ԿարևորՀասարակություն

Հրդեհը բացահայտեց հնագիտական շերտը

Խոսրովի  պետական արգելոցը յուրահատուկ տարածք է ոչ միայն կենսաբազմազանությամբ, ռելիեֆով, այլև պատմամշակութային հարստությամբ։ Արգելոցը գտնվում է Արարատի մարզում, շուրջ 900 հուշարձան կա, դրանցից 300-ից ավելին` հենց Խոսրովի արգելոցի տարածքում։ Հատկանշական է, որ  երկու տարի առաջ արգելոցի տարածքում բռնկված հրդեհը հողի տակից նոր խաչքարեր և  տապանաքարեր, այսպես ասենք, հանեց։  

Խոսրովի պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանն է պատմում. «Զիմնի կոչվող  գյուղատեղը , որտեղից սկսեց հրդեհը, այնտեղ այնքան շատ էր խոտը, բուսականությունը, հումուսը, որ հրդեհի ժամանակ այրվեց, հետո բացահայտվեց, որ դրանց տակ  պառկած խաչքարեր կան»։ 

Եվ կենսաբազմազանության այս տարածքը պարզվեց նաեւ պատմամշակութային չբացահայտված հստակ տարածք է՝ ասում է Կենսառեսուրսների պահպանման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

«Հսկա պատմամշակութային տարածքներ են, Զորաց քարերի նման, հին բնակատեղի է։  Հրդեհը, որ եղավ, տակից շատ նորություններ ի հայտ եկան։ Հուշարձանագետներին ասել ենք, որ գան տեղանքն ուսումնասիրեն»:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում  ուսումնասիրություններ են կատարել մարզային կառույցները։ Մասնավորապես,  պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական  միջավայրի պահպանության  Արարատի մարզային ծառայության  պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը նախ պատմեց տարածքի մասին.

««Զիմնի» գյուղատեղին  գտնվում է Վեդի գետի  վերին հոսանքի շրջանում, Խոսրովի պետական արգելոցի տարածքում։ Բնակատեղին  գոյություն է ունեցել մինչև 20-րդ դարի 40-ական թվականները, այնուհետև բնակիչներն իջել են դաշտավայրային բնակավայր և բնակատեղին դատարկվել է ։ Մինչև 2017 թիվը հաշվառված է եղել ընդամենը մեկ ՝12-13-րդ դարերի խաչքար, իսկ խոշոր հրդեհից հետո հայտնաբերել է ևս 10 խաչքար և երկու տապանաքար»։

Թե ինչ արժեք են ներկայացնում խաչքարերը և որ դարերին են թվագրվում, Դալլաքյանը պատասխանեց․«Հրդեհից հետո հայտնաբերված  խաչքարերը  երևի 10–րդ  դարի են, քանի որ  զարդամոտիվները պարզունակ են, միայն մեկի զարդամոտիվներն են բարդ, որը հավանաբար  12-րդ դարի խաչքար է։ Մենք կատարել ենք չափագրումներ, լուսանկարահանում և օրենքով սահմանված կարգով ներկայացրել ենք  ՊՈԱԿ, որպեսզի կատարվի հետազոտություն և   ներառվեն հուշարձանների պետական ցանկում»։

Ինչ վերաբերում է տապանաքարերին, դրանք ևս  համարվում են հուշարձան և գտնվում են պետական հոգածության ներքո։

«Խոսրովի անտառ» պահպանվող տարածքը  ստեղծվել է 330-338 թվականներին ՝ Խոսրով Բ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա: Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում: «Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։   Արգելոցում  հաշվառված  312 հուշարձաններից  29-ը վանքեր, եկեղեցիներ, մատուռներ են, իսկ 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի միջնադարյան հուշարձաններ։

Back to top button