ԿարևորՀասարակություն

«Պրոտոկոլից դուրս». քաղաքական PR-ի նուրբ արվեստը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ժամանակակից աշխարհում բախվում են ոչ միայն պետությունների կամ գերտերությունների շահերը: Լուրջ եւ մեծ քաղաքականության մեջ կիրառվում է «PR տեխնոլոգիաների» նուրբ արվեստը. երբեմն մեզ թվում է, որ այս կամ այն գործիչն անում է անկանխատեսելի արարք կամ հայտարարություն, սակայն իրականում այն կարող է լավ մտածված եւ մշակված քայլ լինել: 

Այսօր մեծ քաղաքականությունում վերափոխվող քաղաքական գործչի կերպարի ականատես ենք: Այս պրոցեսում, ըստ էության, գործում է պատմական օրինաչափություն, որը բացահայտելու գործում մեզ կօգնի «Spring» PR ընկերության խորհրդի նախագահ, ԵՊՀ դասախոս Նոնա Մելքոնյանը:

Նախկինում ընտրողը սովետական դպրոցում սովորած, ճիշտը սխալից տարբերող, հստակ կանոնակարգին ենթարկվող էր, եւ այդ ժամանակահատվածին համապատասխանում էին նույն տեսակի, ասենք, շատ հստակ շրջանակի մեջ ձեւավորված քաղաքական գործիչներ, որոնց ելույթները, խոսքը, վարքը նույնպիսինն էր՝ աջ-ձախ, ներում-բեկում չկա տարբերակով էր: Ովքեր են այսօրվա ընտրողները. դրանք սոցիալական ցանցերով, այսպես ասած, google-generation-ը, համացանցով, գլոբալիզացման պայմաններում մեծացած անձինք են, որոնք ժամանակ էլ չունեն շատ երկար կտրելու, ձեւելու, մտածելու, չափելու: Շատ իմպուլսիվ են, որովհետեւ իմպուլսիվ է այդ ամբողջ կոմունիկացիոն համակարգը, որում իրենք մեծացել են: Շատ խաղայնացված են, որովհետեւ իրենք մեծացել են այդ խաղերի ազդեցության ներքո: Իրենք ավելի շատ վիրտուալ աշխարհում են, քան՝ իրական: Եվ իրենք ուզում են այդ նույն խաղի հերոսներին: Իրենք ուզում են սուպերմենների, իրենք ուզում են կոմիքսի հերոսների, իրենք ուզում են ամեն ինչ հաղթահարող, շատ կարողություններով օժտված անձանց, որոնք թեպետ կարող են շատ մտացածին եւ հնարովի լինել:

Գործիչները գիտակցո՞ւմ են դա: 

Միանշանակ: Դրա համար մենք այսօր իսկապես գործ ունենք քաղաքական գործչի սրընթաց տրանսֆորմացիայի հետ: Եվ արդեն շատ ու շատ մասնագիտական աշխատություններում դուք կտեսնեք, որ քննարկվում են օրինակ՝ ֆրիկերի ներգրավումը կամ ազդեցությունը քաղաքականության մեջ: Ու եթե դուք դա զուգահեռում եք փոփ-մշակույթի հետ, դուք կտեսնեք՝ սկզբից ֆրիկերը հայտնվեցին էստրադայում, հետո ֆրիկային մշակույթը ներխուժեց քաղաքականություն:

Ինչի՞ դա կարող է բերել:

Գիտեք, հասարակությունը հոգնելու եւ հագենալու բնույթ ունի: Եվ այս ամեն մի պահանջը ցիկլիկ բնույթ ունի: Հիմա մեզ մնում է սպասել, թե երբ այս ֆրիկային փոխարկերպումների ընթացքը կգա կհասնի ինչ-որ հագեցվածության ու հասարակությունը կսկսի պահանջել ընդհակառակը:

Փոփոխությունների փուլը, որը բաժին է հասել Հայաստանին, փոքր ինչ այլ բնույթի է: Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել «թավշյա» հեղափոխության հիմնական մասնակիցներին: Մշտապես նշվել է, որ հիմնական կորիզը երիտասարդներն էին: Քաղտեխնոլոգիաների տեսանկյունից սա կարելի է հասկանալ հետեւյալն կերպ:

