Հասարակություն

Համայնքների խոշորացում. 23 համայնք երեքո՞ւմ

Արդյունավետ կառավարման, ավելի շատ ներդրումներ ներգրավելու նպատակով Հայաստանում  համայնքների խոշորացման ծրագիրը  կշարունակվի: Այս անգամ նպատակահարմար է եղել  կիրառել խոշորացման ոչ թե փնջային, այլ՝ շրջանային մոդելը:

Տարածքային կառավարման ու  ենթակառուցվածքների նախարար Սուրեն  Պապիկյանի պարզաբանմամբ,   համայնքների խոշորացումը արվելու է ոչ թե քաղաքական դրդապատճառներից  ելնելով, այլ այն արվում է՝  համայնքների տնտեսական ներուժը ապահովելու համար:

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքն ունի մոտ 900 բնակիչ (870 բնակիչ), բյուջեն էլ մոտ 20 մլն (18 մլն) դրամ է: Վազաշենցիների հետ զրուցելիս առաջինը, ինչ մատնանշում են, աշխատատեղերի բացակայությունն ու սոցիալական խնդիրներն են.

«Մեզ մոտ սոցիալական վիճակը շատ վատ է: Հիմնականում ապրում ենք նպաստով ու թոշակով: Ոչ մեկը ներդրում չի անում: Սահմանամերձ ա, իսկ ջահելները արդեն գնում են»:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ընդգծում է՝ 18 մլն դրամ բյուջեով չի կարողանում ոչինչ անել համայնքի համար: Վերջապես մանկապարտեզ  ունեն, սակայն, դրա պահպանման  ծախսերն էլ չի կարողանում հոգալ:

«Փոքր համայնք ենք, սահմանի վրա,  ինձ համար շատ հարմար է խոշորացումը:  Նոր բացել ենք, այնքան եմ ես դժվարանում աշխատեցնել էդ մանկապարտեզը: Աշխատացնում եմ, սակայն կես դրույքով: Ես խոշորացման կողմնակից եմ»:

Գյուղապետն առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:

«Ես ընտրություններին չեմ  մասնակցելու: Ինձ  դա պետք չի: Մեզ անպայման կաջակցեն, բա ո՞նց, մենք սահմանամերձ ենք: Եթե անմարդկային ձևով խոշորացնեն, կտուժենք, բայց եթե մենք նոր Հայաստանում ենք ապրում, վստահ եմ, լավ կլինի»:

Սահմանամերձ մեկ այլ համայնքի՝  Ազատամուտի ղեկավար Վահագն Ալավերդյանն ընդհանուր առմամբ, համայնքների խոշորացմանը դեմ չէ, դեմ է՝ կոնկրետ շրջանային մոդելով խոշորացմանը: Ավելին, վստահեցնում է՝  իրենք միշտ էլ դեմ են եղել  շրջանային մոդելին:  Պարզաբանում է՝  փնջային  մոդելն ավելի արդյունավետ է. «Մեր մոտ սահմանապահ համայնքներ են, առանձին տրամաբանությամբ են գործում: Նրանք պետք է առանձին զարգանան: Համայնքները աշխարհագրորեն տարանջատված են։ Միջհամայնքային կապերը տարբեր փնջերում տարբեր են։ Ոչ միայն հեռավորությունն է խնդիրը, այլ կառավարման մեջ  լուրջ խնդիրներ են առաջանում: Կենտրոնն ավելի դանդաղ է արձագանքում մնացած համայնքների խնդիրներին: Օրինակ բերեմ՝ ուսուցիչը դասարանում տասը աշակերտի հետ է հեշտ աշխատում, թե՞ հիսուներկու: Բնականաբար 10,15, 20 երեխայի հետ ավելի  հեշտ է աշխատելը»: 

Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Կոտայքում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, զուգահեռաբար՝ համայնքների խոշորացում է նախատեսված: Առաջարկվում է 23 համայնքի միավորումից ձեւավորել երեքը։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  վստահեցնում է՝ մտահոգվելու առիթ չկա,  անում են ամեն ինչ, որպեսզի հանրության ձայնը  լսելի լինի:

«Տեղական հանրաքվե կազմակերպելու հնարավորություն ենք տալու: Արդեն քվեարկության արդյունքում կորոշվի՝ իրենց նախաձեռնությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Մտահոգությունները տեղին չեն, քանի որ մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հանրության ձայնը լսելի լինի: Որևէ խոշորացում կամ միավորման պրոցես չի կատարվում քաղաքական  նպատակահարմարությամբ։ Այն արվում է  համայնքների տնտեսական ներուժը ապահովելու համար»:

ՏԻՄ ընտրություններ ու միաժամանակ համայնքների խոշորացում  նախատեսված է  2020-ի գարնանը: Ազատամուտի ղեկավար Վահագն Ալավերդյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝  Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ ու Վազաշեն համայնքները տեղական հանրաքվեի են նախապատրաստվում

«Քանի որ հանրային քննարկման  ժամանակ մենք  արտահայտվել ենք, որ չորս համայնքներով միանանք, մենք հանրաքվեի նախաձեռնություն ենք ունենալու, պայքարելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ մեր համայնքները առանձին փնջով խոշորանան: Ի տարբերություն նախկին կառավարության, վստահ ենք, որ ներկա կառավարության ժամանակ մեր ձայնը լսելի է լինելու և մեր հանրաքվեի արդյունքի հետ հաշվի են նստելու»:

2015  թվականի մայիսին Հայաստանի երեք մարզերում՝ Սյունիքում, Տավուշում և Լոռիում, առաջին անգամ  համայնքների խոշորացման հանրաքվե անցկացվեց:

Back to top button