ԿարևորՀասարակություն

Ինչպես 500 դրամը դարձնել 70 հազար. «Ռադիոլուրի» հետաքննությունը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակները շարունակում են մաքրվել դրա «կոկորդին» մնացած խառնիճաղանջ կրպակներից, որոնք, բացի իրենց ստեղծած հակահիգիենիկ վիճակից, տարիներով վտանգել են նաեւ մետրոյի անվտանգությունը։ Իսկ այս ընթացքում «Ռադիոլուրին» հայտնի են դարձել մի շարք ուշագրավ մանրամասներ «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա անցումում կրպակ-խանութների զբաղեցրած տարածքների վարձակալության եւ արտառոց պայմանների ու ենթավարձակալության կասկածելի շղթայի մասին։

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող առեւտրային տարածքները 2006-2007 թվականներից 30 տարով վարձակալվել են կոնկրետ անձանց կողմից ու տրվել վերավարձակալության հարյուրապատիկ բարձր գներով։ Ուշագրավ այս հանգամանքները «Ռադիոլուրին» հայտնի դարձան, երբ փորձում էինք պարզել՝ ո՞ւմ «թեթեւ ձեռքով» է տրվել թույլտվություն՝ մետրոյի մուտքն ու ելքն առնել առեւտրի տաղավարների «սարդոստայնի» մեջ՝ սպառնալով մայրաքաղաքի համար կարեւորագույն նշանակության փոխադրամիջոցի անվտանգությանը։  Արտակարգ իրավիճակների նախարարության գնահատմամբ՝ այստեղ ստեղծվել են հնարավոր տարհանման ու հակահրդեհային խնդիրներ, արգելափակվել են թեքահարթակները։ Խնդիրն ուսումնասիրելիս՝ «Ռադիոլուրին» հասանելի դարձան փաստաթղթեր, որոնք բացահայտեցին այս տարածքների վարձակալության եւ ենթավարձակալության կասկածելի շղթա՝ սկիզբ առած դեռ 12-13 տարի առաջ։ Մեջբերենք փաստաթղթերից.

«Արաբկիրի թաղապետարանը՝ ի դեմս թաղապետ Հովհաննես Շահինյանի, այսուհետ՝ «Վարձատու», եւ Ֆ/Ա Հակոբյան Արծրունը, այսուհետ՝ «Վարձակալ», կնքեցին սույն պայմանագիրը հետեւյալի մասին․․․ վարձակալության է հանձնվում Մ «Բարեկամություն» ստորգետնյա անցման տարածքից  մի հատված։ Զբաղեցրած տարածքի համար ամսական վարձավճարը 1քմ-ի համար կազմում է 3 հազար դրամ։

Ըստ Կադաստրի պետական կոմիտեի տարեկան գնահատումների՝ Կենտրոնից հետո անշարժ գույքի առուքվաճառքի ու վարձակալության գներն ավանդաբար ամենաբարձրն են հենց Արաբկիր համայնքում եւ տարեցտարի աճի միտում ունեն։  Ուստի որքանո՞վ է խելամիտ քաղաքի ամենաբանուկ տարածքում, ամենամարդաշատ հատվածում, տարածքների վարձակալության համար սահմանել ամսական 3 հազար դրամ, այն էլ՝ 30 տարով։ Զրուցակիցս՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աշխատակից Ապրես Հովակիմյանը, զերծ է մնում գնահատականից։ Միաժամանակ՝ մանրամասնում է՝ «Դա համայնքի ավագանու որոշումն է եղել, 1 քմ-ի դիմաց՝ 3 հազար դրամ»։

Փաստենք՝ վարձակալության պայմանագրերը կնքվել են նախկինում Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ 2006-2007 թվականներին։ Տարածքները մեծամասամբ վարձակալել ու մաս-մաս ենթավարձակալության է տվել «Բիզնես պրոգրես» կազմակերպությունը։ Արաբկիրի համայնքապետարանից բացատրեցին՝  «Վերավարձակալության հետ մենք կապ չունենք։ Ինքը կարող է հազար դրամով էլ տալ, 5 հազար դրամով էլ՝ կախված կրպակի տեղից, դիրքից»։

