունքներ: Որտեղ նրանք կհասկանան հաց կիսելն ինչ է, մի քանի հոգով սահմանափակ տարածքում մնալն ինչ է, իրար հետ տնտեսություն վարելը ինչ է: Հիմա ուզում ենք հասկանալ` տարիքային որ շեմից մենք դա սկսենք»:

Բանակում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքով այս տարի արդեն հարուցվել է 9 քրեական գործ: Տարվա կտրվածքով դեպքերը նվազել են, փաստում է փոխնախարարը:

«Նույն ժամանակահատվածում մեկ կյանք փրկելը՝ անցյալ տարի 10 դեպք է եղել,  անգամ 1 կյանք փրկելը քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մենք մեր հետեւություններն անում ենք: Համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բոլոր դեպքերում որեւէ բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այսինքն՝ զինված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ապահովագրել ամբողջովին ցավոք հնարավոր չէ: Դա ես արձանագրում եմ որպես թերություն, որ դեռ շատ անելիքներ կա, որ բացառենք»:

Փոխնախարարը նշում է, որ զինծառայողների բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ պահելու համար անընդհատ աշխատանք է տարվում։ Նա նաեւ բացառում է, որ սպանությունները քողարկվեն ինքնասպանության տակ: Հիմնավորում է նրանով, որ 2014 թվականից այդ գործերով զբաղվում է քննչական կոմիտեն, ուստի պաշտպանության նախարարությունն այլեւս գործ չունի հարուցված քրեական գործերի հետ:

Փոխնախարարն այսօր Աժ-ում էր՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Աշխատանքների մի մասը դռնփակ էր, բայց ոչ վերոնշյալ խնդիրների քննարկման համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել: Նիստի մի մասը դռնփակ անցկացնելը պայմանավորված է նրանով, որ պատգամավորը գաղտնի տվյալներ է հայտնել զինված ուժերի մասին, որը կառավարությունը պետք է ուսումնասիրի:

« Փակ նիստի ընթացքում երեւան եկած հանգամանքը հիմնավորումն էր այն պնդմամբ, որ մեր առաջարկը որեւէ կերպ չի վտանգելու կայունությունը եւ շարունակականությունը: Եվ հենց այդ իմ պնդման հիմնավորումն էլ ներկայացրեցի իմ գործընկերներին` արդեն թվային արտահայտմամբ ավելի մանրամասն»:

Թանդիլյանն առաջարկում է հայրենիքի պաշտպանության ժամանակ երրորդ կարգի հաշմանդամություն ստացածներին եւս փոխհատուցում տրամադրել։ Սպայական կազմի զինծառայողների համար առաջարկում է 35.000.000 դրամ, պայմանագրային ենթասպա եւ շարքային  զինծառայողների կամ կամավորների համար` 25.000.000 դրամ, պարտադիր զինծառայության դեպքում` 15.000.000 դրամ: 

Թանդիլյանը որպես հիմնավորում ընդգծում է՝  այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները մոտ 17 մլրդ դրամ են: 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետեւաբար, սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը:

Սկզբունքորեն ոչ ՊՆ-ն, ոչ ԱԺ մեծամասնությունը դեմ չեն առաջարկվող կարգավորումներին: Պարզապես հաշվարկները ճիշտ կատարելու եւ Հիմնադրամի գործունեության չխանգարելու համար մանրամասն ուսումնասիրություններից հետո մեկ անգամ էլ կհավաքվեն աշխատանքային քննարկման, որից հետո քվեարկությամբ կորոշեն՝ նախագիծն ընդունո՞ւմ են օրակարգ, թե՞ ոչ: 

Back to top button