Մենք հիմա ունենք առաջնորդ, որը համապատասխանում է միլենիալներին եւ պատահական չէր թավշյա հեղափոխության մեջ այդքան մեծ քանակի երիտասարդների ընդգրկումը: Այդ նույն 90-ականների վերջում ծնվածներն են, որ իրականացրեցին այդ ամենը: Բայց 2000-ականների ծնվածներն են գալիս: Գալիս են նրանք, ովքեր շատ հստակ կողմնորոշվում են  համակարգչային տեխնոլոգիաների մեջ, իրենց համար համացանցը ինչ- որ նոր բացահայտած բան չէ, իրենց համար բնական կեցության միջավայր է: Իրենց համար արհեստական բանականությունը ընկալելը, հասկանալ դա ինչ է՝ նույն բանն է, ոնց որ մեզ համար բազմապատկման աղյուսակն էր ժամանակին:

Մենք կարո՞ղ ենք կանխատեսել ինչ տիպի գործիչ ապագայում կընտրեն:

Ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ նույնիսկ իմ՝ սովետական ժամանակահատվածում ծնված անհատի համար ուղղակի ֆանտազիաս չի բավարարի, բայց կարծում եմ, այո: Միլենիալներին արդեն փոխարինում է Z-generation-ը, որը շատ ավելի հստակ է, շատ ավելի նպատակասլաց է, որը շատ ավելի շոշափելի արդյունքի միտված է, այս ու այն կողմ չի ընկնում, ավելի առողջ ապրելակերպի դավանող է, ավելի կողմնորոշվող է եւ համարձակ, քան օրինակ՝ միլենիալները: Եւ այդ նույն սերունդը վաղը, մյուս օրը կբերի իր համար ավելի ցանկալի, ավելի հարմար, իր սպասումներն իրականացնող առաջնորդի: Պահանջը կլինի ավելի տեխնոկրատի: Որը կդնի հստակ նպատակ, կտա հստակ ինդիկատորներ, որ իր նպատակին հասնելու արդյունավետությունը կարողանա ստուգել եւ ապացուցել: Եւ իր կառավարման ոճն էլ կլինի նույն կերպ՝ կլինեն հանձնարարականներ ստանալ արդյունք կարճ ժամանակահատվածում՝ արդյունավետ գործիքների միջոցով:

— Գլոբալ աշխարհի համար դա լա՞վ կլինի, թե՞ վատ:

— Մենք դա առանձնապես չենք էլ հասկանում՝ գլոբալ աշխարհում սա լավն է, թե վատ, երբ տեսնում ենք, որ աշխարհի ամենահզոր պետության ֆրիկային իմիջով հանդես եկող ղեկավարը մեկ օր ասում է, որ քրդերը մեր բարեկամներն են, մյուս օրն ասում է, որ չեն օգնելու, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կտրուկ փոփոխում է իր կարծիքը: Կամ կարող է շատ լուրջ միջազգային միջոցառումից թվիթերում հրապարակում կատարի, որ ինքն այնտեղ ձանձրանում է: Մենք դեռ չգիտենք՝ սա լա՞վ է աշխարհի համար, թե՞ վատ է: Մենք դեռ փորձում ենք հասկանալ, պտուղները քաղել  այն ամեն ինչի, ինչը հիմա է տեղի ունենում: Կանխատեսել, թե ինչ կլինի հետո, իսկ հետոյի համար կարող են պահանջվել տասնյակ տարիներ, ես օրինակ անձամբ՝ կդժվարանամ:

Այս բոլոր փոփոխություններից գալիս են նաեւ «իրավիճակային» անակնկալ զարգացումները: Եվ պատահական չէ, որ երիտասարդ սերնդի գործիչների հետ մեկ վայրում հայտնված «պահպանողական» գործիչները հայտնվում են այսպես ասած «պրոտոկոլից դուրս» իրավիճակում: Վերջին շրջանում այդ իրավիճակը հաճախ է կրկնվում, երբ ասենք՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր համար անակնկալ հայտնվեց «սելֆիների» կիզակետում, կամ երբ հրապարակվեց ԵԱՏՄ առաջնորդների «ճանապարհային սելֆին» էլիտար, բայց ամեն դեպքում՝ միկրոավտոբուսից:

