ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մեկ օր էլ արջերը կարող են դուրս գալ, ազատավանդակն էլ խնդիր ունի․Կ․Մանվելյան

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին երկու օրերին ականատեսն ենք լինում ցավալի  դեպքերի, խոսքը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների անկման մասին է։ Երկու օրվա ընթացքում 3 կենգուրու և երեք մուֆլոն սատկեցին, ինչպես այգու ղեկավարությունը պարզաբանեց, երկու դեպքերն էլ  թափառող շների  ոհմակի հարձակման պատճառով են գրանցվել։ Իրադարձությունները շատ արագ զարգացան և միմյանց հաջորդող դեպքերին հետևեց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։  

Ի՞նչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում և ովքե՞ր են  պատասխանատու տեղի ունեցածի համար։ Սա անփութությա՞ն, թե՞  անհետևողականության  հետևանք էր։

«Երբ ես աշխատում էի անտեղ 80-ականներին, այն ժամանակ է եղել նման դեպք։ Դրանք գայլի պես շներ են, շատ վտանգավոր են։ Պետք էր ցանկապատ։  Բավականին մատչելի ցանկապատեր կան, մեծ գումարների հետ կապված չէ։ Պետք է նաև էլեկտրահար հովիվներով ցանկապատել, որ թե ներսի կենդանին դուրս չգա, թե դրսից կենդանի չգա ։ Դա է լուծումը։ Մոտավոր, կարծում եմ կարժենա 40-50 հազար դոլար» ,-«Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։

Նա ասել է, որ իր համար կարեւոր չէ, թե ով է տնօրենը։ Ռուբեն Խաչատրյանը՝ որպես տնօրեն, բավականին լավ փոփոխություններ է արել, բայց դրա հետ մեկտեղ էլ այգուն պետք են մասնագետներ`ասել է Կարեն Մանվելյանը` շեշտելով մեկ-երկու մասնագետը բավարար չէ:

Միմյանց հաջորդող դեպքերը կարո՞ղ են սաբոտաժ լինել, կամ, ինչպես Ռուբեն Խաչատրյանն է իր հրաժարականի դիմումում ակնարկել,  կարո՞ղ է մարդկային գործոնի միջամտություն լինել, Մանվելյանը պարզաբանել է․

«Ես չեմ կարծում, որ դա սաբոտաժ է, էտ մարդիկ գնացել են շներին սովորեցրել են, թե գնացեք հարձակվե՞ք։ Դա ծիծաղելի է։ Մենք մեր կարծիքը խնդիրների վերաբերյալ հայտնել ենք։ Մեկ օր էլ արջերը կարող են դուրս գալ, որովհետև ազատավանդակն էլ խնդիր ունի։ Ես գիտեմ, որ քաղաքապետարանը  մտադիր է կառավարման խորհուրդ ստեղծել։ Կարծում եմ` նման խորհուրդ  պետք է լինի, որքան շուտ, այնքան լավ։  Դա պետք է լինի մասնագիտական խորհուրդ՝ նեղ մասնագետներից կազմված»։

Ինչ վերաբերում է նոր տնօրենի ընտրությանը, ապա Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ տնօրենի տեղի համար մրցույթ պետք է հայտարարել , այգու զարգացման ծրագիր ներկայացնել՝ իրագործման քայլերով, այնուհետև խորհուրդը կարող է որոշել, թե ով է համապատասխանում պաշտոնին։

Back to top button