ԿարևորՄտքերի խաչմերուկ

Աթարից մինչև արևային էներգիա. տաք ձմեռ բոլորի համար

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Մոտենում է տարվա ամենացուրտ եղանակը, և սոցիալ–տնտեսական իրավիճակը մեր երկրում շատ ընտանիքների ստիպում է ապավինել բնության բարեհաճությանը՝  ձմեռը ավելի հարմարավետ ու մատչելի անցկացնելու համար։ Գազի և Էլեկտրաէներգիայի բարձր գները, ցածր եկամուտներն ու ապօրինի անտառահատումների կանխարգելման ուղղությամբ պետության քայլերը գյուղական բնակավայրերի սոցիալապես անապահով բնակչության համար լուրջ խնդիր են դարձել՝ 21–րդ դարում աթարին այլընտրանք գտնելու տեսանկյունից։ Վառելիքի խնդիրը հատկապես սուր է այն բնակավայրերի համար, որտեղ ձմեռը ձգվում է ոչ թե 3, այլ 6–7 ամիս։

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ, տնտեսագետ Կարեն Ավագյանը առաջարկում է դիվերսիֆիկացնել վառելանյութի սպառումը ազգաբնակչության համար։ «Քանի որ բոլորը չեն կարող  անցնել արևային համակարգերով ջեռուցման և արևային պանելներով էլեկտրաէներգիայի ստացման եղանակի և մնում են հին մեթոդներով իրենց ջեռուցման խնդիրը լուծելու հետ մեն–մենակ, աղքատ խավն այնուամենայնիվ փորձելու  է թանկարժեք գազի և էլեկտրաէներգիայի սպառումից  խուսափել փայտանյութ օգտագործելով։  Գյուղական բնակավայրերում, որոնք սովոր են աթարով ջեռուցման և ապավինում էին անտառին, քարածխի սպառման տարածումը կբերի խնայողության»,– նշում է տնտեսագետը։ Նա առաջարկում է  պետական մակարդակով ձեռնարկել միջոցառումներ Հայաստան քարածխի, նավթի ներմուծման համար, որպես  գազից անհամեմատ էժան և ավելի բարձր ջերմատվությամբ վառելիք։

Դիտարկելով նաև էներգակիրների ներմուծման քաղաքական ասպեկտը՝ տնտեսագետը միանգամայն հնարավոր է համարում, որ Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ տեսանկյունից անկախ երկիր։

Back to top button