Անմոռաց էր նաեւ այն պահը, երբ Հայաստանում ֆրանկոֆոն երկրների ղեկավարները «շախով» պարում էին հայկական երաժշտության տակ՝ ով ինչպես կարող էր: 

— Քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական կամ փոփ մշակույթ, որովհետեւ ընտրողները, ըստ էության, զանգվածներն են:

— Այս պահին աշխարհում կան հին սերնդի եւ նոր սերնդի գործիչներ: Նրանք ստիպված են  իրար հետ հանդիպել, բանակցել, շփվել: Այդ տարբերությունը կօգնի՞ միմյանց հասկանալ, թե՞ ավելի շուտ կվանի:

— Իրականում սա ստացվում է իրար քննադատելու շատ լուրջ եւ պարարտ հող երկուսի համար էլ, որը ծառայում է երկու տեսակի գործիչների համար էլ քաղաքական գովազդի հիմք եւ հենք: Դառնում է շատ հետաքրքիր պլատֆորմ երկուստեք ինքնահաստատվելու, հերոսի եւ հակահերոսի կերպար ստեղծելու համար՝ իրենց ընտրազանգվածի աչքերում:

– Պետության շահ, ազգային շահ. որքանո՞վ է սա հաշվի առնվում իմիջային ձեւավորումների ժամանակ: Թե՞ այդ ամեն ինչը ձեւին է զոհ գնում:

— Այնքան լավ հարց եք տալիս ու այնպես մտահոգվում եմ՝ պատասխանելով այդ հարցին:  Ըստ օրենքի, կանոնի, ցանկության եւ ըստ սպասումների, իհարկե, ցանկալի է եւ պետք է, որ համապատասխանեն ընդհանուր վարվող քաղաքականությանը, դրված նպատակներին, դրված զարգացման ռազմավարությանը եւ այլն, եւ այլն: Այսինքն, երբ քաղաքական առաջնորդին ընտրում ես, պետք է ընտրես նախ եւ առաջ իր ծրագիրը: Եվ պետք է հասկանաս, թե իրենից ինչ ակնկալիքներ ունես որպես քաղաքական առաջնորդ, որը քո երկիրը ինչ-որ մի կետից տանելու է ուրիշ կետ: Բայց արդյո՞ք մենք այդպես ենք ընտրում: Այ, հենց դրանում է հարցը: Ու քանի որ կա մի զանգված, որն այդպես չի ընտրում, զուտ այն պատճառով, որ չունի ժամանակ դիտարկելու այդ ռազմավարությունը, չունի հմտություն, գիտելիք՝ բավականաչափ հասկանալու, ընկալելու եւ այլն, եւ այլն: Չունի դրական փորձ՝ ժամանակին հետեւել է քաղաքական գործընթացներին, ոչ մի բան չի կատարվել, այլեւս հիասթափված է,  որ ոչ մի բան չի կատարվում: Այս ամենը բերում է մի զավեշտալի իրականության, որ դու ավելի շատ գնահատում ես ինչ-որ երկրորդային հատկանիշներ, ոչ այդքան կարեւոր, զուտ ինքնաներկայացման տակտիկաներ: 

«Պրոտոկոլից դուրս» իրավիճակներ Հայաստան այցելած հյուրերի հետ, իհարկե, պատահել են նաեւ նախկինում: Դա պայմանավորված է եղել ոչ միայն այդ պահին պահաջվող քաղտեխնոլոգիայով, այլեւ հայերի անմիջականությամբ եւ դրանից բխող հյուրերի հետաքրքրությամբ: Դրա վկան էլ ենք եղել, բայց դա արդեն քաղաքական PR չենք դիտարկել, որովհետեւ քաղաքական տեխնոլոգիաները դեռ մեծ կիրառություն չունեին։  

Back to top button