ԿարևորՀասարակություն

Արմավիրցիներն ախտորոշման համար էլ չեն հասնի Երևան

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիր քաղաքում բացվել է բժշկական նորագույն տեխնոլոգիաներով ու ժամանակակից սարքավորումներով հագեցած «Արմմեդ» բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվելու է ամբուլատոր պոլիկլինիկական  բժշկական օգնություն 17 ուղղությամբ: Ծառայությունների մի մասն առաջին անգամ է ներդրվում Արմավիրի մարզում:

Բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ  առողջության առաջնային պահպանության լայնածավալ  հետազոտություններն  արդի պահանջներից են: Հիվանդությունների ախտորոշման համար արմավիրցիները ստիպված էին հասնել մայրաքաղաք և իրականացնել անհրաժեշտ հետազոտությունը: Նորաբաց բժշկական կենտրոնը հասանելի է դարձրել այդ ծառայությունները:

«Գինեկոլոգիայի կաբինետում տեղադրված է նոր սարքավորում, որը թույլ է տալիս ժամանակակից հետազոտման մեթոդով գնահատել արգանդի վզիկի ցանկացած հյուսվածքային փոփոխություն՝ սկսած ամենահասարակ բորբոքային փոփոխութուններից մինչև ուռուցքածին փոփոխություններ:  Կառավարման վահանակը թույլ է տալիս բազմակի անգամ  մոտեցնել տեսադաշտը, ֆիլտրել, մինչև կանաչ ֆիլտր և գնահատել փոփոխությունը»:

 «Արմմեդ»-ի հիմնադիր, բժշկական գիտությունների դոցենտ Արման Զաքարյանի ցանկությունն իր մարզի բնակիչներին առողջ տեսնելն է:

«Կենտրոնը կատարելու է ամբուլատոր-պոլիկլինիկ ծառայություն տարբեր ուղղություններով: Համարյա, բոլոր ուղղությունները նախատեսված են՝ գինեկոլոգիա, ուռոլոգիա, վիրաբուժություն, մամոլոգիա, օնկոլոգիա: Ուզում եմ բնակչությանը մենք տրամադրենք այդ ծառայությունները, մեր սոցիալական պատասխանատվությունը զգալ բնակչության նկատմամբ, պիտանի լինել իմ ազգին, իմ ժողովրդին այս ներդրման միջոցով»

Նա իրականացրել է  իր և ծնողների վաղեմի երազանքը, երբ 25 տարի առաջ մեկնել էր Սանկտ Պետերբուրգ բժշկական կրթություն ստանալու և գիտելիքները ծառայեցնելու նաև հայրենիքին: «Արմմեդ» բժշկական կենտրոնի  բացման պատիվը տրվեց ծնողներին՝ Արարատ և Ալիտա  Զաքարյաններին: 

Արման Զաքարյանն ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորեց առողջապահության ոլորտում Արման Զաքարյանի ունեցած ներդրումը, և ցանկացավ, որ նա էլ վերադառնա հայրենիք ու նվիրվի հայրենաշինության գործին:

Բացմանը ներկա էր նաև առողջապահության փոխնախարար Լևոնը Հակոբյանը:

«Մասնավոր սեկտորի ձևավորմամբ մենք հույս ենք հայտնում, որ  առողջ մրցակցության արդյունքում կձևավորվի ավելի լավ որակ, ավելի լավ ծառայություններ և Արմավիրի քաղաքի բնակիչներն իրենց բուժօգնությունը կստանան նաև այս բժշկական կենտրոնում, ավելի բարձր որակով»:

Ռադիոլոգիայի ծառայությունը բացի որովայնի խոռոչի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային  հետազոտություններից հնարավորություն է տալիս իրականացնելու բազմապրոֆիլ հետազոտություն և ախտորոշում: Իրականացվելու են նաև վիրահատություններ, որոնք չեն պահանջում երկարատև անզգայացում թմրաքնեցման միջոցով և կարճատև բնույթ ունեն:

«Այստեղ կատարվում են  վիրահատություններ տեղային անզգայացման, ցավազրկման տակ, թութքի վիրահատություն՝ առաջադիմական մեթոդով: Կատարելու ենք այն հիվանդությունները, որոնք կապված չեն հիվանդի երկարատև գտնվելու հետ»:

Կա նաև մեկ մահճակալով հետվիրահատական պալատ, որտեղ հիվանդը վիրահատությունից հետո մի քանի ժամ գտնվելու է բժշկի հսկողության ներքո և գնալու տուն:

Նորաբաց բժշկական կենտրոնում Արմավիրի թեմի հոգևորականները կատարեցին օրհնության կարգ՝ թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ:

Back to top button