Բայց «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տարածքներն առավելագույնը 3 հազար դրամով վարձակալելու թեման այսքանով դեռ չի ավարտվում։ Պարզվում է՝ այստեղ առավել տարակուսելի գներ էլ են սահմանվել կրկին Արաբկիրի թաղապետարանի հետ նախկինում կնքված պայմանագրերով։  «Այստեղ 500 դրամով էլ, 700 դրամով էլ կան վարձով տրված տարածքներ։ Ներսում տոնավաճառ կա, որտեղ տարածքն ավելի մեծ ու ավելի էժան է»։

Այժմ գանք գործարքի մյուս կողմին։ 1քմ-ը ամսական 500-3000 դրամով վարձակալված տարածքները որքանո՞վ են վերավարձակալության տրվել մոտ 220 մանր ու մեծ խանութ-կրպակներին։ Սա պարզեցինք գետնանցումում փոքրիկ հարցախույզի միջոցով։

-4քմ-ի համար՝ ամսական 200 հազար դրամ։
-էս փոքր տեղի համար՝ աստիճանների վրա, 70 հազար դրամ։ Պլյուս՝ ախրաննիկ, պլյուս հարկային, սոցեր, հոսանք, եթե հաշվապահ ունեք՝ հաշվապահի գումար։
-Կես միլիոն։
— Տարբեր են։ Օրինակ՝ էսպիսի փոքր, մի տեղանոց բուտիկները հարյուր հազարից սկսվում են։
-Ներսում շաբաթը 25 հազար է, կա շաբաթը կամ 15 օրը՝ 50 հազար։ Նայած ով ոնց է պայմանավորվել։
— 600 հազար։ Սրա տերը մեզ էդ գնով է տվել։ Մի ուրիշին՝ մի ուրիշ գնով։ Նայած՝ ով ոնց։

Ամենապարզ հաշվարկներով՝ անգամ պարզ է դառնում, որ տարածքները վերավարձակալության տրվել են ընդհուպ մինչեւ հարյուրապատիկ բարձր գներով՝ չներառելով անգամ անվտանգության ապահովման ծախսը։
Այժմ վերադառնանք հարցին, թե ովքե՞ր են այս գործարքի կողմերը։ Թաղապետարանի հետ կնքված 134 պայմանագրերն ընդամենը մի քանի անձի հետ են։  Մի մասը կնքված է Արծրուն Հակոբյանի հետ։ Տարածքների հիմնական վարձակալ «Բիզնես պրոգրես» կազմակերպության տնօրենը  Սերգեյ Կարապետյանն է։ Ներսում գործող տոնավաճառի տնօրեն է գրանցված Անդրանիկ Մուրադյանը։ Սակայն «Բարեկամության» անցումի տակ մեզ հետ անանուն զրույցներում վաճառողները, նաեւ մամուլին հղումով, որպես այս բիզնեսի հետեւում կանգնած անձի ներկայացնում են Վաչագան Ղազարյանին՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին։ Երբեմն էլ անուններ չեն տալիս, պարզապես ասում են՝ «իրենք»՝ խուսափելով այլ մանրամասներից։ «Էս իրենց ֆիրմային խանութներն են։ Իրենց է պատկանում։ «Իրենք» ո՞վ են՝ չեմ կարող ասել»։

Ուշագրավ է, որ բազմաթիվ հարցեր առաջացնող այս գործարքները փաստաթղթավորված են՝ կնքված են վարձակալության օրինական պայմանագրեր։ Բայց թե որքանո՞վ են խելամիտ եւ ո՞ւմ համար էին շահեկան դրանցով սահմանված պայմանները, արդյո՞ք նույն այդ պայմանները կսահմանվեին տարածք վարձակալելու ցանկություն ունեցող այլ անձանց համար՝ հարցի ամենամութ կողմն է։

Back to top button