ԿարևորՀասարակություն

Նոր ԱՊՊԱ կանոններ. վթարի գրանցում 10 րոպեում

2019-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ կառավարության կողմից  հաստատված համաձայնեցված  հայտարարագրի նոր ձևը, որը  զգալիորեն պարզեցնում  ու մատչելի է դարձնում վթարի գրանցման գործընթացը։ Հայաստանի ավտոապահովագրողների  բյուրոյից  տեղեկացնում են, որ համաձայնեցված հայտարարագրով` վարորդները կարող են ինքնուրույն գրանցել ավտովթարը և երթեւեկության համար խնդիրներ չստեղծել։

ԱՊՊԱ ոլորտում կիրառվող համաձայնագրի  նոր ձևը, հուսանք՝ մեզ  կազատի անվերջ խցանումներից, որոնց հիմնական պատճառը վթարներն են ու, այսպես կոչված, «ԱՊՊԱ-ին սպասելիս» իրավիճակները։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ներկայացուցիչ  Արմինե Հակոբյանն ասում է, որ համաձայնեցված հայտարարագրով բավականին պարզեցվում ու մատչելի է դառնում վթարի գրանցումը։ Փոփոխության արդյունքում վարորդները կարող են ինքնուրույն, ոչ ավելի ոչ պակաս 10 րոպեի ընթացքում գրանցել ավտովթարն ու վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ազատելով մեզ ավելորդ խցանումներից։ Գրանցումը կարող է անել վարորդը, եթե ավտովթարը բավարարում է նշված պայմաններին.

«Ավտովթարում  ներգրավված է միայն երկու ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Ավտովթարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին։ Ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Տուժող վարորդի կողմից վնաս պատճառողից  ակնկալվող վնասի հատուցման չափը  չի գերազանցում 100 հազար դրամը»։

Նշված պայմանների առկայության դեպքում՝ վարորդի գործողությունները վթարից հետո․ նախ՝ որևէ կերպ, այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով, անհրաժեշտ է լուսանկարել կամ տեսանկարահանել վթարի ենթարկված մեքենաները։ Անհրաժեշտ է առնվազն երեք լուսանկար։ Ընդ որում, լուսանկարահանումը պետք է կատարել այնպես, որպեսզի լուսանկարներն արտացոլեն երկու ավտոմեքենաների  հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով  դրանցից յուրաքանչյուրի  ընդհանրական վնասվածքները։ Այսինքն՝ առնվազն մեկ լուսանկարում պետք է լինեն վթարված երկու ավտոմեքենաները միաժամանակ.

«Կարող են նաև տեսանյութ պատրաստել այնպես, որպեսզի վթարի վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմվի։ Այնուհետև պետք է  լրացնել  ու ստորագրել համաձայնեցված հայտարարագիրը։ Ստորագրելուց հետո վարորդներն անմիջապես ազատում են ճանապարհի երթևեկելի մասը։ Վարորդներին խնդրում ենք նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահել ավտոմեքենայում»։

Նորամուծության շնորհիվ վթարի դեպքում այլևս կարիք չկա սպասելու ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության  ներկայացուցիչների դեպքի վայր ժամանելուն ու նրանց կողմից գործողությունները ֆիքսելուն։ Վթարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում անհրաժեշտ է տեղեկացնել  այն ապահովագրական ընկերությանը, որի հեռախոսահամարը նշված է  մեղավոր վարորդի ԱՊՊԱ վկայագրի վրա։ Ապահովագրական ընկերությանը հեռախոսով տեղեկացնելուց հետո վարորդները  մեքենաներով հեռանում են դեպքի վայրից։ Այս ամենին հաջորդում է հատուցման գործընթացը։

Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը, լրացման հրահանգով, վարորդները կարող են գտնել բյուրոյի՝ appa.am կայքում։ Կառավարության նույն որոշմամբ առաջիկայում նախատեսվել է նաև  հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով / բջջային հավելվածով / լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն։

Նորամուծությունը երկու ձեռքով ողջունում է «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։ Փոփոխությունը թեթևացնելու է ոչ միայն վարորդների, այլև բոլորիս կյանքը` համոզված է «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահը։

Back to top button