ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ներառական բյուջե՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը. ԱԺ պատգամավոր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2020թ. պետական բյուջեի նախագծում կանխատեսվել է  4.9 տոկոս տնտեսական աճ: ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը սա  պահպանողական սցենար է բնորոշում:

«Ռադիոլուրի հյուրասրահում» Մանուկյանը հիշեցրել է, որ 2020թվականի հունվարին ուժ մեջ են մտնելու Հարկային օրենսգրքի փոփոխությունները:    «Անցումը համահարթ եկամտային հարկին  բացասական ազդեցություն  է թողնելու հարկային եկամուտների  վրա»-ասել է պատգամավորը, նկատել, որ հարկային եկամուտները նվազելու են նաև  2020թ. հունվարից   ուժի մեջ մտնող  ԵԱՏՄ միասնական  դրույքաչափերի կիրառման արդյունքում:

Մանուկյանի խոսքով՝  կարևոր է, թե ծախսային որ ուղղություններ են գերակա: Այս առումով ԱԺ պատգամավորը հաջորդ տարվա  բյուջեն «ներառական ու մարդկային կապիտալի պահպանմանն ուղղված» է որակում : Պարզաբանում է՝ բյուջեի ծախսային մասի աճի ավելի քան 10 տոկոսը  բաժին է ընկնում առողջապահության, կրթության ու սոցիալական ոլորտներին :

Պատգամավորի գնահատմամբ՝  հաջորդ տարվա  բյուջեն  նաև տնտեսական մոդելի փոփոխության  հնարավորություն է տալիս:  «2020թ.  ծախսային ուղղությունը միտված է արտահանման խրախուսմանը»,- կարծում  է  Արտակ Մանուկյանը:

Back to top button