ԿարևորՀասարակություն

Հայկ Մարությանը և Միխայիլ Պիատրովսկին այցելել են «Կարմիր բլուր»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին հոկտեմբերի 19-ին այցելել են «Կարմիր բլուր» հնավայր:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նրանց ներկայացրել է կատարված աշխատանքները, շրջելով տարածքում՝ ցույց է տվել նաև հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյունը:

Թանգարանի տնօրենն ասել է, որ 2 ամսից պատրաստ կլինի ուրարտական բնակավայրի տեսքով  արհեստական հնագիտական տարածքը, որը նախատեսված է երեխաների համար: Նմանատիպ տարածքներ կան նաև Շենգավիթում և Էրեբունիում:

Հայկ Մարությանն էլ նշել է, որ իրենց համար շատ կարևոր էր հնավայրը մաքրել աղբից: «Մենք ամեն ինչ կուղղենք և առաջ կշարժվենք՝ հնավայրին կյանք տալով»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել Միքայել Բադալյանին և Հայկ Մարությանին կատարված աշխատանքի համար: «Սա հին պատմություն ունեցող վայր է, իսկ հիմա էլ մեկ այլ պատմություն է կերտվում, թե ինչպես է հուշարձանը «վերածնվում»: Կարծում եմ շատ ճիշտ է երեխաների համար այստեղ տարածք առանձնացնելը, հնավայրը ցանկապատելը: Այս քայլը կարող է օրինակ լինել ամբողջ աշխարհի համար»,- նշել է Պիատրովսկին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close