Սպորտ

Գևորգ Աֆրիկյանի նոր ռեկորդը՝ Դյուցազնագրքում

Սիրանուշ Ղազանչյան
«Ռադիոլուր»

Քսանամյա Գևորգ Աֆրիկյանն հերթական ռեկորդն է սահմանել, որը կգրանցվի հայկական «Դյուցազնագրքում»:

Այսօր Գավառում հոծ բազմության առջև հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկը 9 մ 10 սմ միանգամից երեք մեքենա քաշեց՝ 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով:

«Ռեկորդը կայացավ», — հայտարարեց «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

«Այն ինչ արեց Գևորգը, շատ առողջ մարդիկ հնարավոր է երբեք չկարողանան կատարել», — լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Սա Գևորգի առաջին ռեկորդը չէր «Դյուցազնագրքում»: Սակայն այս մեկն ուղարկվելու է նաև Գինեսի ռեկորդների հանձնաժողով:

Հայտը, սակայն Գինեսի գրքում կգրանցվի՞, թե՞, ոչ, պարզ կդառնա միայն միջազգային հանձնաժողովի քննարկումներից հետո:

«Այս վարժությունը, որ կատարվեց, աշխարհում կրկնօրինակող դեռ չի եղել: Գևորգ Աֆրիկյանն առաջինն էր, որ չորեքթաթ քաշեց երեք մեքենա», — ասաց Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտի) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:

Խոսելով իր զգացողությունների մասին՝ Գևորգն ասաց, որ ցանկացած գործի մեջ եթե դնում ես նպատակ, դժվարություններին սկսում ես այնքան էլ ուշադրություն չդարձնել:

«Ես հպարտ եմ, որ կարողանում եմ իմ քաղաքում անել մի բան, որ ամբողջ աշխարհում ոչ մեկ չի արել», — ասաց մարզիկը:

Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է ուժային եռամարտով, Աշխարի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն է և բազմաթիվ ռեկորդների հեղինակ: Առաջիկայում պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

«Անպայման մեկնելու եմ և հաղթանակով վերադառնամ», — ասաց Գևորգը, ով իր բոլոր հաղթանակները նվիրում է սահմանին կանգնած զինվորներին:

 Իսկ ընհանրապես կյանքում առաջնորդվում է մեկ կարգախոսով.  «Կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, ես կլինեմ առաջինը»։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close