ԿարևորՀասարակություն

Երևանի նոր ճոպանուղին երկու ուղղություն կունենա

2019-ի հունվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ մետրոյի երկու նոր կայարան է կառուցվելու։  Քաղաքապետի առաջի տեղակալ  Հայկ Սարգսյանը վերջերս տեղեկացրեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի և կամուրջի նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Ներդրողի հետ նախագծային ու դրանից բխող նախահաշվային հարցերն են քննարկվում։

Ըստ նախագծի` կամուրջը կառուցվելու է Հրազդանի կիրճում։ Երևանի վերջին հատակագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով` կայարանի նոր տեղը սխալ է ընտրված և քչերը կօգտվեն դրանից։

«Այն ավելի շատ կծառայի բիզնես կենտրոնին, քան ուղևորահոսքի թեթևացմանը»,- ասում է Մուշեղյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն,  ներդրողի հետ քննարկվում է նոր կայարանի տարածքում բիզնես կենտրոն կառուցելու հարցը։

Գուրգեն Մուշեղյանի խոսքով, Աջափնյակ թաղամասն այսօր մեկուսացված է, իսկ կայարանի ընտրված նոր տեղը չի թեթևացնելու այս տարածքի բնակիչների տրանսպորտային խնդիրը։

 «Նախանշված կայարանը չի գտնվում համայնքի կենտրոնում և իր շառավղով չի ընդգրկում Աջափնյակի բավական մեծ թվով ազգաբնակչությանը։ Կայարանը ձորում է գտնվում, կամրջի վրա։ Մարդիկ պետք է մեկ կմ քայլեն, որպեսզի հասնեն կայարանին։ Կամրջին դեմ չեմ, այն պիտի կառուցվի, որովհետև թունելներն արդեն պատրաստ են»։

Դեպի «Աջափնյակ» կայարան տանող թունելները փորվել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, նախանշված էր նաև կայարանի մուտքը։ Մնում էր միայն կառուցել Հրազդանի կիրճի վրայով անցնող կամուրջն ու անցկացնել գծերը։ Սակայն հսկայական ծախսերի պատճառով այդ նախագիծը մինչ օրս չի իրագործվել։ Գուրգեն Մուշեղյանի այն կարծիքը, որ Աջափնյակի կայարանի նախկին տարածքը լավագույնն էր, կիսում  է նաև Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Անդրանիկ Սեդոյանը։ Իսկ թե ինչու է մոտեցումը, այնուամենայնիվ,  փոխվել, պարզաբանում է։

«Խնդիրը գումարն է, մեզ համար գերնպատակը կամուրջն է։ Այժմ կա գումար կամուրջը կառուցելու համար։ Այդ  կամուրջը պետք է կառուցվի, իսկ կայարանները հետագայում կարող են և փոխվել»։

Որպես այլընտրանքային տրանսպորտային միջոց խորհրդային տարիներին դիտարկվում էր նաև ճոպանուղին։ Ըստ Գուրգեն Մուշեղյանի, ժամանակին արդյունավետ աշխատում էր դեպի Հին Նորք բարձրացող ճոպանուղին։

«Չարենցի փողոցի սկզբից այն բարձրանում էր դեպի Հին Նորք և բավականին օգնում էր մայրաքաղաքի ուղևորահոսքին»։

Խորհրդային տարիներին Երևանում նախագծվել էր ճոպանուղու մեկ այլ ուղղություն ևս. Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ Պռոշյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճոպանուղու շինարարությունն արդեն սկսվել էր, բայց դա էլ կիսատ մնաց, ինչպես բազմաթիվ նախագծեր։ Ճոպանուղին որպես մայրաքաղաքի տրանսպորտային գերբեռնվածությունը թեթևացնող այլընտրանքային միջոց  կարևորում են նաև քաղաքային նոր իշխանությունները։ Նորքի ճոպանուղու մասին դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր Երևանի գլխավոր ճարտարապետը։ Ո՞ր փուլում է այսօր  ճոպանուղու կառուցման հարցը, Անդրանիկ  Սեդոյանն ասում է․

«Բանակցություններ են ընթանում ավստրիական ընկերության հետ, քննարկվող նախագծի համաձայն ոչ թե վերականգնվելու է Նորքի հին ճոպանուղին, այլ նոր ուղղություններ են լինելու՝ Գայի արձանից դեպի Երիտասարդական մետրոյի հետնամաս, իսկ մյուսը`  հետագայում դեպի «Հաղթանակ» զբոսայգի»։

Հետաքրքրվեցինք նաև խորհրդային տարիներին մեկնարկած դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճոպանուղու նախագծի ճակատագրով։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ այդ ուղղությունն առայժմ չի քննարկվում։ Ուշադրության կենտրոնում այս պահին ճոպանուղու՝ վերը նշված երկու ուղղություններն են։

Back to top button