ԿարևորՊաշտոնական

ԵԱՏՄ-ում ՀՀ-ի նախագահության գերակայություններից է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով: Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից: Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով»:

Նա նաև խոսել է այն խնդիրների մասին, որոնք ուղղված են երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը. «Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է: «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար:

Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին: Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը: Պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը, որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ:

Այս համատեքստում, «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագրի» հաստատումը, իր հերթին, կնպաստի մրցակցության բարձրացմանը, արտահանման աճին և հզոր ազդակ կհաղորդի մեր երկրներում այդ ոլորտի զարգացմանը»:

Վարչապետն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմի ձևավորման հարցերին: «Մենք կարծում ենք, որ ռոտացիոն մեխանիզմի ընտրությունը կարող է հիմք դնել գործառույթի արդար վերաբաշխման համար՝ հիմնվելով միմյանց շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»,- ասել է Ն. Փաշինյանը:

2019 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից մեկը, նրա խոսքով, արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումն է:

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը շնորհավորել է բոլորին ազատ առևտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ: «Հաճույքով կցանկանայի նշել, որ այսօր այն կստորագրվի մեր բարեկամ Սերբիայի հետ: Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը»,-նշել է նա:

Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների իրականացման համատեքստում կարևորելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, Ն. Փաշինյանը նկատել է.  «Չնայած այն բանին, որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում, այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ,  այն առևտրի ընթացակարգերի, թափանցիկության և առևտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները»:

Եզրափակելով խոսքը, նա նաև Բելառուսի վարչապետ Սերգեյ Նիկոլայի Ռումասին մաղթել է հաջող նախագահություն Միջկառավարական խորհրդում:

Նիստի ընթացքում քննարկվել են ալկոհոլային արտադրանքի առևտրի ոլորտում ազգային կարգավորումներին, տարբեր, այդ թվում` թանկարժեք մետաղների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտի կապակցությամբ, որը լրանալու է 2020 թվականի փետրվարի 1-ին, զեկույց է ներկայացվել ԵՏՀ-ի գործունեության հիմնական արդյունքների մասին:

Նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի` հոկտեմբերի 2019 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների և ՉԺՀ-ի համատեղ հայտարարություն:

Back to top button