ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բարձրացնենք Սևանը, բայց մաքուր ջրով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ավելի վտանգավոր է Սևանա լճի մակարդակը բարձրացնել  կեղտոտ ջրերով, քան  ընդհանրապես չբարձրացնել»,- «Ռադիոլուր»- ի հյուրասրահում   ասել  է  ԳԱԱ   Սևանի պահպանության փորձագիտական  հարցերով հանձնաժողովի նախագահ  Յուրի Ջավադյանը:

Փորձագետը վստահեցրել է, որ ճահճացման վտանգ առայժմ չկա, բայց  եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն, ապա վաղ թե ուշ լիճն այդ խնդրի առջև կկանգնի: 

Նրա տեղեկացմամբ՝  առաջիկա 2 տարիներին կառավարությունը նախատեսում է 4 դոնոր-ջրամբար կառուցել, որոնցից 150 մլն խորանարդ մետր  ջուր կուղարկվի  Սևան:

«Սա կավելացնի մաքուր ջրի հոսքը Սևան ու  կկանխի լճում ջրիմուռների ավելացումը», -ասել է Յուրի Ջավադյանը:

Անդրադառնալով ամռան ամիսներին Սևանի ծաղկման խնդրին՝  մասնագետը նշել է, որ պատճառները երկուսն են՝ ջերմաստիճանի բարձրացումը և ֆոսֆորի ավելցուկը: «Առաջինը բնության ճնշումն է, երկրորդը ՝մարդկային գործունեության », -ասել է փորձագետը ու նկատել, որ Սևանի գերխնդիրը մարդկային գործունեության բացասական ազդեցությունը նվազեցնելն է:

Յուրի Ջավադյանը նաև հայտարարել է, որ  Սևանի մակարդակը պետք է մինչև 6 մետր բարձրանա: Թե  որքան կտևի այդ ընթացքը, դժվարացել է ասել: 

Back to top button