ԿարևորՀասարակություն

Ավտոշուկան՝ պատուհաս բնակիչների համար

«Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող Հայաստանի միակ ավտոշուկայի տարածքը գնալով ընդլայնվում է: Շուկան  ընդարձակել է իր սահմանները` ընդգրկելով հարակից փողոցները: Այն սկսվում է թանգարանի մուտքից մինչև Նուբարաշենի խճուղի և շարունակվում մինչև Էրեբունի զանգված:

Եթե նախկինում ավտոշուկան գործում էր միայն հանգստյան օրերին, ապա հիմա` ամբողջ շաբաթ, իսկ հանգստյան օրերին շարժն ավելի  է աշխուժանում:

Ուրբաթ օրվա երկրորդ կեսից արդեն այդ փողոցները վերածվում են  վաճառվող մեքենաների կայանատեղիի: Այդ ճանապարհով նույնիսկ ոտքի ճանապարհ չի լինում, էլ ուր մնաց խոսենք երթևեկության մասին: Իմ այցի ժամանակ փոքր հատվածը կարողացա անցնել երկար ժամանակում:

Թվում էր, թե այս ամենը պետք է անհանգստացնի հենց փողոցների հարևանությամբ ապրող բնակիչներին, սակայն «Ռադիոլուրին» ահազանգը միայն հեռախոսով էր: Բնակիչը նյարդայնացած դժգոհում էր ստեղծված իրավիճակից: «Թանգարանի հարևան փողոցը պատուհաս  է բնակիչների համար: Ամեն օր աշխատանքից ու դպրոցից ուշանում են, դրա արդյունքում` վիճաբանություններ ուսուցիչների եւ գործատուների հետ»,- դժգոհում էր բնակիչը ու նյարդայնացած շարունակում՝

«Վիճակը սրվում է հատկապես, երբ այդ փողոցում  շտապօգնության  մեքենայի անհրաժեշտություն է լինում»:

Դժգոհությունները փոխանցում էր այդ տարածքի բոլոր բնակիչների անունից, սակայն ինքը հրաժարվեց ներկայացնել, միայն խնդրեց ահազանգին ականջալուր լինել:

Հենց հանգստան օրերին «Ռադիոլուրը» եղավ ավտոշուկայում: Պատկերն ավելի  քան խոսուն էր։ Վաճառվող ավտոմեքենաները կայանել էին ոչ միայն վերոնշյալ փողոցներում, այլև բակերում, զուգահեռ ու հատվող փողոցներում, իսկ գլխավոր փողոցում խցանման մեջ շարված մեքենաների շարասյան վերջը չէր երևում: Իրենց հերթին խցանումներ էին առաջացնում այդ տարածքում  սուրճ, արևածաղիկ, ծխախոտ վաճառողները:

Հետաքրքիրն այն է, որ այդ ամբողջ տարածքում կանգնած էր ճանապարհային ոստիկանության մեկ մեքենա, սակայն  իրավիճակը կարգավորելու համար իրավապահի որևէ կարգավորումների չհանդիպեցի: 

Տգեղ տեսարանի մասին փորձեցինք խոսել  բնակիչների հետ, սակայն միկրոֆոն տեսնելուց միանգամից հերքեցին, որ իրավիճակն իրենց անհանգստացնում է: Հորդորում էին գտնել դժգոհող քաղաքացուն: Էս մի քանի ամիսն է, մարդիկ փող են աշխատում` ասում էին: Երկար պտտվելուց հետո  կցկտուր շշուկներից հասկացա, որ շուկայի տարածքում ապրող  բնակիչներն էլ իրենց հերթին են գումար աշխատում «սեփականաշնորհելով» և վարձակալությամբ տալով  իրենց տան դիմացի մայթերը:

Back to top button